«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Ծաղրանկարչությունը խզբզելու արվեստ չէ, այն լուրջ, մտածելու արվեստ է,»

«Ծաղրանկարչությունը  խզբզելու արվեստ  չէ, այն  լուրջ, մտածելու արվեստ է,»
07.11.2017 | 12:06

«Իրատեսի» զրուցակիցն է ծաղրանկարիչ ԱՐԱՅԻԿ ՕՀԱՆՅԱՆԸ՝ ԱՐԶՕՆ:

-Ծաղրանկարներ ստեղծելու համար միայն նկարել իմանալը քիչ է, հարկավոր է լինել նաև սեղմ ու սուր մտքի տեր: Քո ծաղրանկարներում դա նկատելի է:
-Առհասարակ, ստեղծագործող մարդու մտքի «աչքը» աշխարհի անցուդարձը նկատելու համար միշտ պետք է արթուն լինի, որ հետո կարողանա իր արվեստում արտահայտել նույն լույսն ու ստվերը: Որպես քաղաքական ծաղրանկարիչ ստեղծագործել սկսել եմ 1994 թվականից, ու այդ պահից սկսած այն, ինչ տեսել ու զգացել եմ, որը ծաղրանկարի, որն էլ աֆորիզմի ձևով, թղթին եմ փոխանցել: Ինչպես իմ ծաղրանկարների, այնպես էլ «Մտքերի շղթա» կոչվող աֆորիզմների շարքը բացահայտում է ծուռ կյանքի թերություններն ու անարդարությունները: Ես համոզված եմ, որ ծաղրանկարը պետք է ատամ ունենա:
-Կարծիք կա, թե ծաղրանկարը քչախոսների զենքն է, այդպե՞ս է:
-Ես քչախոս չեմ, հակառակը՝ արագախոս եմ: Արագ խոսում եմ, արագ մտածում և նույնքան արագ նկարում: Ճակատագրի բերումով իմ խաչն էլ ճշմարտությունը ներկայացնելն է: Իմ զենքը մատիտն է, որով մտքիս ու աչքիս որսածը ներկայացնում եմ ծաղրանկարով: ՈՒրեմն մատիտը հնազանդ է մտքիս: Նկարիչը միշտ պետք է բարձր պահի ինչպես իր, այնպես էլ գծի և գույնի պատիվը:
-Բառի՞ ազդեցությունն է զորեղ, թե՞ ծաղրանկարի:
-Ծաղրանկարն ավելին է ասում, քան բառը: Պատկերով ասելիքն ավելի զորեղ ու հասկանալի է դառնում: Ի տարբերություն մյուս ժանրերի, այստեղ գծերն ու գույները ավելի շեշտադրված ու գունեղ են: Այստեղ դու հնարավորություն ունես շեշտելու կյանքի, միջավայրի բոլոր այն բացթողումներն ու թերությունները, որոնք մեկ այլ ժանրով ներկայացնելիս այնքան էլ տպավորիչ չեն: Ծաղրանկարում միշտ պետք է ընդգծել անհրաժեշտը, դա երևույթի վերլուծումն ու որակավորումն է՝ լուսաբանված ճշմարիտ մտքի սրությամբ:
-Ի՞նչը կարող է քեզ համար ծաղրանկարի թեմա դառնալ:
-Հաճախ կարդացածս հոդվածի թեկուզ միայն վերնագիրը կարող է դառնալ ծաղրանկարի թեմա: Ծաղրանկարիչը պետք է ունենա մի քանի աչք ու ականջ միջավայրի աննշան ձայնն ու պատկերն ընկալելու համար, նկատի սխալն ու մի պատկերով կարողանա ներկայացնել ասելիքը: Ծաղրանկարիչը «ննջելու» իրավունք չունի:
-Ծաղրանկարով զբաղվելը համարում ես քո առաքելությու՞նը:
-Անշուշտ: Ծաղրանկարչի դերը մարդկանց հոգսերին ազնվորեն ու համարձակորեն արձագանքելն է: Ես կարծում եմ, որ ընկերոջ, հարազատի, շրջապատի հանդեպ պետք է լինել ազնիվ: Եթե քո մեջ կա անարդարի երեսին ճշմարտությունը նետելու համարձակություն, ի վերուստ քեզ տրված ծաղրանկարչի շնորհք, ապա չասել՝ քո հերն անիծած, ինչու՞ ես անարդար բան անում, ուրեմն ոչ մի առաքելություն էլ չունես: Վաղը, մյուս օրը քո երեխան չի՞ ասի` «Ա՛յ հեր, ինչու՞ չասացիր էդ թերության մասին»: Պետք է կարողանալ երեխայիդ, ընկերոջդ, ազգի աչքերին նայելու համաձակություն ու ազնվություն ունենալ, չամաչել, որ լռել ես: Ոչինչ, որ քո մասին վատ կխոսեն, անգամ կհալածեն, հետո՞ ինչ, բայց չէ՞ որ չես խուսափի խղճիդ հետ երես առ երես մնալուց: Կարևորը դա է:
ՈՒ մի բան էլ ասեմ: Ծաղրանկարչությունը, և առհասարակ նկարչությունը, ի տարբերություն երաժշտության, լռության արվեստ է, այն պետք է լուռ ստեղծել ու առանց դադարների, որպեսզի ծաղրանկարիչը չլճանա: Ծաղրանկարչությունը խզբզելու արվեստ չէ, այն լուրջ, մտածելու արվեստ է, ու այն պետք է բարձր նշաձող ունենա: Այս գիտակցումով ես իմ գործը սիրով ու պատասխանատվությամբ եմ անում:
-Իսկ քո համարձակությունն ու անկեղծությունը քեզ համար խնդիրներ չե՞ն ստեղծել:
-Նման դեպք չեմ հիշում: Ես վախենում եմ նկարներից վախեցող մարդկանցից, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել: Նրանք վախենում են իրենց հոգում ծվարած ագահությունն ու երեսպաշտությունը բացահայտող ծաղրանկարներից, թեև այդ մասին լռում են: Իմ ծաղրանկարներով փորձում եմ հասկացնել մարդկանց, որ չկորցնեն սեփական խիղճն ու դիմագիծը, չնմանվեն մանրացող մետաղադրամի: Նմանների համար ծաղրանկարը յուրահատուկ մտրակ է: Համոզված եմ, ծաղրանկարով կարելի է ինչ-որ բան շտկել: Յուրաքանչյուրիս մեջ էլ մի ծուռ գիծ կա, ու եթե յուրաքանչյուրս փորձի շտկել այն, շատ լավ կլինի: Երբ մի տարի բացվեց «Ծուռ կյանքի դուզ գիծը» խորագրով իմ անհատական ցուցահանդեսը, այցելուներից մեկը մոտեցավ ինձ, թե՝ ապրես, իմ սրտից ես խոսում, հազար խրատից զորեղ է ծաղրանկարդ: Դա ինձ համար շատ բարձր գնահատական էր: Եթե իմ ծաղրանկարը թեկուզ մի «ծուռ» մարդու էլ օգնի ուղղվելու, գոհ կլինեմ:
-Պատահե՞լ է, որ դժվարամարս ծաղրանկարը փորձես մատուցել մեկնաբանությամբ: Դրանից ծաղրանկարի ուժը չի՞ թուլանում:
-Փորձում եմ սեղմ վերնագրով ասելիքս տեղ հասցնել: Վերնագիրը նույնպես կարևոր է, մի թեթև պետք է հուշես ծաղրանկարի իմաստը, բայց այնպես, որ դրանից չտուժի ակնկալվող տպավորությունը: Ի դեպ, ծաղրանկարի ավարտից այնքան հաճույք չեմ ստանում, որքան էսքիզներից, երբ միտքս շարունակ որոնումների մեջ է: Երևակայական թռիչքն իմ ամենասիրած պահն է:
-Որպես թիրախ ո՞ր բնագավառն ես ընտրում:
-Բոլոր բնագավառներին էլ անդրադառնում եմ, որովհետև ամեն տեղ էլ ցեց կա: Ժամանակի հետ քայլող ծաղրանկարը երբեք չի ծերանա: Բայց հիմնականում անդրադառնում եմ քաղաքականությանը, քանի որ ամեն ինչ դրանից է կախված, թե երկրի, թե ժողովրդի վիճակը: Եթե ճիշտ քաղաքականություն է տարվում, երկրում ամեն ինչ իր տեղում է լինում: Բոլոր ժամանակներում կյանքի խաղը միշտ եղել է քաղաքական աստառի տակ թաքնված ու մոդայիկ դարձած «շախմատային մտածողությունը», երբ բոլորը ձգտում են միմյանց մատ անել:
Այսօր վիճակը վատ է, արդեն այն չէ, գաղափարական դադար է, նախկինը չէ, մի տեսակ լճացած վիճակ է, քաղաքական կյանքը կարծես մեռած լինի: Մյուս կողմից` ստեղծագործողի վրա ազդում է նաև սոցիալական վիճակը, չգիտես որ ուղղությամբ մտածես: Երկու ցուցահանդեսի մասնակցեցի, սակայն մի տեսակ անտարբերություն է նկատվում հանրության կողմից: Գիտե՞ս, քննադատությանը կդիմանամ, բայց անտարբերությանը՝ ոչ: Երբ բացակայում է խրախուսանքը, դու էլ ես կանգ առնում:
-Այս պահին քեզ մոտ ստեղծագործական դադա՞ր է:
-Չէի ասի, թե դադար է, բայց նախկին թափը նվազել է: Կարծես հասարակության կողմից ծաղրանկարի ու ծաղրանկարչի հանդեպ նախկին պահանջարկն այլևս չկա: Զարմանալի չէ, թերթերի տպաքանակը պակասել է, սկսվել է էլեկտրոնային կայքերի մարաթոնը: Ցուցահանդես կազմակերպելը դժվարացել է, նկարիչների միությունը չի կարող մեզ աջակցել, քանի որ ֆինանսապես ի վիճակի չէ: Կուզենայի, որ մեր թերթն ունենայինք, բայց դրա համար նույնպես միջոցներ են հարկավոր:
Սակայն ցուցահանդեսների պակասից չեմ ընկճվում: Միշտ էլ նկարելու եմ, քանի որ ծաղրանկարը մտավարժանքի հիանալի միջոց է, այն միշտ ճկուն է պահում միտքը: Հետո սիրում եմ, երբ նյութի մեջ կյանք կա, երբ ծաղրանկարն ատամ ունի, դրա համար գրիչս վայր դնելու իրավունք չունեմ: Սա իմ կյանքն է, պիտի աշխատեմ ու ապրեմ, մինչև մի օր կհարստանամ ու այդ ժամանակ կնկարեմ միայն անհոգ նկարներ: Բայց խելքս չի կտրում, թե կհարստանամ ու կփոխվեմ:
-Գիտեմ, որ զբաղվում ես հեծանվավազքով: Քեզ համար այն սպորտաձև՞ է, թե՞ ընդամենը ժամանց:
-Դա ապրելակերպ է: Հեծանիվն իմ ճանապարհի ընկերն է, որով ճանապարհորդելիս շարունակում եմ ծաղրանկարի համար թեմաներ որսալ: Հետո, երբ տուն եմ վերադառնում, հիշողությամբ թղթին եմ հանձնում տեսածս, ասելիքս: Սիրում եմ ընկերներիս հետ գիշերել բաց երկնքի տակ: 4-րդ տարին է, ինչ Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի անդամ եմ, հաճախ մասնակցում եմ արշավների, այդ ընթացքում ծանոթանում եմ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ: Դա ու ազատ սլացքը ստեղծագործ մարդու համար լավագույն խթանն են: Հետո հեծանվավազքով զբաղվելու համար պետք է խենթ ու համարձակ լինել:


Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ