Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ բացահայտ թելադրանքի ակտ է, որին Հայաստանի իշխանությունները իսկապես համաձայնել են։ Սա պետականության կազմաքանդման գործընթաց է, այլ ոչ թե բանակցություններ։
Սահմանադրության փոփոխության պարտադրանքը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Որևէ պետություն չի կարող միջամտել այլ երկրի հիմնական օրենքի ձևավորմանը, եթե այդ երկիրը դեռևս պետություն է։ Հայաստանում Ալիևն է որոշում է, թե ինչ պետք է գրվի ՀՀ սահմանադրության մեջ, մինչդեռ նիկոլն ու իր խմբակը խոսում են ինքնիշխանությունից։
Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այլևս չեն էլ փորձում թաքցնել իրենց հանձնվողական քաղաքականությունը։ Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ոչ թե փոխզիջում է, այլ բացահայտ պարտադրանքի ընդունում։ Բաքուն ձևականորեն հայտարարում է «բանակցությունների ավարտի» մասին, մինչդեռ իրականությունը մեկն է՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները։
Ամենասարսափելին այն է, որ սա վերջը չէ։ Ադրբեջանը չի էլ փորձում ձևականություն պահել ու բաց տեքստով ասում է՝ հաջորդը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Այսինքն, եթե այս իշխանությունը շարունակի ղեկավարել, մենք ոչ միայն կկորցնենք տարածքներ, ոչ միայն կհրաժարվենք մեր ազգային ինքնությունից, այլև մեր երկրի պետական հիմքերը կվերանայվեն՝ բացառապես թշնամու թելադրանքով։
Արդյո՞ք ինչ-որ մեկը դեռ կասկած ուներ, որ այս ընթացքն այլ ավարտ էր ունենալու։ Մենք նախազգուշացրել էինք, որ այս գործընթացը կանգ չի առնելու միայն «խաղաղության» անվան տակ Արցախի հանձնմամբ։ Մենք ասել էինք, որ Հայաստանի հերթն է, բայց պատասխանը նույնն էր՝ լռություն։
Այսօր լռության գինը դարձել է ազգային խայտառակությունը։ Բայց հիշե՛ք՝ թուրքի կամակատար իշխանությունները չեն կարող հավերժ մնալ։ Հայաստանը դեռ ունի պայքարելու վերջին հնարավորությունը, և սա պատմության այն շրջափուլն է, երբ անգործությունը կամ լռությունը հավասարազոր են դավաճանության։
Խաղաղությունը, որը հիմնված է նվաստացման և Ադրբեջանական կամքի պարտադրման վրա, պատերազմից չի տարբերվում։ Հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը, խաղաղություն չէ, այլ պետականության լուծարում՝ իշխանության դավադիր համաձայնությամբ, մեզ արդեն հայտնի սցենարով...
Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ կամ պայքարել իր անկախության ու գոյության համար, կամ կորցնել իր պետականությունն ու վերածվել Ադրբեջանի պրոտեկտորատի։
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ