Մեդիամաքսի հարցազրույցը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ
- Վերոնիկա՛, ի՞նչ գիտեք Ռուբենի այսօրվա վիճակի մասին: Որտե՞ղ է նա գտնվում, ինչպե՞ս եք կապ պահպանում:
- Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին: Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում: Ընդհակառակը, զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը. ինչպե՞ս էր հնչում ձայնը, հոգնածություն կար՞, արդյոք չէ՞ր փորձում ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի:
Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից: Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ: Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի «Ումբակի» բանտային համալիրն է:
Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից: Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել, եւ որ ամեն ինչ կարգին է: Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հեռանալուց հետո մենք կորցրեցինք անգամ վստահության այն նվազագույն խողովակը, որն ունեինք նախկինում: ԿԽՄԿ-ի միջոցով ընտանիքը հնարավորություն ուներ հինգ րոպեանոց տեսանյութ փոխանցել Ռուբենին, ինքն էլ՝ մեզ: Հիմա նա մեզ չի տեսնում: Մենք չենք տեսնում նրան: Նա չի տեսել, թե ինչպես է մեծանում իր թոռնիկը, որն արդեն երկու տարեկան է: Օր օրի սպասում ենք եւս մեկ թոռնիկի ծնվելուն: Ընտանիքի համար դա ուրախություն է, բայց այդ ուրախության կողքին միշտ ցավ կա. Ռուբենը մեզ հետ չէ: Նա չի կարող տեսնել, թե ինչպես են մեծանում իր զավակներն ու թոռները:
Հաճախ եմ մտածում այն մասին, թե որքան արագ «ընթացակարգեր», «լիազորություններ», «բանակցություններ» բառերի հետեւում անհետանում է մարդը: Եվ խոսքը միայն Ռուբենի մասին չէ: Խոսքը բոլոր հայ գերիների եւ նրանց ընտանիքների մասին է, որոնք արդեն գրեթե երեք տարի ապրում են հույսի եւ անհայտության արանքում: Դրան չի կարելի հարմարվել:
- Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:
- Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:
Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:
Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին: Բայց նման ուղեւորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից: Ուղեւորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո՝ անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիության պետությունը պետք է հնարավոր բոլոր դիվանագիտական եւ հումանիտար խողովակներով հասնի իր քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությանը: Սա միջազգային նորմալ պրակտիկա է, այլ ոչ թե քաղաքական պահանջ:
Հասկանում եմ, որ ցանկացած ինստիտուտ ունի լիազորություններ, ընթացակարգեր, սահմանափակումներ: Բայց լինում են իրավիճակներ, երբ միայն ձեւական պատասխանը քիչ է: Ընտանիքները ոչ միայն իրավական ձեւակերպման են սպասում: Նրանք ակնկալում են մարդկային վերաբերմունք, որ ինչ-որ մեկը կփորձի ճանապարհ գտնել եւ ջանք կգործադրել՝ օգնելու իր հայրենակիցներին: Անգամ եթե ընդունենք, որ այս կամ այն պաշտոնատար անձի մանդատը որոշակի գործողություններ չի նախատեսում, կամքի առկայության դեպքում կարելի է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու այն մեխանիզմներ գտնել:
Ինձ անհանգստացնում է ոչ միայն կոնկրետ պատասխանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս թեմային կարելի է հարմարվել։ Հարմարվել այն մտքին, որ հայրենակիցները պատանդի կարգավիճակում մնում են անազատության մեջ։ Որ ընտանիքները չեն տեսնում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին։ Որ երեխաները մեծանում են՝ առանց հարազատ մարդուն գրկելու հնարավորության։ Այդ հարմարվելը շատ վտանգավոր է. այն աննկատ փոխում է հասարակությունը։
Ես չեմ ուզում մարդու հանդեպ վերաբերմունքը չափել միայն նրա վաստակով։ Բայց չի կարելի մոռանալ՝ Ռուբենը եւ շատ մարդիկ, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում, շատ մեծ գործ են արել Հայաստանի համար։ Մեկը ծառայել է, մյուսը՝ պաշտպանել, մեկ ուրիշը երկար տարիներ աշխատել է հանուն երկրի եւ նրա ապագայի։ Ինձ թվում է՝ նրանք բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի այսօր Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց։
Ես չեմ խոսում քաղաքականության մասին։ Ես խոսում եմ մարդկային վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր անվան հետեւում կանգնած է կոնկրետ մարդու եւ նրա ընտանիքի կյանքը՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը եւ որքանով նա հայտնի է:
Ռուբենը պատմում էր, որ հայ գերիներից մեկը 75 տարեկան է, նա 17 թոռ ունի։ Ինչպե՞ս բացատրել նրանց, որ այն մարդը, ում նրանք սիրում են եւ հպարտանում են նրանով, բանտում է հայտնվել միայն նրա համար, որ հայ է, ապրել է իր պապերի հողի վրա, եւ որ իր հարազատներից բացի դա ոչ ոքի չի հետաքրքրում։
- Հայ գերիների ընտանիքները դիմել են Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչություններին՝ խնդրելով գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը։ Այսինքն՝ գտնել հումանիտար մի ուղի, որը թույլ կտար հավաստի տեղեկատվություն ստանալ եւ տեսակցություններ կազմակերպել հարազատների հետ։ Կա՞ որեւէ արձագանք։
- Առայժմ մենք չենք ստացել այնպիսի արձագանք, որից հետո ընտանիքները կարող էին ասել՝ իրական ճանապարհ է հայտնվել։ Բայց մեզ համար կարեւոր է շարունակել։ Յուրաքանչյուր նման նամակի հետեւում ոչ թե դիվանագիտական ձեւականություն է, այլ մի պարզ խնդրանք. օգնեք մեզ տեսնել մեր հարազատներին, օգնեք հասկանալ՝ ինչ է կատարվում նրանց հետ։
«Հովանավոր տերության» մեխանիզմը կարեւոր է հենց նրանով, որ այն կարող է անկախ հումանիտար խողովակ ապահովել։ Այսօր ընտանիքները ստիպված են ապավինել կարճատեւ հեռախոսազրույցների եւ կցկտուր տեղեկությունների վրա։ Դա ծանր վիճակ է։ Չգիտենք՝ որքա՞ն ամբողջական այն տեղեկատվությունը, որը ստանում ենք։ Չենք կարող ստուգել ամենակարեւորը՝ առողջությունը, պահման պայմանները, հոգեվիճակը։
Հենց այդ պատճառով էլ խոսքը սոսկ այցելության թույլտվության մասին չէ: Անհրաժեշտ է մի հստակ կարգ, որի դեպքում ընտանիքները կկարողանան մեկնել Բաքու ոչ թե որպես մասնավոր անձինք՝ դեմ առ դեմ մնալով բոլոր ռիսկերի հետ, այլ որպես անազատության մեջ գտնվողների հարազատներ՝ նախապես համաձայնեցված երաշխիքներով եւ չեզոք հումանիտար կամ դիվանագիտական մեխանիզմի ներգրավմամբ։
Ընտանիքներն անում են այն ամենն, ինչ հնարավոր է։ Մենք գրում ենք, դիմում ենք, խնդրում ենք, բացատրում ենք։ Սակայն ընտանիքի հնարավորությունները սահմանափակ են։ Միջազգային մեխանիզմները սկսում են գործել միայն այն ժամանակ, երբ դրանց թիկունքում կանգնած են պետական կամքն ու հետեւողական գործողությունները։
Շատ կցանկանայի, որ պետությունն այս հարցում տեսներ ոչ թե «անհարմար խնդիր», այլ բնական պատասխանատվություն մարդկանց եւ նրանց ընտանիքների հանդեպ։ Պետությունը միայն ինստիտուտները, փաստաթղթերն ու արձանագրությունները չեն։ Դա առաջին հերթին սեփական քաղաքացիների պաշտպանությունն է։
- Առաջիկա օրերին Երեւանը կարեւոր միջազգային հանդիպումների հարթակ է դառնալու։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք բարձրաձայնելու հայ գերիների հումանիտար հարցը ոչ թե որպես քաղաքական թեմա, այլ իբրեւ իրենց հարազատներին սպասող ընտանիքներին հուզող խնդիր։
- Այո՛, ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Բայց ինձ համար դա ոչ թե քաղաքական հնարավորություն է, այլ առիթ՝ զրույցի թեմա դարձնել կոնկրետ մարդկանց։ Երբ Երեւան են գալիս այնպիսի երկրների առաջնորդներ, ովքեր խոսում են խաղաղության, կայունության եւ վստահության մասին, կարեւոր է, որ այդ մեծ բառերի կողքին չկորչեն նրանք, ովքեր արդեն գրեթե երեք տարի բաժանված են իրենց ընտանիքներից։
Այսօր հայ գերիների ընտանիքները քաղաքական ժեստի մասին չեն խնդրում։ Մենք խնդրում ենք մեր հարազատներին տեսնելու հնարավորություն ընձեռել։ Համոզվելու, որ նրանք ողջ են, որ նրանց հետ արժանապատիվ են վարվում, որ նրանք մոռացված չեն։
Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կբարձրացնի այս հարցը առաջիկա հանդիպումների ժամանակ։ Ոչ թե մեղադրանքների տեսքով, ոչ թե հակամարտությունը սրելու համար, այլ որպես հումանիտար հարց։ Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ։
Ընտանիքի համար սպասման յուրաքանչյուր օրը վերացական ժամանակ չէ։ Դա մի օր է, երբ երեխան մեծանում է առանց հոր, կինն ապրում է առանց ամուսնու, տարեց ծնողները սպասում են զանգի, իսկ անազատության մեջ գտնվող մարդը չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ իր հարազատներին։
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, որը կարեւոր տոն է Հայաստանի համար, պետությունը ցույց կտա իր ռազմական ուժը եւ կխոսի քաղաքացիների առջեւ հաշվետվության մասին։ Այդ հաշվետվության մեջ պետք է տեղ գտնվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր այսօր գտնվում են գերության մեջ։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ծառայել են իրենց երկրին, սպաներ, մարդիկ, ովքեր անտարբեր չեն եղել Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Կարելի՞ է նման օրը խոսել միայն ուժի մասին եւ չխոսել նրանց մասին, ում այդ ուժը պետք է պաշտպանի։ Ինձ համար սա արարողակարգի հարց չէ։ Դա ինքներս մեր առջեւ ազնիվ լինելու հարց է։
Ես կցանկանայի դիմել նրանց, ովքեր մասնակցելու են առաջիկա միջազգային հանդիպումներին. խնդրում եմ, այս թեման մի՛ ընկալեք որպես մեծ քաղաքականության անհարմար «հավելված»։ Նման հարցերը ցույց են տալիս, թե որքանով ենք մենք իրականում պատրաստ խաղաղություն կառուցել ոչ միայն պետությունների, այլեւ մարդկային ճակատագրերի մակարդակով։
- Հայաստանում արդեն նախընտրական վիճակ է, եւ Ռուբեն Վարդանյանի անունը երբեմն փորձում են կապել այս կամ այն քաղաքական նախագծերի հետ։ Ձեզ համար կարեւո՞ր է այստեղ սահման անցկացնելը։
-Այո՛, այդ սահմանը պետք է անցկացնել հանգիստ, բայց շատ հստակ։ Ռուբենը քաղաքական կուսակցություններ չի ստեղծել եւ չի սատարում որեւէ քաղաքական ուժի։ Նա ինքն է այդ մասին հրապարակավ խոսել, եւ այդ դիրքորոշումը չի փոխվել։
Հասկանում եմ, որ նախընտրական շրջանում շատ անուններ քաղաքական դաշտում սկսում են ապրել իրենց սեփական կյանքով: Հենց այդ պատճառով էլ պատասխանատվություն է պետք: Անազատության մեջ գտնվող մարդը չի կարող լիարժեքորեն մասնակցել նման քննարկմանը: Չի կարող բացատրել իր դիրքորոշումը, հստակեցնել ասվածը, պաշտպանել իր անունը տարբեր մեկնաբանություններից:
Ինձ համար դա հարգանքի հարց է մի մարդու հանդեպ, ով այս պահին զրկված է ազատությունից, իր ընտանիքի հանդեպ։ Եվ հասարակության հանդեպ, որին պետք չէ մարդասիրական թեման կուսակցական պայքարով փոխարինել։
Մենք չենք սատարում որեւէ քաղաքական ուժի եւ չենք պայքարում որեւէ քաղաքական ուժի դեմ: Մենք խոսում ենք այլ բանի մասին՝ իրենց հարազատներին տեսնելու ընտանիքների իրավունքի, հումանիտար հասանելիության անհրաժեշտության եւ այն մարդկանց մասին, ովքեր գտնվում են անազատության մեջ:
- Վստահ եմ, որ շատ մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում ցանկանում են եւ պատրաստ են իրենց մասնակցությունը բերել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների վերադարձման գործին: Ի՞նչ կասեք նրանց:
- Իմ կոչը շատ պարզ է՝ հայացքը չթեքել։ Այս թեման լռության չմատնել։ Երբեմն հասարակությունը փոխվում է ոչ թե այն ժամանակ, երբ բոլորը մեծ գործեր են անում, այլ այն ժամանակ, երբ բավարար թվով մարդիկ ասում են՝ «սա նաեւ ինձ է վերաբերվում»։ Ճակատագրի վրա ազդում են ոչ միայն գործողությունները, այլեւ մեր անգործությունը:
Վերոնիկա Զոնաբենդի հետ զրուցել է Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
«Ռուբեն Վարդանյանի աջակիցներ»-ի ՖԲ էջից