ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Թան էլ չէ, բրդած մածուն

Թան էլ չէ, բրդած մածուն
15.08.2008 | 00:00

ԱՆՓԱՍՏԱՀԱՎԱՔ
Ախր, շատ օրինապաշտ ու աշխատասեր են, է՜, մեր հայրենի խորհրդարանականները, էն էլ՝ ամռան այս տժտժան շոգին, հետն էլ՝ արձակուրդում եղած ժամանակ։ Թե ո՞ւմ ցավն էր կտրել՝ վերցնել ու արտահերթ նիստ գումարել Ազգային ժողովում՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու և հարկային ոլորտին առնչվող նոր-նոր ընդունված, թանաքը դեռ վրան մի քանի օրինագիծ բարեփոխելու օրակարգով։ Հիմա կասեք՝ ի՞նչ վատ օրակարգ է, որ, հատկապես ջուր բաց թողնելու մասով։ Անխիղճ արևը վառում-թափում է հողի մշակի արդար քրտինքը, Սևանի մակարդակը, «թարսի պես», բարձրանում է, պատգամավորներն էլ, հողի ու ջրի բալանսը համադրելու անկեղծ մղումով, որոշել են մի կարճլիկ ընթացք հարամել, բառիս բուն իմաստով, իրենց թանկագին հանգիստն ու սատար կանգնել անոռոգ մնացած հայրենյաց հողին։ Ճիշտ եք, շա՜տ անմեղ ու օգտակար մղում է, միայն թե՝ սոսկ մակերեսի վրա։ Իսկ խորքում, հատկապես ջուր բաց թողնելու մասով, լող են տալիս մանրումեծ բազմաթիվ շահեր։ Ո՞նց։ Շատ պարզ։ Բանն այն է, որ Սևանի լայնքուերկայնքով մեկ թիվ ու համար չունեցող ափամերձ հանգստյան «դոմիկներ» ու անհաշիվ մասնավոր դղյակներ են կառուցվել այս մի քանի տարում, որոնցից շատերի սեփականատերերը հայտնի օլիգարխներ ու շա՜տ ձեռներեց պատգամավորներ են։ Եվ եթե Սևանի մակարդակը շարունակի նույն անխղճությամբ բարձրանալ, հաջորդ ամառ արդեն հովեկները ստիպված կլինեն ջրի տակն անցած «սուզանավ-դոմիկները» վարձակալել՝ անցնելով երկկենցաղ հանգստի էկզոտիկային, դղյակներն էլ կնմանվեն կապիտան Նեմոյի «Նաուտիլուսին»։ Հիմա պարզ է, չէ՞, թե իրականում ինչ է թաքնված ԱԺ արտահերթ նիստի արտաքնապես անմեղ օրակարգի պղտոր ջրերում։
Մինչդեռ էն խեղճ Թոմաս Համմարբերգը հորդորում էր մեր օրենսդիրներին՝ արտահերթ նիստի օրակարգ մտցնել մարտի 1-ի դեպքերը հետաքննող, միջազգային անկախ փորձագետներից կազմված փաստահավաք խումբ ձևավորելու հարցը։ Թան էլ չէ, բրդած մածուն։ Բա նույն գործի տակ մտած մեր ժամանակավոր հանձնաժողո՞վը։ ՈՒրեմն, մերոնք չեղան-չեղան, էդ փաստ հավաքողների չափ է՞լ չեղան։ Այնպես որ, միամիտ չկա։ Եվրոպացի դիվանագետները հա՜ թող փչեն, իսկ մեր քամիները, որ Սևանի եկամտաբեր ափերից են գալիս, մի կոճակի սեղմումով կքշեն-կտանեն բոլոր «ծանրացուցիչ դեպք հանցանացները»։ Հատկապես մարտի 1-ի «մասով»։

Դիտվել է՝ 7840

Մեկնաբանություններ