Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստրասբուրգում կբացվի «Հայերը եվրոպական մամուլի առաջին էջերում 100 տարի առաջ» լուսանկարչական ցուցահանդես

Ստրասբուրգում կբացվի «Հայերը եվրոպական մամուլի առաջին էջերում 100 տարի առաջ» լուսանկարչական ցուցահանդես
22.04.2015 | 11:17

Երկուշաբթի օրը Ստրասբուրգում աշխատանքները սկսեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: ԱԺ պատվիրակության ղեկավարին խնդրեցի համառոտ պատմել նստաշրջանի առաջին օրերի կարևոր իրադարձությունների մասին.

-Առաջին օրը ԵԽԽՎ նստաշրջանում, որպես կանոն, նախորդ լիագումար նիստից հետո կատարված գործընթացների հաշվետվությունն է ներկայացվում: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ներկայացրեց իր այցերը՝ Հայաստան, Թուրքիա, այլ երկրներ: Հայաստան կատարած այցը նա մինչ այդ էլ բարձր էր գնահատել՝ կարևորելով երկրում կատարվող բարեփոխումների ընթացքը և արդյունքները, հատկապես դատաիրավական ոլորտի, ոստիկանության բարեփոխումները, Սահմանադրության բարեփոխումների ուղղությամբ Վենետիկի հանձնաժողովի հետ բարձր մակարդակի մասնագիտական համագործակցությունը և այլն, թեև այդ ոլորտներում լուծումներ պահանջող բավականին խնդիրներ կան: ԵԽԽՎ Բյուրոյի զեկույցի վերաբերյալ ՀՀ պատվիրակության անունից ևս մեկ անգամ բարձրաձայնեցինք Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության, սահմանային բազմաթիվ միջադեպերի, օրեցօր ավելացող զոհերի մասին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում իրավիճակի սրումը ադրբեջանցիների համար նաև միջոց և հնարավորություն է՝ ներկայացնելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցային գործընթացը անբավարար է և ի զորու չէ կոնֆլիկտը կարգավորել, ուստի անհրաժեշտություն կա, որ ԵԽԽՎ-ն միջամտի, որի համար անընդհատ նախաձեռնում են նորանոր քայլեր՝ նոր զեկույցների նախագծեր, հայտարարություններ, փորձեր են կատարվում անընդհատ նոր` անգամ ԵԽԽՎ-ի մանդատի հետ որևէ առնչություն չունեցող ժամանակավոր կամ ենթաձևաչափեր ստեղծել: Այս բոլոր քայլերն ունեն մեկ գլոբալ նպատակ՝ Մինսկի խմբի իրենց համար արդեն պարզ, տեսանելի, անբարենպաստ ձևաչափից դուրս սպրդել և փորձել գործընթացները տեղափոխել այլ դաշտ, որը քաղաքականացված է, առավել հարմարեցված քարոզչական-դեմագոգիկ դրսևորումներին ու ավելի ենթակա կոռուպցիոն ազդեցության: Նաև, ի տարբերություն այլ միջազգային կազմակերպությունների՝ ներկայացված է թուրք-ադրբեջանական սատելիտային բավականին մեծ ներկայությամբ, որը հնարավորություն է տալիս զգալի առավելություն ստեղծել և առավել հաջողությամբ կատարել իրենց պատվերները: Հատկապես հիմա, երբ Թուրքիան սկսում է դառնալ ԵԽԽՎ գլխավոր «մեցենատը»:
Լիագումար նիստի առաջին երկու օրերին պատվիրակության բոլոր անդամները, անկախ քաղաքական և կուսակցական պատկանելությունից՝ ակտիվ և համախմբված են հանդես եկել և մասնակցել են աշխատանքներին (ընդհանրապես դրսում դեպքերի ճնշող մեծամասնությամբ՝ աշխատանքը համախմբված է լինում, տարակարծությունները հայրենիք վերադարձից հետո են ի հայտ գալիս, երբ կուսակցական, քաղաքական խնդիրներն են նորից գերակայում), իրենց ելույթներում արծարծելով Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության 100-ամյակի և այլ հարցեր: Ինչպես առաջին օրը՝ ազատ բանավեճի ժամին, այնպես էլ երկրորդ օրը, հատկապես «Islamik state» կոչվող ահաբեկչական խմբավորման գործունեության մարդասիրական հետևանքները զեկույցի քննարկման ժամանակ, որը պատրաստել էր ֆրանսիացի պատվիրակ Ժան-Մարի Բոկելը: Զեկույցին զուգահեռ ընթանում էր աշխատանքը ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ գրավոր հայտարարության ստորագրահավաքի ուղղությամբ, որն արդեն ստորագրել են ԵԽ անդամ 48 երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներ, պատվիրակները դեռևս շարունակում են միանալ հայտարարությանը, նույնիսկ նրանք, որ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում վեհաժողովի լիագումար նիստին, ուղարկում են իրենց ստորագրած փաստաթուղթը: Կարծում եմ՝ ամբողջականացված փաստաթուղթն արդեն հնարավոր է հանձնել վեհաժողովի քարտուղարությանը:
Այսօր նաև «Հայերը եվրոպական մամուլի առաջին էջերում 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացումն է տեղի ունենալու, որը ներկայացնում է եվրոպական առաջատար թերթերի ու ամսագրերի իլյուստրացիաները՝ արված 20-րդ դարի սկզբին: Այդ ցուցադրության նյութերը տրամադրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
Իբրև ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ հանդիպեցի նաև ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ՝ քննարկումների առանցքում էին նրա Հայաստան կատարած այցը և ընթացիկ խնդիրները:
Տեղեկացնեմ նաև, որ մեր պատվիրակությունը հանդիպեց մոնիթորինգի հանձնաժողովի անդամ բրիտանացի Ալան Միլի հետ: Վերջին շրջանում պատվիրակության և համազեկուցողների միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ լիագումար նիստերի ժամանակ հանդիպումներ են անցկացվում և քննարկվում մոնիթորինգային պարտավորություններին առնչվող հարցեր, և սա արդեն դարձել է կանոն, պարտադիր հանդիպումներ ենք ունենում ու կարողանում ենք քննարկել ընթացիկ վիճակը, հարցերը, ոչ թե սպասել՝ համանախագահների հաջորդ այցին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման և ԵԽԽՎ հայտարարության վերաբերյալ տեղեկությունները՝ հաջորդիվ:

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ