Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ո՞վ կարող է լինել Թրամփի աշխատակազմում

Ո՞վ կարող է լինել Թրամփի աշխատակազմում
13.11.2016 | 11:33

Դոնալդ Թրամփը չունի քաղաքական հայտնի թիմ, այդ պատճառով վերլուծաբանները գուշակում են՝ ով կլինի նրա կառավարությունում: Վաշինգտոնում քննարկումների ու կանխատեսումների նոր թեման է՝ ո՞ւմ է Թրամփն իր հետ տանելու: Որպես կանոն՝ նախագահի յուրաքանչյուր թեկնածու ունի իր թիմը և քաղաքագետներն ու լրագրողները քիչ թե շատ պատկերացում ունեն նախագահի նոր աշխատակազմի մասին: Թրամփը թիմ չունի, բայց որոշակի ակնարկներ կան, թե ով կսկսի ղեկավարել ԱՄՆ-ը: Ընտրվելուց հետո իր ելույթում Թրամփը գովեստներ շռայլեց իր որոշ հավատարիմ կողմնակիցների, նրանց էլ համարում են ապագա նախարարներ:


Պետքարտուղար՝ Նյուտ Գինգրիչ և Բոբ Կորկեր
Նյուտ Գինգրիչը քաղաքական մարտերում թրծված հանրապետական է: 1994-ին նա եղել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ և հաղթական մարտավարության հեղինակ, որը թույլ է տվել դեմոկրատներից վերցնել պալատի վերահսկողությունը: 2011-ին նա փորձել է դառնալ հանրապետականների նախագահի թեկնածու, բայց ձախողվել է պրայմերիզներում: Վերջերս նա մեղադրեց «Ֆոքս նյուզի» լրագրող Մեգին Քելիին, որ Թրամփին հարցրել էր կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին, թե նա «խելքը գցել է սեքսի վրա»:
Պետքարտուղարի թեկնածու է համարվում նաև Բոբ Կորկերը:


Արդարադատության նախարար՝ Ռուդոլֆ Ջուլիանի
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից է և հասարակական բարձր վարկանիշ ունի: Ջուլիանին Նյու Յորքի քաղաքապետն էր 2001-ի սեպտեմբերի 11-ին: Այդ ժամանակից նա հիշվեց իբրև աղետի դեմ հանդիման նյույորքցիների աննկունության խորհրդանիշ: Բայց նա նաև պատասխանատվություն է կրում, որ թույլ տվեց ոստիկաններին փողոցում կանգնեցնել ու խուզարկել իրենց կասկածելի թվացող մարդկանց: Դա կոչվեց՝ «կանգնեցրու ու խուզարկիր»: Թրամփին դա դուր էր գալիս, իսկ քննադատները որակում էին ռասիզմ: Նա ևս առանց հաջողության փորձել է դառնալ հանրապետականների նախագահի թեկնածու 2008-ին:


Նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Ռայնս Պրիբուս
Երիտասարդ թվացող Ռայնս Պրիբուսը 44 տարեկան է: Իբրև Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ՝ նա պատասխանատու էր կամուրջներ կառուցելու համար հանրապետականների քաղաքական էլիտայի և Թրամփի միջև, ում պահվածքից կուսակցության շատ անդամներ բացահայտորեն ամաչում էին: Նա ևս մեկ մեծ պլյուս ունի՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Պոլ Ռայանի մոտ ընկերն է, որ կարող է էականորեն թեթևացնել Կոնգրեսում Սպիտակ տան նախաձեռնությունների ընդունումը:


Պաշտպանության նախարար՝ Ջեֆ Սեշենս
Հաղթանակից հետո ելույթում Թրամփն ասաց, որ Սեշենսին «շատ են հարգում Վաշինգտոնում, որովհետև նրանից ավելի խելոք չեն լինում»: 2003-ին Սեշենսը ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը, որ ընտրված նախագահը վերջերս որակեց «սարսափելի և հիմար քայլ»: Հիմա Ջեֆ Սեշենսը Սենատի զինված ուժերի, դատական համակարգի և բյուջետային հանձնաժողովների անդամ է:


Ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Մայքլ Ֆլին
Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինն օգնեց Թրամփին հարաբերություններ հաստատել վետերանների հետ: 2012-2014-ին նա պաշտպանության նախարարության հետախուզության վարչության տնօրենն էր և իր պնդումով՝ ստիպված է եղել պաշտոնաթող լինել արմատական իսլամի վերաբերյալ իր հայացքների պատճառով: Ընտրարշավի ժամանակ նա ակտիվորեն քննադատում էր «Իսլամական պետության» դեմ Օբամայի վարչակազմի քաղաքականությունը: 2015-ին Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը եղել է Մոսկվայում՝ RT հեռուստաալիքի տարեդարձի առիթով և տոնական սեղանի շուրջ նստել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: RT-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է միասին աշխատեն, որ լուծեն Սիրիայում քաղաքացիական պատերազմի հարցը և հաղթեն «Իսլամական պետությանը»: Ֆլինը հայտարարել է, որ 2003-ին նախագահ Բուշի Իրաքի դեմ սկսած պատերազմը սխալ էր և հետևանքը դարձավ այդ երկրում ԻՊ-ի ձևավորումը:


Ֆինանսների նախարար՝ Սթիվեն Մնուչին
Թրամփն ինքն է Սթիվեն Մնուչինին անվանել ֆինանսների նախարարի թեկնածու: Միևնույն ժամանակ կասկածներ կան, որ ԱՄՆ նոր նախագահի ընտրողները հիացմունքով կընդունեն ֆինանսների ու վարկերի հանձնումը ՈՒոլ Սթրիթը մարմնավորող մեկին: Մնուչինը 17 տարի աշխատել է Goldman Sachs ներդրումային բանկում, որից հետո զբաղվել է ֆիլմերի պրոդյուսերությամբ: Նրա անկասկած հաջողությունների մեկը «Իքս մարդիկ» էին: Այս պաշտոնին է հավակնում և Ջեյմի Դայմոնը՝ JP Morgan բանկի տնօրենը: Դայմոնին արված առաջարկի մասին հիշատակել է Թրամփի օգնականներից մեկը: Ճիշտ է՝ վերջերս Թրամփը Դայմոնին անվանել էր «ԱՄՆ-ի վատագույն բանկիր»: Դայմոնի պատասխանը հայտնի չէ:
ВВС


Հ.Գ. Եվրոպան՝ իր նախագահների, վարչապետերի, միջազգային կառույցների ղեկավարների շուրթերով համարյա թե պատերազմ է հայտարարում ԱՄՆ ընտրված նախագահին՝ առաջին արարողակարգային շնորհավորանքներից ու համագործակցության առաջարկներից հետո նրանք սկսել են ասել, որ Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները այլևս նախկինը չեն լինի, որ պատրաստ են ԱՄՆ ընտրված նախագահին բացատրել եվրոպական արժեհամակարգը, և այլն, և այլն, կարծես Դոնալդ Թրամփը Լուսնից է իջել ու իր բիզնեսից բացի աշխարհում ոչինչ չգիտի: Հավելեք, որ ԱՄՆ մեծ քաղաքներում շարունակվում են նրա ընտրության դեմ բողոքի ցույցերը: Այս պայմաններում Թրամփի համար գերկարևոր հարց է նոր պաշտոնյաների նշանակումը, որ ընդունելի լինեն ԱՄՆ-ում ու աշխարհում միաժամանակ: Ի վերջո՝ հայտնի է՝ շքախումբն է ստեղծում արքային: Առաջին քայլերում ԱՄՆ ընտրված նախագահը սխալվելու իրավունք չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ