ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Բատկան՝ կանխատեսելի ու անկանխատեսելի

Բատկան՝ կանխատեսելի  ու անկանխատեսելի
07.02.2017 | 00:48

ՌԴ-Բելառուս հարաբերություններում ճգնաժամ է՝ Մոսկվայի ամենամերձավոր դաշնակիցը հայտարարում է, որ անկախություն է ուզում: Իրականում ի՞նչ է ուզում Ալեքսանդր Լուկաշենկոն: Փետրվարի 3-ին 7 ժամ 20 րոպե տևած ասուլիսում նա ամեն ինչ ասաց, բայց ոչինչ չհստակեցրեց: Ռուս փորձագետները համարում են, որ Լուկաշենկոն մնացել է մենակ՝ իբրև մարդ ու պետության ղեկավար: Էլիտան արդեն նրանը չէ: ՈՒժայիններն էլ չեն օգնի:

Բարձրագույն իշխանության հիպերինֆլյացիան ակնառու է: Բնավ պատահական չէր, որ Բելառուսի նախագահը հավարտ ասուլիսի հայտարարեց. «Ես հեռացող մարդ եմ: Ինձ երկար չի մնացել»: Ասուլիսում նա կրկնեց, ինչ մինչ այդ քանիցս ասել էր՝ Բելառուսին ճնշում են, խաբում են, «ինքնիշխանությունը նավթից թանկ է» և այլն, և այլն: Եղան և նոր «հետաքրքիր գաղափարներ»՝ ձերբակալել ռուս պաշտոնյաներին, մասնավորապես Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտին: Դանկվերտը լսեց ու հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչպես հիմա կարող են զարգանալ բելառուսա-ռուսական հարաբերությունները, եթե յուրաքանչյուր ռուս պաշտոնյայի Բելառուսում կարող են ձերբակալել: Ի պատասխան Ռոսսելխոզնադզորը որոշում ընդունեց փետրվարի 6-ից կրճատել մսի մատակարարումները Մինսկի շրջանի բոլոր մսավերամշակող ձեռնարկություններից: Ռուսաստանի մարտավարությունը հասկանալի է՝ ամեն վիրավորանքի, կոպտության, անտակտության դիմաց պատժել ռուբլով: Նույն իրավիճակն է նավթի գծով: Լուկաշենկոն ինքն ասաց, որ Ռուսաստանը քննարկում է նավթի մատակարարումների կրճատումը մինչև 12 միլիոն տոննա:

Մոսկվան կարծում է, որ Մինսկը չի կատարում դաշնակցային պարտավորությունները ոչ տնտեսական (պատժամիջոցային ապրանքների մաքսանենգություն), ոչ քաղաքական հարթության մեջ (Հարավային Օսիայի ու Աբխազիայի, Ղրիմի վերամիավորման չճանաչումը), փորձում է արգելակել եվրասիական կարևորագույն փաստաթղթերի ստորագրումը, Ռուսաստանի թիկունքում խաղեր է տալիս Բաքվի, Վարշավայի, Վաշինգտոնի հետ ու պահանջում է միակողմանի տնտեսական զիջումներ Մոսկվայից: Ի՞նչ է նշանակում ռուսական նավթի մատակարարումների կրճատումը մինչև 12 միլիոն տոննա: 2016-ին Մոզիրի նավթավերամշակման գործարանում նավթի վերամշակումը 2015-ի համեմատությամբ, երբ հանրապետություն էր մատակարարվում 24 միլիոն տոննա, կրճատվել է 20 %-ով և կազմել 10 միլիոն տոննա: Եթե մատակարարումները կրճատվեն մինչև 12 միլիոն տոննա, Մոզիրում կվերամշակվի ընդամենը 6 միլիոն տոննա: Նավթամթերքները բելառուսական արտահանման հիմքն են՝ 40-45 % և հիմնականում գնում են Արևմուտք, որտեղից հանրապետություն է մտնում տարադրամ: Նավթ չի լինի, արտահանումը կնվազի, տարադրամ չլինի, կնվազեն աշխատավարձերը և ամբողջ սոցիալական ոլորտը գրողի ծոցը կգնա: Լուկաշենկոյի հայտարարություններին Կրեմլը նույն օրն արձագանքեց. «2011-2015-ին առանց մաքսատուրքի ամեն տարի մատակարարվել է տարեկան 18-23 միլիոն տոննա նավթ բելառուս գործընկերներին: Այդ ընթացքում ՌԴ բյուջեն չի ստացել 22,3 միլիարդ դոլար:

Այդ ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի ու կողմնակի աջակցություն դաշնային պետությանը: Բելառուսին տրվել է 6 միլիարդից ավելի դոլար տարբեր տրանշներով, և դա լրացուցիչ բեռ է դարձել ՌԴ բյուջեի վրա: Բացի այդ, 2,5 միլիարդ դոլար տարբեր տրանշներով Մինսկը ստացել է վարկի տեսքով Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի գծով: Ռուսաստանը ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել մասշտաբային տնտեսական, քաղաքական և այլ օգնություն Բելառուսին՝ ելնելով երկու երկրների հարաբերությունների հատուկ դաշնակցային բնույթից: Տնտեսական ու առևտրային վիճելի հարցերը, որ ծագում են տնտեսական գործունեության ընթացքում, պետք է լուծվեն հանգիստ ոճով, գործնական բանակցությունների ճանապարհով: Մոսկվան կարծում է, որ երկկողմանի օրակարգում կուտակված տարաձայնությունները կկարգավորվեն այդպիսի բանակցություններում»:

Լուկաշենկոն փորձում էր Մոսկվային սպառնալ, որ Անվտանգության դաշնային ծառայության սահմանին կարգուկանոնի հաստատման գործողությունները, որ Բելառուսը չդառնա Եվրոպայի միջանցաբակ, կարող են հանգեցնել «լուրջ կոնֆլիկտի»: Անմեղսունակի ժպիտով նա շարունակում է շանտաժել ու ստել՝ փաստերը հարմարեցնելով իրեն: Ռուսաստանը երեք անգամ հաստատել է, որ կատեգորիկ անընդունելի է ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելը: Սակայն Լուկաշենկոն պատրաստ է Բաքվի շահերը վեր դասել իր ՀԱՊԿ-ի դաշնակիցներ ՌԴ-ի ու Հայաստանի շահերից և հանձնել Լապշինին Ադրբեջանին: ՈՒ դա հաստատեց փետրվարի 3-ին: Իբր ոչ թե Բաքուն, այլ Ինտերպոլն է նրան պահանջում: Ռուսաստանն ու Իսրայելն էլ չեն ուզում իրենց քաղաքացուն, ուրեմն թող գնան Բաքվի հետ հարցերը պարզեն:

Մամլո ասուլիսի նախօրեին՝ փետրվարի 2-ին, տարատեսակ փորձագետներ մեղադրում էին REGNUM-ին, որ գործակալության աղբյուրի տեղեկատվությունը, թե Բելառուսը պատրաստ է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, արժանահավատ չէ: Բելառուսի նախագահի մամլո ասուլիսը և նույն օրը Մոսկվայի արձագանքը ցույց տվեցին, որ այդ սցենարը մոտ է իրականությանը: Բայց դա կլինի ոչ թե Մինսկի, այլ Մոսկվայի սցենարով, թեպետ իր պաշտոնյաներին Բատկան ԵԱՏՄ-ից հետ է կանչել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. REGNUM-ի այս հրապարակմանը հավելեմ՝ արտաքուստ՝ ռուս-բելառուսական հարաբերությունները գնում են «եղբայրական ՈՒկրաինայի» ճանապարհով: Բելառուսի նախագահը հրեշտակ չէ, հրեշտակներ Մոսկվայում էլ չկան: Մոսկվան չարախնդում է, որ Արևմուտքը չի պահելու Բելառուսին, ու վերադառնալու է իր դուռը: Վերադարձի գինն էլ ասում է՝ դաշնակցային պարտավորություններ՝ տնտեսական, քաղաքական հարթության մեջ, չարգելակել եվրասիական կարևորագույն փաստաթղթերի ստորագրումը, Ռուսաստանի թիկունքում խաղեր չտալ Բաքվի, Վարշավայի, Վաշինգտոնի հետ ու չպահանջել միակողմանի տնտեսական զիջումներ Մոսկվայից: Արևմուտքն էլ պահանջում է անկախություն, հետո է պատրաստ փող տալ: Ստացվել է պատային վիճակ, որից Բատկան կարող է և դուրս չգալ՝ ինքնիշխանությունը գին ունի: Բելառուսը կարող է կամ անկախանալ, կամ՝ միանալ Ռուսաստանին ու հրաժեշտ տալ անկախությանը, որին արժանի չեղավ: Կկայանա՞ փետրվարի 9-ին հանդիպումը: Կուլիսներում որոշվում է ոչ միայն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՌԴ-Բելառուս Դաշնային պետության ճակատագիրը, խաղասեղանին երկրորդ ՈՒկրաինայի հեռանկարն է: Կրեմլը չունի երաշխիքներ, որ Մինսկը հանձնվելու է առանց դիմադրության, ուժայինները չեն պայքարի, ժողովուրդը չի պայքարի, Լուկաշենկոն չի պայքարի: Երկրորդ Կիևը շատ ռեալ է՝ նույնիսկ Դոնալդ Թրամփի նախագահության պարագայում, առանց Վիկտորյա Նուլանդի քաղցրաբլիթների: Հետխորհրդային տարածքի բոլոր երկրներն էլ ԽՍՀՄ-ի փուզումից հետո անցնում են անկախության թեստ՝ երբեմն քաղաքացիական պատերազմով ¥ինչպես Վրաստանը¤, երբեմն պատերազմով ¥Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, նորից Վրաստանը¤, կամ ժողովրդավարության անվան տակ հաստատվում են բռնապետություններ՝ հավերժ նախագահներով ¥ինչպես միջինասիական նախկին հանրապետություններում ու Ադրբեջանում¤: Բելառուսը հիմա է թեստը հանձնում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քառորդ դար անց, ու արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել:

Դիտվել է՝ 1053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ