Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երեք նախարարությունն էլ լրիվ հերիք էր

Երեք նախարարությունն էլ լրիվ հերիք էր
25.12.2018 | 14:21

Երեկ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի։


1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2. առողջապահության նախարարություն
3. արդարադատության նախարարություն
4. արտակարգ իրավիճակների նախարարություն
5. արտաքին գործերի նախարարություն
6. բնապահպանության նախարարություն
7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
8. պաշտպանության նախարարություն
9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն
11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն
12. ֆինանսների նախարարություն:


Այլևս չենք ունենա առաջին փոխվարչապետ, լինելու է երկու փոխվարչապետ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:


Այլևս չենք ունենա Սփյուռքի նախարարություն:
Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ է մտնելու 2019-ի հունվարի 1-ից։ Նախագիծը կքննարկվի հունվարի 14-ին կայանալիք 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում։
Առարկություններ կա՞ն: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընտրություններից առաջ ինքը տեղեկացրել է սպասվելիք փոփոխությունների մասին ու ստացել ժողովրդի համաձայնությունը մանդատի տեսքով: Նա մի քիչ խորամանկում է` մանդատը ստացել է` առանց մանրամասնելու` ինչ փոփոխություններ նկատի ուներ: Ու հիմա հենց նա է փաստի առաջ կանգնեցրել հասարակությանը: Առաջին հայացքից թվում է` խոսքը վերաբերում է միայն պետական կառավարման համակարգի աշխատակիցներին: Սխալ տպավորություն է: Խոսքը վերաբերում է բոլորիս ու ամբողջ պետությանը: Կառավարության նոր կառուցվածքի հայտնիանալուց հետո առաջին պլան մղվեցին կրճատվողները` այն պետծառայողները, որ այլևս պետք չեն պետությանը: Մոտավոր հաշվարկներով` 50-55000: Պետությունը նրանց մի հրամանով բախտի քմահաճույքին նետելու իրավունք չունի, նույնիսկ երբ հաշվարկվում է, թե քանի միլիարդ դրամի խնայողություն է արվում: Աշխատաշուկայում նրանք հայտնվելու են նույնքան ավելորդի դերում, որքան իրենց նախարարություններում, որ միացվում են իրար կամ վերանում են: Իսկ դա պետության վրա շատ ավելի թանկ է նստելու, քան խնայված միլիարդները: Պետական համակարգի ուռճացվածության մեղքը նրանցը չէ, համակարգը պետք է ձերբազատվի ֆունկցիաների կրկնություններից ու անկառավարելիությունից` սա չի վիճարկվում, բայց աշխատանից ազատվողների համար պետք է ունենալ ծրագիր` կամ վերապատրաստման, կամ` այլ աշխատանքի առաջարկների տեսքով: Մասնավոր սեկտորում ինքնուրույն աշխատանք գտնելու վրա հույս դնելը ապարդյուն է: Հայաստանում սովորաբար նման հարցերը լուծվում են արտագաղթով` հաշվի առե՞լ է այդ հեռանկարը Նիկոլ Փաշինյանը:
Կա առավել վտանգավորը` փաստացի միմյանց են միացվում մի քանի նախարարություններ ու ստեղծվում է կառավարման աջափսանդալ և շատ մեծ հարց է` մեխանիկական միացումների հետևանքով ընդհանրապես կառավարումը հնարավո՞ր է: Ներկայացված օրինագծում խոսք չկա փոխնախարարների մասին: Միայն ենթադրելի է, որ միացվող նախարարությունները ունենալու են փոխնախարար, որ զբաղվելու է, ասենք, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով առանձին-առանձին: Կամ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում` պետական գույքի կառավարումով, ջրային խնդիրներով, էներգետիկայով ու բնական պաշարներով: Կամ` բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը` տրանսպորտով, կապով, բարձր տեխնոլոգիաներով և ռազմարդյունաբերությամբ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զբաղվելու է նաև գյուղատնտեսությամբ: Փաստացի` Հայաստանը ոչ թե հրաժարվում է սուպերվարչապետ ունենալուց, այլ գնում է սուպերնախարարություններ ստեղծելու ճանապարհով: Առաջարկվող կառուցվածքով ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ) մնում են վարչապետի ենթակայության տակ, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության ենթակայության տակ: Փաստացի` Հայաստանում միայն նախագահի պաշտոնի անունը դրեցինք վարչապետ ու խորհրդարանական հանրապետությունում ԱԺ-ն չունի վերահսկողության դաշտ: Հաշվի առնելով հնարավոր կադրային նշանակումների մասնագիտական որակներն ու մարդկային հատկանիշները, փորձի բացակայությունն ու ամբիցիաները` մնում է հաշվել, թե ե՞րբ կհասնենք կոլապսին` կե՞ս, թե՞ մեկ տարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այլևս չենք ունենա Սփյուռքի նախարարություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն ու սփյուռքը այլևս միասնական են, բայց դա, մեղմ ասած, մանկամտություն է, կամ` անտեղյակություն: Նախ` դատելով սփյուռքի արձագանքներից` բացարձակապես հաշվի չի առնվել սփյուռքի կարծիքը: Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ փյուռքահայությունը պետք է ներգրավվի հայաստանյան կյանքի մեջ։ Իսկ նրա նշանակած նախարարը հայտարարում էր, որ օրակարգում է երկպալատ խորհրդարան ունենալը, որտեղ սփյուռքահայերը կարող են ներկայացվել։ Փաստացի` նա էլ էր անտեղյակ ու մանկամիտ: Փակելով նախարարությունը` առանց սփյուռքի հետ խորհրդակցելու՝ ընկալվելու է սփյուռքի մերժում։ Նվազագույնը` հայտարարարությունների ու քայլերի հակասություն: Առավելևս, երբ ոչ մի կառույց կամ ենթակառույց չի փոխարինում սփյուռքի նախարարությանը: Այսինքն` սփյուռքի հետ կապված այլևս ոչ մի նպատակ չունենք: Իսկ եթե ունենք, այդ նպատակները պետք էր ձևակերպել, հետո գտնել իրականացման ձևը: 100-ից ավելի երկրներում ապրող 7 միլիոն հայերի հետ աշխատանքը անհրաժեշտ է ու բազմաշերտ: 1915-ի առաջին ալիքից հետո մի քանի սփյուռք է ձևավորվել` հին, նոր, նորագույն, տարբեր կուսակցություններ ու միություններ կան, որ ինչպես հայերն են սիրում, իրար թշնամանալը սեփական արժանապատվության հարց են դարձնում ու նրանց միավորել-հաշտեցնելը Հայաստանի գործն է: Իվերջո, եթե նախարարությունը վատ է աշխատել, ոչ թե պետք է ցրել, այլ հստակ խնդիր դնել ու ձախողված նախարար փոխել:


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե պետական կառավարման արդյունավետ մոդել ձևավորելն է, այլ` պետական ապարատը կրճատելը ու փող խնայելը, այդ դեպքում ինչու՞ 17-ը 12, կարելի էր` 3 դարձնել ու հարցը փակել` ներքին, արտաքին, պաշտպանության, և` վերջ: Իսկ պատճառը Հայաստանի զարգացման ծրագիր չունենալն է: Ու դա արդեն նրա մեծագույն ֆիասկոն է:

Դիտվել է՝ 3475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ