Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մյունխեն-2019. ԱՄՆ-ը վիճում է ԵՄ-ի հետ

Մյունխեն-2019. ԱՄՆ-ը վիճում է ԵՄ-ի հետ
18.02.2019 | 08:21

Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հաստատել են իրենց կայուն տարաձայնությունները Իրանի ու Սիրիայի խնդիրներով, նաև` առևտրի ու էներգետիկայի: Փետրվարի 16-ին համաժողովում ելույթ ունեցան ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մյունխենի կոնֆերանսում առաջին անգամ կայացավ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջկառավարական հանդիպումը: Մյունխենում իր ելույթում Մայք Փենսը երկրորդ անգամ վերջին 3 օրում ԵՄ-ին կոչ արեց դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան հայտարարեց, որ ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի միջուկային գործարքի պահպանման համար, որից ԱՄՆ-ը միակողմանի դուրս է եկել 2018-ին:


Անգելա Մերկելը քննադատել է Վաշինգտոնի որոշումը 2000 զինվորներին Սիրիայից դուրս բերելու մասին` ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո: Կանցլերի կարծիքով` դա կուժեղացնի Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը: Մյունխենում Ֆրանսիայի ԱԳՆ-ն Վաշինգտոնի սիրիական ռազմավարությունն անվանել է «հանելուկ»: Ժան Իվ Լե Դրիանը համաժողովում, դիմելով ամերիկացիներին` հայտարարեց. «Ինչպե՞ս կարելի է հաստատուն դիրքորոշում ունենալ Իրանի հարցում և միաժամանակ թողնել Սիրիայի հյուսիս-արևելքը, եթե հասկանալի է, որ ամեն ինչ ավարտվելու է այդ գոտում իրանական ներկայության ուժեղացումով»:


Եվրոպացիները հրաժարվում են Սիրիայի հյուսիս-արևելք դիտորդական առաքելություն ուղարկել: ԱՄՆ-ը դաշնակիցներին խնդրում է իրենց ներկայությամբ ապահովել սիրիացի քրդերի անվտանգությունը, որոնց Թուրքիան սպառնում է: «ԱՄՆ-ը վարչակազմը փորձում է ելքեր գտնել «մենք գնում ենք, իսկ դուք մնացեք» սկզբունքով, ջանալով մեզ վրա դնել իր հապճեպ որոշման հետևանքները»` մեջբերում է France-Presse-ը Ֆրանսիայի ղեկավարության իր աղբյուրին: Մյունխենում ելույթ ունենալով` ԱՄՆ փոխնախագահը նորից քննադատել է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը` պնդելով «Մենք չենք կարող ուժեղացնել Արևմուտքը, կախված դառնալով Արևելքից»: Մայք Փենսը կոչ է արել ԵՄ-ին Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին ճանաչել նախագահի պարտականություններ կատարող:


ԵՄ 19 երկրներ միակողմանի ճանաչել են Գուայդոյին պետության ժամանակավոր ղեկավար: Բայց մի քանի երկրներ (այդ թվում` Իտալիան) դեմ են ԵՄ-ի նման պաշտոնական քայլին:
Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովում կայացավ վերջին մեկ տարում առաջին միջկառավարական հանդիպումը Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև: Երկու երկրների ղեկավարության շփումները սառեցված են 2018-ի մարտից Սկրիպալների թունավորման պատճառով: Մյունխենում համաժողովի շրջանակներում Բրիտանիայի պետքարտուղար Ալան Դանկանը բանակցեց ՌԴ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովի հետ: Միջկառավարական մակարդակով հանդիպումը 11 ամիսների մեջ առաջինն էր` գրում է AFP-ը: Բանակցություններում Դանկանը հայտարարել է, որ խոր տարաձայնությունները մնում են և կոչ է արել Ռուսաստանին «ուրիշ ճանապարհ ընտրել»` գործելով իբրև «պատասխանատու գործընկեր»: Դանկանը հաստատել է «Մեծ Բրիտանիայի և իր դաշնակիցների ամուր դիրքորոշումը Սոլսբերիում Ռուսաստանի կողմից անպատասխանատու կերպով քիմիական զենք կիրառելու հարցում»` մեջբերում է France-Presse-ը` Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մեկնաբանությունը:
RFI


Հ.Գ. ՌԴ ԱԳՆ-ի կայքում ԱԳՆ փոխնախարար Վլադիմիր Տիտովի ու Մեծ Բրիտանիայի Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանկանի հանդիպման մասին նշված է. «Փետրվարի 16-ին Մյունխենում, որտեղ անցկացվում էր անվտանգության հարցերով միջազգային համաժողովը, կայացավ ԱԳՆ փոխնախարար Վլադիմիր Տիտովի ու Մեծ Բրիտանիայի Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանկանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին ռուս-բրիտանական հարաբերություններում ստեղծված իրավիճակը և կուտակված խնդիրների լուծման հնարավորությունները: Ռուսական կողմից ընդգծվեց փոխգործակցության կարգավորման անայլընտրանքությունը` փոխադարձ հարգանքի ու իրավահավասար երկխոսության միջոցով: Համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնվեց, եթե Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը խմբագրի ռուսական ուղղությամբ ոչ բարեկամական քաղաքականությունը»:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի ասուլիսում միջազգային օրակարգի բոլոր հարցերին` Գուայդոյից Գերմանիա, տվել է բազմիցս բարձրաձայնված պատասխաններ: Մի կողմից` դա վկայում է պետության կայուն արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից` հարց է ծագում, իսկ ինչի՞ համար են բոլորը բոլորին հանդիպում, երբ բոլորը մնալու են իրենց տեսակետներին, որ փայլուն հաստատել է ոչ միայն Լավրովը, այլև` Փենսն ու Մոգերինին, Մերկելը ու Դանկանը: Եվ գուցե հենց այդ պատճառով Մյունխեն չէր գնացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Բացակա էր նաև Իսրայելի նախագահ Բենյամին Նետանյահուն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ