Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մտորումներ Վեհափառի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսված արշավի և Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ

Մտորումներ Վեհափառի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսված արշավի և Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ
14.06.2025 | 19:21

Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ։ Երկորդ բարձրագույն կրթությունս ստացել եմ Մադրիդի Կոմպլուտենսեի քաղաքագիտական համալսարանում։ Սակայն իրավագիտությունից իմ ունեցած մնացորդային գիտելիքները թույլ են տալիս հասկանալ հետևյալ ակնհայտ իրողությունները։

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։

Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 6-րդ գլուխը, ի թիվս այլ նորմերի, սահմանում է վարչապետի և կառավարության մյուս անդամների լիազորությունները։

Շատ ուշադիր կարդացի, սակայն այնտեղ Կաթողիկոսի կամ այլ Եկեղեցու ղեկավարի փոփոխություն նախաձեռնելու իրավասության վերաբերյալ նորմ չգտա։

Ակնհայտ է, որ այս ազգադավը չարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները։

Այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքում սկսեցի փնտրել հոդված, որը համապատասխանում է սրա կատարած գործողություններին։

Եվ գտա։

Իմ կարծիքով՝ դա 441-րդ հոդվածն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 8 տարի ժամկետով։

Եթե սխալվում եմ, իրավաբանները թող ինձ ուղղեն։

Սակայն այստեղ ողբերգությունը միայն սա չէ։ Հայաստանում չկա գոնե մեկ ինստիտուտ, որը կարող է կանխել պարագլխի և նրա ճտանոցի ապօրինի գործողությունները։

Ակնհայտորեն չի գործում իշխանության բաժանման և թևերի միջև փոխզսպման համակարգը, որը վկայում է երկրում խորը սահմանադրական ճգնաժամի մասին։

Եկեք կատարենք գիտաֆանտաստիկ ենթադրություն։ Դիցուք, սա մի օր որոշում է կայացնում ընդլայնել Հայաստանի սահմաները՝ Ալֆա Ցենտավրա աստղային համակարգի հաշվին (ի միջի այլոց, հաշվի առնելով պարագլխի ներկա հոգեկան վիճակը, դա այնքան էլ անհավանական չէ)։

Բոլորիս համար էլ հասկանալի է, որ «ՈՒսապարկ» համույթն ունիսոն երգելու է, թե ինչ տաղանդավոր միտք է։

Ո՞րն է այն ինստիտուտը, որն իրականում նրան թույլ չի տա այդպիսի որոշում կայացնել։ Ակնհայտ է, որ չկա։ Ահա սա է մեր մեծագույն ողբերգությունը։ Խորհուրդ՝ կարդացեք Ներոնի, Կալիգուլայի կենսագրությունները և սրա վարքագծի հետ կապված շատ բան ձեզ համար պարզ կդառնա։

Այժմ Եկեղեցու հետ կապված մի քանի պարզաբանումներ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի Հանրապետության եկեղեցին չէ, ինչպես թվում է շատերին։

Ավելին, Կաթողիկոսի հոգևոր իշխանության և կառավարման տարածքն ընդգրկում է ամբողջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ անկախ աշխարհագրական սահմաններից։

Եկեղեցու հիմնական առաքելությունն է առաջնորդել մարդկանց դեպի փրկություն՝ միավորելով նրանց Աստծո հետ։

Ազգապահպանությունը (ազգային տարրը) Եկեղեցու կարևոր, սակայն ոչ առաջնային առաքելությունն է։ ՈՒստի Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ մի կերպ չի կարող որևէ ազդեցություն ունենալ Եկեղեցու, Կաթողիկոսի գործունեության և որոշումների վրա։

Ստեղծված իրավիճակի աբսուրդայնությունը հասկանալու համար բերենք հետևյալ օրինակը։

Հայ հավատացյալների քանակով երկրորդ մեծ Եկեղեցին Հայ Կաթողիկե Եկեղեցին է, որն ունի դարերի պատմություն և մեծ ավանդ հայագիտության ու հայ մշակույթի զարգացման գործում։ Թեկուզ վերցրեք միայն Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների գործունեությունը և ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։

Հայաստանում ևս կան բազմաթիվ կաթոլիկ հայեր, որոնք հիմնականում բնակվում են Շիրակի մարզում։ Նրանց հոգևոր առաջնորդն Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէ, այլ Հռոմի Պապը։

Հիմա պատկերացրեք պարագլուխ-իմբիցիլը առավոտյան ֆեյսբուքի իր էջում կատարում է հետևյալ գրառումը.

«Չէ, Հռոմի Լևոն XIV Պապի ընտրությունը ճիշտ չեմ համարում՝ ծխնելույզից դուրս եկած ծուխն այնքան էլ սպիտակ չէր։ ՈՒստի որոշել եմ կազմավորել վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պաս պահած հայ կաթոլիկների խումբ՝ Կոնկլավ հրավիրելու և նոր Հռոմի Պապ ընտրելու համար»։

Ակնհայտ է չէ՞, որ սա աբսուրդ է։

Սակայն, հավատացնում եմ ձեզ, Վեհափառի վերաբերյալ դրա գործողությունները պակաս աբսուրդային չեն։

Ամփոփելով՝ դիմում եմ միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանում կատարվող այս իրադարձությունների վերաբերյալ արտահայտեք ձեր հստակ դիրքորոշումը, ինչպես նաև պոկեք ձեր դրածոյին մեր ժողովրդի և Եկեղեցու «ջանից»։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.

Արթուրն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ