Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Իրավիճակի հանգուցալուծման միակ ողջամիտ ճանապարհը ԼՂՀ ճանաչումն է

Իրավիճակի հանգուցալուծման միակ ողջամիտ ճանապարհը ԼՂՀ ճանաչումն է
08.04.2016 | 02:09

ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ համատեղ հայտարարություն են ընդունել. «Ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի եռակողմ պայմանագիրը:
Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների եւ հակամարդկային բռնարարքների դեպքեր:
Մենք՝ ԼՂՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ՝
- վերահաստատում ենք, որ, կողմնակից լինելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության համար գերագույն խնդիրը եղել եւ մնում է իր ժողովրդի անվտանգության ապահովումը, որը վտանգված էր վերջին օրերի ադրբեջանական ահաբեկչության հետեւանքով,
- գտնում ենք, որ, ձեռնարկելով ռազմական գործողությունների նոր փուլ Արցախի ժողովրդի հանդեպ, Ադրբեջանը և նրան հովանավորողները փորձում են Հարավային Կովկասը դարձնել միջազգային ահաբեկչության նոր օջախ, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգային համակարգին,
- բարձր ենք գնահատում երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար ԼՂՀ Պաշտպանության բանակի վստահ ու վճռական գործողությունները,
- կոչ ենք անում միջազգային կառույցներին եւ, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հստակ իրավական ու քաղաքական գնահատական տալ վերջին օրերին ԼՂՀ-ի հանդեպ իրականացված ահաբեկչական գործողություններին և կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ամենակարճ ու միակ ողջամիտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչումն է, որը թույլ կտա լիարժեք ու միջազգայնորեն ընդունված երաշխիքներով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88» եւ
«Վերածնունդ» խմբակցություններ
7 ապրիլի, 2016թ, Ստեփանակերտ»։

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ