Հանքային նյութերի վերամշակման «Մոլիբդեն փրոդաքշըն» և «Մաքուր երկաթ» ընկերությունների գործունեությունը վաղուց է հուզում Երևանի Արցախի պողոտային հարող շենքերի բնակիչներին: Բանն այն է, որ տարիներ շարունակ ժամը 12-18.00-ին այդ ձեռնարկություններն աղտոտել են շրջակա բնակտարածքը, որտեղ բնակվում է ավելի քան 450 ընտանիք: Աղտոտված օդն ու ծուխը հասնում են Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններ, երկաթգծի կայարանին հարող որոշ թաղամասեր: Այստեղ արդեն բնակվում են հազարավոր ընտանիքներ: Իսկ վերջերս ավելի վաղ ժամերի թունավոր ծուխ են սկսել արձակել նաև այլ ձեռնարկություններ: Այս մասին են վկայակոչում Արցախի պողոտայի ութերորդ շենքի բնակիչները: Տագնապալին այս առիթով այն է, որ բնապահպանական օրինախախտումը կատարվում է մասնագիտացված կառույցների գիտությամբ, բայց չկա ոչ մի ահազանգ:
Այս առիթով տողերիս հեղինակը երկու անգամ ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ խնդրելով պարզորոշ պատասխանել, թե ինչ գազեր և ինչ չափերով են արտանետվում «Մոլիբդեն փրոդաքշըն» և «Մաքուր երկաթ» գործարաններից, նաև՝ որքան է արտանետվող գազերի թույլատրելի ծավալը: Նախարարության աշխատակազմի ղեկավարը «մեծահոգաբար» տվել է կիսատ-պռատ, չհուսադրող պատասխան. «Օրվա ցանկացած պահին շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի քանակական փոփոխություններ չեն դիտարկվել բնապահպանության նախարարության կողմից»:
Իսկ ոչինչ, որ հարյուրավոր մարդկանց առողջությունն է վտանգված: Նաև ոչինչ, որ «Մոլիբդեն փրոդաքշըն» ձեռնարկությունում թոշակառու լրագրողի են ծեծում միայն այն բանի համար, որ համարձակվել է քննադատել օդային ավազանն աղտոտող իր հայրենակիցներին:
Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ