Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ԲՀԿ պատգամավորները հարց որոշող չեն»

«ԲՀԿ պատգամավորները հարց որոշող չեն»
30.10.2012 | 13:06

ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ՀՀԿ)


-Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն կպաշտպանի՞ ձեր թեկնածուին:
-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այսօր ի վիճակի է ինքնուրույն թեկնածուով մասնակցելու նախագահի ընտրություններին: Ավելին, չեմ էլ տեսնում այն թեկնածուին, որին պիտի պաշտպանի: Պարզապես իր դիրքերն ամրապնդելու, համակիրներին ավելացնելու, իշխանությունում շատ տեղեր ունենալու խնդիր է լուծում:
-Ասել է` քաղաքական առևտո՞ւր է ընթանում:
-Շատ հեշտ է չլինել իշխանություն ու վարկանիշ ձեռք բերել, դժվարը, իշխանություն լինելով, իմիջը պահելն է: Դրա համար էլ ԲՀԿ-ն այսօր նման դիրք է բռնել: Բայց համոզված եմ` ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին և իշխանության մաս է կազմելու, քանի որ այլ տարբերակ չունի: Չնայած քաղաքականության մեջ երբեք չեն ասում` «երբեք»:
-Գագիկ Ծառուկյանի առաջադրումը հնարավոր տարբերակ չե՞ք համարում:
-Գագիկ Ծառուկյանի բոլոր ելույթներն ու կարծիքները հաշվի առնելով` չեմ կարծում, որ նա իր թեկնածությունը կդնի: Շատ ենք լսել, որ նա ասել է, թե նույնիսկ վարչապետ չի ցանկանում դառնալ:
-Հավատո՞ւմ եք այդ հրապարակային խոսքերին:
-Եթե մի խոսք լիներ, այն էլ իրավիճակային, չէի հավատա, բայց Ծառուկյանը միշտ ասել է, որ պաշտոն ունենալու խնդիր չունի: Հետո էլ ինքն ունի ֆինանսական իշխանություն, ու այսօր նրա ինչի՞ն է պետք պաշտոնը: Ինչ է, փո՞ղ է ուզում: Կարծում եմ` Ծառուկյանն ինքը հակված չէ թեկնածություն դնելու: Ի վերջո, այսօր Սերժ Սարգսյանին այլընտրանքային մրցակից լինելն է շատ դժվար: Չեմ կարծում, որ այսօր քաղաքական դաշտում կա մեկը, որը կարող է այդպիսին լինել:
-Լևոն Տեր-Պետրոսյանն այլընտրանքային չէ՞:
-Այլընտրանքայինը միայն մարդու անձը չէ, այլև քաղաքական կենսագրությունը, սատարող ուժերը: Այսօր որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի հզոր կուսակցություն, ինչպիսին ՀՀԿ-ն է, ու ավելի մեծ կենսափորձ, որքան Սերժ Սարգսյանինն է: Այսքանով հանդերձ, նաև մյուս կուսակցությունների հետ հարաբերակցությունն է բարձր մակարդակի վրա, և հասարակության մեջ ունեցած վարկանիշն է մեծ: Տեր-Պետրոսյանի անձը չթերագնահատելով, իր չափորոշիչներով շատ թույլ է նախագահ ընտրվելու համար:
-Իսկ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր միավորումով ու նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու պարագայում կարելի՞ է խոսել մրցակից թեկնածուի մասին:
-ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն երբեք չի լինի: Գաղափարական, սկզբունքային ու նաև մարդկային որակների առումով դա երբեք չի ստացվի: Ժողովրդի համար արդյունավետ աշխատանք էլ չի լինի այդ համագործակցությունից: Թե վերևներում ինչ կխոսեն ու կստորագրեն, չգիտեմ, բայց գիտեմ, թե շարքային ՀԱԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն ինչպես են իրար հետ ընտրություններ անցկացնելու, օրինակ, որևէ շրջանում: Միայն ասելով չէ, ժամանակի ընթացքում պիտի այդ միասնությունը ձևավորվի: Օրինակ, ՀԺԿ-ն ու ՀՀԿ-ն, երբ միավորվեցին, ահագին ժամանակ` վեց-յոթ ամիս էր պետք, որ նրանք կարողանային միասին քաղաքական գործունեություն ծավալել: Երկու ամիս հետո ընտրություններ են, ու նո՞ր պիտի միավորվեն, դրա արդյունավետությունը չեմ տեսնում:
-Դուք նշեցիք, որ ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները համառորեն «չեն ճանաչում» հուշագիրը: Ինչպե՞ս հասկանալ:
-ԲՀԿ-ական պատգամավորները հարց որոշող չեն: Հարցը լուծում է Ծառուկյան Գագիկը, որը հայտարարություններում շատ զուսպ է, ավելի շատ լուռ: Սա նշանակում է, որ խնդիրը դեռ որոշված չէ: Սրանք քաղաքական խաղիկներ են մինչև վերջնական որոշում կայացնելը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ