Հետընտրական զարգացումների շուրջ է զրույցը քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Պարոն Հակոբյան, չե՞ք կարծում, որ ընտրություններից հետո ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել իշխանությունների համար:
-Տեղի ունեցածը ես ֆորս մաժոր չէի անվանի: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ընտրություններից առաջ իշխանության` իր առջև դրած ստրատեգիական նպատակներով: Առաջինը` իշխանությունը նպատակ էր դրել ընտրություններն անցկացնել այնպես, որ միջազգային կազմակերպությունները ճանաչեին դրանք լավագույններից մեկը: Երկրորդ կարևորագույն նպատակը բխում էր առաջինից. պետք էր անցկացնել հնարավորինս բարձր մրցակցային ընտրություններ: Եվ երրորդ խնդիրը, որ իր առջև դնում էր իշխանությունը վերարտադրվելուց հետո, ընդդիմափոխություն իրականացնելն էր: Ըստ էության, այս երեք խնդիրն էլ իշխանությունը ֆորմալ առումով լուծել է: Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն ընտրություններն անվանել են լավ կազմակերպված: Ինչ վերաբերում է դրանց մրցակցային լինելուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես ստացել է շուրջ 37 տոկոս ձայն, ինչը Հայաստանի պատմության մեջ, եթե չեմ սխալվում, երկրորդ տեղը գրաված թեկնածուի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Գոնե արտաքնապես ընտրություններն առավել քան մրցակցային էին: Այսօր արդեն իրականացվում է երրորդ նպատակի իրականացումը` ընդդիմության և նրա առաջնորդի փոփոխություն: Այս խնդրի շուրջ իշխանությունների և ընդդիմության փաստացի առաջնորդի ձգտումները կամա թե ակամա համընկնում են: Րաֆֆի Հովհաննիսյանի համար սկսված է մի գործընթաց, երբ ինքը պետք է դառնա ընդդիմության նոր առաջնորդը:
Թե՛ իշխանությունը, թե՛ վերլուծաբանները, այնուամենայնիվ, մի փոքր թերագնահատեցին ժողովրդի բողոքական տրամադրությունները: Կանխատեսվում էր, որ ընդդիմությունը մինչև 30 տոկոս ձայն կվերցնի, սակայն այս անգամ ժողովուրդը շատ ավելի բողոքական էր տրամադրված, թեև դա չէր արտահայտվում նախկինի պես բուռն և կոշտ հռետորաբանությամբ նախընտրական հանրահավաքներով: Եվ լուռ, իր մեջ կուտակված դժգոհությունը նա արտահայտեց քվեարկությամբ: Մինչ ընտրությունները ժողովուրդն այդ բողոքն արտահայտում էր երկրից հեռանալով, իսկ ընտրությունները լավ առիթ էին, ինչն օգտագործեց իշխանություններին դեմ արտահայտվելով: Կարծում եմ, ինչ-որ չափով իշխանությունների և ընդիմության մի հատվածի համար ֆորսմաժորային կարելի է համարել այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախատեսվածից մոտ 7-8 տոկոս ավելի է հավաքել: Այս անգամ Սերժ Սարգսյանը փորձեց առավելագույնս զերծ մնալ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների ծառայություններից: Դրանով է նաև պայմանավորված այն, որ ընտրողների մասնակցությունը 7-8 տոկոսով ցածր էր: Ինչ վերաբերում է այս ընտրությունների գլխավոր քաղաքական խորհրդին, ապա դա իշխանության համար այն հզոր ահազանգն է, որ ժողովրդի մի ստվար զանգված բավականին լուրջ դժգոհություն ունի: Պահանջ կա երկրում շտկելու սոցիալական, բարոյահոգեբանական, իրավական մթնոլորտը:
-Ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է իրականացնի իշխանությունը:
-Քաղաքական կամք պետք է դրսևորվի երկրում կտրուկ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ: Եթե Սերժ Սարգսյանը ձգտում է իրավիճակը շտկելուն, ապա պետք է կտրուկ հեղափոխություն իրականացնի վերևից: Նախ և առաջ տեղերում պետք է ազատվի պաշտոնական և ոչ պաշտոնական ֆեոդալներից: Լուրջ համակարգային, կադրային փոփոխություններ պետք է կատարվեն: Էվոլյուցիոն քայլերն այլևս չեն աշխատելու: Ընդդիմությունն ընտրություններում մոտ 40 տոկոս ձայն է ստացել, դա նշանակում է, որ բավականին լուրջ ջրբաժան կա իշխանությունների և ժողովրդի միջև: Եթե հեղափոխությունը չլինի վերևից, կգտնվեն այնպիսիք, ովքեր դա կիրականացնեն ներքևից:
-Հեղափոխական փոփոխություններ նախագահը հնարավորություն ուներ իրականացնելու նաև 2008-ին, սակայն չարեց: Ի՞նչ երաշխիք կա, որ այս ընտրություններից հետո կգնա վճռական քայլերի:
-Չկատարեց, այդ պատճառով հայտնվեց այս իրավիճակում: Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա իշխանության ներկայացուցիչներն իրենք պետք է տան դրանք:
-Ստեղծված իրավիճակը չի՞ նշանակում արդյոք, որ իշխանությունը լավ չի տիրապետում երկրում տիրող իրական պատկերին:
-Կարծում եմ, բավականին թույլ է տիրապետում: Վերլուծական, մարդկային ռեսուրսները չեն կիրառվում, պակասում է համարձակությունը: Մարդիկ, շառից-փորձանքից հեռու, չեն ցանկանում իրական պատկերն ասել: Նախընտրական արշավի ժամանակ արդեն զգացվում էր, որ դժգոհությունը բավականին բարձր է: Վախն իշխանության հանդեպ մարդկանց մոտ վերացել է:
-Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներն ի՞նչ նպատակ են հետապնդում:
-Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ֆիքսել գուցե նաև իր համար անսպասելի բավականին լուրջ հաջողությունը: Դրանով են պայմանավորված նաև նրա մարզային այցելությունները: Այնուամենայնիվ, ըստ իս, Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնալու արմատական ճանապարհով, որով ավանդաբար գնում են երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր թեկնածուները, ինչը, սակայն, որպես կանոն որևէ գործնական արդյունք չի տալիս: Նա փորձում է իր շուրջը կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը: Եթե չեմ սխալվում, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները դա անվանում են թավշյա հեղափոխություն: Սակայն եթե դիտարկենք հետխորհրդային տարածքում (Վրաստան, ՈՒկրաինա) թավշյա հեղափոխությունների սցենարները, ապա կտեսնենք, որ դրանք իրականացվել են այն երկրներում, որտեղ գործող իշխանությունները պատրաստ են եղել զիջելու իրենց տեղը: Արդյոք Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են նման քայլերի, ես վստահ չեմ: Որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, բավականին լավ տիրապետելով ընտրական և քաղաքական արևմտյան տեխնոլոգիաներին, ինչ-որ չափով նաև ռոմանտիկ քաղաքական գործչի տպավորություն թողնելով, այնուամենայնիվ, բավականին պրակտիկ է և կփորձի այս իրավիճակում քաղել իրական մաքսիմալը: Այսօր նրա շուրջը համախմբվում է ընդդիմադիր զանգվածը, որպեսզի վերածվի ընդդիմադիր նոր բևեռի, որն ավելի շատ միտված է լինելու ապագային: Կլինի դա ընդամենը 2 ամիս հետո անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունը, թե ինչ-որ արտահերթ համապետական գործընթաց, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, իրավիճակը բավականին հետաքրքիր է այն առումով, որ նորաստեղծ ընդդիմությունը համարվելու է արևմտյան: Եթե համարվում է, որ գործող նախագահը Ռուսաստանի հովանավորյալն է, ապա իր համար բավականին հետաքրքիր է, որ ընդդիմությունը լինի արևմտյան: Կարծում եմ, այս ամենի հիմքում կարող են որոշակի աշխարհաքաղաքական պայմանավորվածություններ լինել:
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ