Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Օսմանյան Թուրքիայի հայկական բանկը

Օսմանյան Թուրքիայի հայկական բանկը
21.11.2014 | 11:19

1913 թ. Կ. Պոլսի հայոց առևտրատնտեսական կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ Քյութուպհանե փողոցի Դիլսիզզադե խանում բացվեց հայկական ամենախոշոր դրամատունը՝ «Օսմանյան առևտրային բանկը»: Իհարկե, ավելի վաղ էլ շատ քաղաքներում եղել էին ու կային մի շարք հայապատկան ֆինանսավարկային հաստատություններ (հենց նույն Կ. Պոլսում, Էդիրնեում, Ադաբազարում, Չմշկածագում, Ամասիայում, Արմաշում և այլուր), բայց այս մեկն իր ծավալներով ու գործառույթներով անմրցելի էր: Նախ, հիմնադիր կապիտալը 100 հազար լիրա կամ, ինչպես արևմտահայերն էին ասում, օսմանյան ոսկի էր: (Թուրքական լիրայի գնողունակության մասին պատկերացում տալու համար ասենք, որ երկու տարի անց՝ ցեղասպանության ժամանակ, մարդիկ երբեմն կարողանում էին իրենց կյանքը փրկագնել 3-7 լիրայով):


Դրամատունը կատարում էր ամեն տեսակի բանկային գործառույթներ` փոխատվություններ, չեկերի տրամադրում, հեռագրային վճարումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, գնում և վաճառում էր բաժնեթղթեր, ընդունում դրամական ավանդներ, խնայողական գումարներ` սկսած 25 ղուրուշից։ Գնում, վաճառում, փոխանակում, ներմուծում և արտահանում էր արդյունաբերական և այլ ապրանքներ, հիմնում էր առևտրաարդյունաբերական ընկերություններ և բաժնետիրական մասնակցություն ունենում այլ ֆիրմաների գործունեությունում, մասնակցում հանրային շինությունների կառուցմանը։ Բացի այդ, հանդիսանում էր Բաթումի «Բ. Շխյանց» ու «Մ. Խաչատրյանց և ընկ.» նավթամթերքների արտահանման ֆիրմաների ներկայացուցիչը։
Իսկ ովքե՞ր էին «Օսմանյան առևտրային բանկի» հիմնադիրները: Նրանք ութն էին:
Վարչության նախագահն էր Գևորգ Մանուկի Ասլանյանը (1849, Կ. Պոլիս-1922, Կ. Պոլիս): Նա ավարտել էր Փարիզի Կենտրոնական լիցեյը` ճարտարագետի մասնագիտությամբ։ Վերադառնալով Կ. Պոլիս` նշանակվել հանրային շինությունների նախարարության պաշտոնյա, Հայդար փաշա - Իզմիթ երկաթուղագծի ճարտարագետ։ 1892-1902 թթ.` կամուրջների և խճուղիների վարչության տնօրենի օգնական, 1909-ին` տնօրեն, 1910-ից անցել էր հանգստի։ Հայկական դպրոցների համար 1882 թ. հրատարակել էր բնագիտության, 1883-ին` աշխարհագրության դասագրքեր։ Եվրոպայում հայերին ներկայացնելու համար 1909 թ. ֆրանսերեն լույս էր ընծայել E՛tudes historiques sur le peuple arme՛nien ծավալուն աշխատությունը։

Հեղինակել էր մի շարք մասնագիտական հոդվածներ, որոնցից հիշարժան է «Կ. Պոլսո նշանավոր մզկիթները»։ Ի վերջո, կառուցել էր Հայոց պատրիարքարանի նոր շենքը։ Հավելենք նաև, որ նրա դուստր Աննան Եգիպտոսի իշխող վերնախավի ներկայացուցիչ Բուտրոս-Ղալի փաշայի կինն էր:
Բանկի վարչության փոխնախագահն էր Մկրտիչ Մանուկյանը՝ նշանավոր մի վաճառական, որն իր պարկեշտության համար վայելում էր անասելի հեղինակություն:
Այժմ անդրադառնանք վարչության անդամներին:
Հեթում Սեթյանի ֆիրման Փարիզից ներմուծում էր նորաձև հագուստ և մասնաճյուղեր ուներ Պլովդիվում ու Ռուսչուկում:
Ա. Կ. Արսենը «Ա. Կ. Արսեն և ընկ.» մանուֆակտուրային ֆիրմայի սեփականատերն էր:
Սիմոն Գայսերլյանը Փարիզի «Յունիոն» ապահովագրական ընկերության ներկայացուցիչն էր Արևելքում: Ավելորդ չենք համարում նշել, որ այդ ժամանակ ֆրանսիական, անգլիական, ամերիկյան, ռուսական ապահովագրական ընկերությունների մեծ մասի ներկայացուցիչները հայեր էին:
40-ամյա Սարգիս Հարությունի Գնաճյանն ուսումն առել էր Հակոբ Գուրգենի «Հայկական կրթարանում»։ 1891-ից զբաղվել էր վաճառականությամբ, իսկ 1896-ից ղեկավարել հոր հիմնած «Հարություն Գնաճյան և որդիներ» մանուֆակտուրայի նշանավոր առևտրային ֆիրման։
Կային ևս երկուսը, որոնց կուզենայի առանձնակի անդրադառնալ:
Վարչության անդամ Արշակ Կարագյոզյանը, որ հետագայում ստիպված արտագաղթեց ԱՄՆ, եղբոր՝ Միհրանի հետ, հիմնեց «Ա. և Մ. Կարագյոզյան» ֆիրման, դարձավ արևելյան գորգերի խոշորագույն վաճառական, իսկ 1942-1953 թթ. գլխավորեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
Հասարակական գործիչ, դիվանագետ, անտիկ իրերի հավաքորդ Տիգրան Կարապետի Քելեկյանը (1868, Կեսարիա - 1951, Նյու Յորք) նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Հակոբ Գուրգենի հայկական վարժարանում։ 1892 թ. եղբոր` Գևորգի հետ հիմնել է անտիկ իրերի բիզնես։ 1893 թ. Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում կառուցել է Պարսկաստանի տաղավարը, որտեղ ցուցադրել է արևելյան իրերի իր հավաքածուն։ 1904 թ. ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհ. Թավշանճյանի հետ սեփական ծախքով կառուցել է մի թանգարան-տաղավար, որտեղ ցուցադրել են պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք հավաքածու։ Նա 1884-1904 թթ. Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսն էր: Իր հավաքածուով մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների՝ համարվելով աներկբա հեղինակություն:
1909 թ. Ադանայի հայոց կոտորածներից հետո 1912 թ. Դյորթ-Յոլում հիմնել է Քելեկյան որբանոցը, որը հետագայում տեղափոխվեց Բեյրութ և գոյատևեց մինչև 1932 թվականը: 1910-ից եղել է ՀԲԸՄ բարերար, ապա՝ վարչության անդամ, իսկ 1922-ից՝ փոխնախագահ՝ ծավալելով ազգանպաստ գործունեություն:
Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նկարիչների 18 կտավ, Մաշտոցի անվան մատենադարանին՝ Իգնատիոսի XIII դ. Ավետարանը:
Քելեկյանը ֆրանսիական Պատվո լեգեոնի և պարսկական «Շիր ի խուրշիդ» շքանշանների ասպետ էր, կրում էր խանի տիտղոս:
Հարց կարող է ծագել՝ ի՞նչ ճակատագրի արժանացավ «Օսմանյան առևտրային բանկը»: Ցավոք, կարճ կյանք ունեցավ. մեկ տարի անց փակվեց՝ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով, իսկ հայ կապիտալիստները դուրս մղվեցին Թուրքիայից: Բայց այդ բանկի հիմնադիրներին արժեր այսօր հիշել, սա էլ յուրատեսակ 100-ամյակ է:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ