Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Թուրքիան ու քրդերը տանուլ են տալիս Սիրիայում. արժե սպասել՝ տեսնելու, թե ովքեր են հաղթողները

Թուրքիան ու քրդերը տանուլ են տալիս Սիրիայում. արժե սպասել՝ տեսնելու, թե ովքեր են հաղթողները
19.05.2017 | 01:32

(սկիզբը՝ այստեղ)

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին թուրք փորձագետներ Բաշլամըշն ու Աքսայը Թուրքիայի ղեկավարությանը տագնապով կոչ անում «չսխալվել» ռուսական «ուղերձներն» ընթերցելիս և երկյուղում էին, որ եթե Անկարան «սխալվի», ապա Մոսկվան կանի «երկրորդ քայլը», մյուսը, մյուսը... Ապրիլի 25-ին` սիրիացի քրդերի, իրաքցի քրդերի, ինչպես նաև եզդիների դեմ թուրքական սադրանքից հետո մենք հասկանում ենք, որ եթե հետևելու լինենք ամերիկացի փորձագետ Շթայնի տրամաբանությանը, ապա Թուրքիան բառացիորեն իր դեմ է հրահրում քրդերի երկու «օգնականներին» էլ` և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին։ Բրիտանական BBC-ն հաղորդել է, որ բազմիցս հարձակման են ենթարկվել քրդա-սիրիական YPG-ի դիրքերը, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ և «վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը»։ Սակայն օդային հարձակման հետևանքով կորուստներ կրեց «քուրդ աշխարհազորային բանակը» (Իրաքի- խմբ.), որը բարեկամական հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ։ «Մենք խիստ անհանգստացած ենք, խորապես անհանգստացած ենք այն բանից, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել առանց Միացյալ Նահանգների կամ ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային ավելի լայն կոալիցիայի հետ համապատասխան համաձայնեցման»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Իրաքի կառավարությունը նույնպես դատապարտել է Անկարային` իր տարածքը ռմբակոծելու համար։ Սիրիայում քրդական զորքերի գլխավոր հրամանատարը դաշնակիցներին կոչ է արել պաշտպանել իրենց հետագա հարձակումներից։ «Մենք խնդրում ենք միջազգային կոալիցիային միջամտել և վերջ դնել Թուրքիայի կողմից կատարվող այդ խախտումներին,- հայտարարել է նա։- Դժվար է պատկերացնել, որ երբ մենք պայքարում ենք այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին Ռաքքան է, թուրքական ինքնաթիռներն իրենց ռումբերով մեզ հարված են հասցնում թիկունքից»։


Ինչ-որ հաճախ են սկսել ամեն տեսակի քաղաքական գործիչներ ու զինվորականներ կրկնել «հարված թիկունքից» բառակապակցությունը, որով Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում տիրող իրադրությունը, ինչպես հայտնի է, առաջինը բնութագրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թ. Սու-24-ի հետ կապված ողբերգական միջադեպից հետո։ Ինձ զարմանք չի պատճառում այն հանգամանքը, որ «թիկունքից հարված» հասցնելու մեղադրանքներ ամենից շատ հասցեագրվում են Թուրքիային, բայց ես ապշում եմ, որ այդ «թիկունքից հարվածները» նկատի չէին առել նրանք, ովքեր, ի վերջո, ստացել են դրանք։ Ով, ով, բայց Ռուսաստանն ու քրդերը հայերից վատ չպետք է հիշեն, թե ինչ են իրենցից ներկայացնում Թուրքիան ու թուրքերը։ Բայց, դե, եթե ոմանց դուր է գալիս «թիկունքից հարված» ստանալ, ապա համբերեք։ Բայց և չենք էլ փորձի ասել, թե հեշտ իրադրություն է տիրում։ Ինքս էլ եմ նշել, որ Քրդական հարցում ԱՄՆ-ի գործոնն այսօր անվիճելի է, և համապատասխան մեջբերումներ եմ զետեղել։ Հուսով եմ, որ չարախոսներ չեն գտնվի մեղադրելու տողերիս հեղինակին, թե շարադրել եմ սեփական «ցանկություններս» կամ «երևակայությունս»։


Թուրքական օդային հարվածները ցույց են տալիս Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված իրադրության ամբողջ բարդությունը` հետևություն է անում բրիտանական BBC-ն, որովհետև Ամերիկան հիմնական շեշտը դնում է տարածաշրջանի քրդական զորքերի վրա, բայց նրա դաշնակից Թուրքիան այդ ուժերի մի մասը, YPG-ն ու Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) համարում է իր հակառակորդները։ Ինչպիսի՜ առաջընթաց։ Վերջապես Արևմուտքից հնչեց անուղղակի խոստովանություն, որ քրդա-թուրքական PKK-ն նույնպես մասնակցում է ահաբեկիչներից ու միջազգային վարձկաններից Սիրիան և Իրաքը ազատագրելու մարտերին։ Վկայակոչելով իրանական աղբյուրները, ես 2016-17 թթ. Հայաստանի հասարակությանը և հայկական սփյուռքին քանիցս տեղեկացրել եմ, որ PKK-ի աշխարհազորայինները ահաբեկիչների դեմ կռվում են... շիա-քրիստոնեական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» կազմում, որը ղեկավարվում է որքան Բաղդադից, այնքան էլ Իրանի ԻՀՊԿ-ից։ Եվ, մասնավորապես, 2016-ի հոկտեմբերի 7-ին հենց PKK-ի աշխարհազորը (փեշմերգան) Իրաքի Բաշիկա քաղաքը ազատագրեց ահաբեկիչներից և թուրք զինվորականներից։


Ապրիլի 25-ի թուրքական օդային հարվածներից հետո իրադրությունն է՛լ ավելի բարդացավ։ YPG/PYD-ի և ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» քրդերն ապրիլի 26-27-ին Արևմուտքին և ամերիկամետ «միջազգային կոալիցիային» նախազգուշացրին, որ իրենք դադարեցնում են Ռաքքայի ազատագրման գործողությունները։ Ասենք, ոչ միայն քրդերը, այս անգամ Թուրքիայի գործողությունները «համբերությունից հանեցին» նաև Սիրիայի հյուսիսի արաբ և բեդվին ցեղերին։ Սոցցանցերում տարածված իրենց տեսաուղերձներում ցեղերի ղեկավարներն ու քրդերն արևմտյան կոալիցիայից պահանջում էին երկրի հյուսիսում սահմանել անթռիչք գոտի, նպատակ ունենալով խափանել թուրքական օդուժի կողմից տարածաշրջանի ռմբակոծությունը։ Այլապես նրանք խոստանում են թողնել Ռաքքայի մերձակա իրենց դիրքերը և ինքնուրույն պաշտպանել իրենց։ «ԱՄՆ-ը մեզ պետք է գործուն երաշխիքներ տա, որ Թուրքիան չի գրոհի մեր դիրքերը»,- հայտարարել է YPG-ի մամուլի քարտուղար Ռեդուր Խալիլը։ «Եթե ԱՄՆ-ն ու կոալիցիան կամ ԱՄՆ-ի պետդեպի մամուլի քարտուղարը կարող են միայն ասել. «Մենք մտահոգ են, մենք տխուր ենք», ապա մեզ համար դա անընդունելի է։ Դա նշանակում է, որ նրանք համաձայն են այն բանին, ինչ արվում է մեր դեմ»,- հայտարարել է YPG-ի կանանց զորախմբերի հրամանատար Նասրին Աբդուլլան։


Իրավիճակը բարդանում է նրանով, որ, պարզվում է, Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, որին առնվազն 2014-ի ամռանից գրեթե բոլոր քրդերն ու եզդիները բազմիցս հրապարակայնորեն մեղադրել են դավաճանության, նույնիսկ ԻՊ-ի ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ, իմացել է թուրքերի պատրաստվող գործողության մասին։ Նա, ինչպես հայտնի է, Թուրքիայի դաշնակիցն է։ Եվ, ինչպես գրում են սոցցանցերում, Բարզանիին պատկանող «Korek telecoms»-ի միջոցով իրականացվող կապը օդային հարվածների ժամանակ կորել է, Շվեդիայից գրել է քուրդ լրագրող Քովան Դիրեժը։ Ճիշտ է, Էրդողանն ափսոսանք էր հայտնել իրաքցի քրդերի մահվան կապակցությամբ. իբր, նրանց դիրքերի ռմբակոծությունը չէր մտնում թուրքական հրամանատարության պլանների մեջ, բայց նա ստում է. չէ՞ որ թուրքական հետախուզությանը հայտնի է, որ, չնայած «Թուրքիայի հանդեպ» Բարզանիի ու նրա կլանի «սիրուն», «բարզանիական» աշխարհազորայիններն օգնում են YPG-ի և PKK-ի պարտիզաններին։ Հիմա դավաճանության մեղադրանքները Բարզանիի հասցեին միայն սաստկանում են. չէ՞ որ Իրաքյան Քրդստանի աշխարհազորի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ թեև գրոհը անվանել են «անընդունելի», բայց տեղի ունեցածի մեղքը բարդել են... PKK կուսակցության վրա. իբր, «նրա մարտիկները եղել են տարածաշրջանում և չեն արձագանքել իր ուժերը հանելու կոչերին»։ Կարծես թե Բարզանին «չի հիշում», որ 2016 թվականից Իրաքում PKK-ի ջոկատները «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի բաղկացուցիչ մասն են և, որպես Մոսուլի ազատագրման մարտերի մասնակիցներ, շատ ավելի մեծ հիմքեր ունեն գտնվելու Հյուսիսային Իրաքում, քան թուրքերը կամ նույնիսկ ամերիկացիները։
Լոնդոնյան իրավապաշտպանների տվյալներով, թուրքական օդային հարձակումների հետևանքով տուժել են Հասեկեի նահանգի տեղեկատվական կենտրոնն ու ռադիոկայանը։ Առանձին հարվածներ հասել են եզդիների հայտնի կենտրոն Սինջար (Շանղալ) իրաքյան քաղաքից ոչ հեռու գտնվող քրդական բազային։ Չհաստատված տեղեկության համաձայն, YPG-ի կորուստները կազմել են մոտ 20 հոգի, իրաքցի քրդերի ջոկատներինը` հինգ։ Ինքնըստինքյան, միջադեպից հետո Թուրքիան արդեն խառնվել է այս «վեճին», ընդ որում, Անկարան ջանում է լուրջ գժտություն սերմանել «տարածաշրջանում գործող հիմնական դերակատարների» միջև։ Էրդողանը հանդես է եկել ի պաշտպանություն օդային հարվածների, ընդգծելով. «Մենք պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել։ Մենք պետք է գործենք։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք ինչպես ԱՄՆ-ին և Ռուսաստանին, այնպես էլ Իրաքին»։ Նախ, իսկ ինչո՞ւ այսքանը միայն։ Ինչո՞ւ չեն իրազեկվել նաև Սիրիան և Իրանը, օրինակ, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Եփրատի վահան» գործողությունն սկսվելուց առաջ թուրքական հետախուզության ղեկավարները կապ են հաստատել ինչպես սիրիական հետախուզության ղեկավարների, այնպես էլ Սիրիայի բարձրագույն իշխանությունների հետ։ Եվ արդեն այդ փաստը ստիպում է չհավատալ Էրդողանին. նա տեղյակ է պահել, երևի, միայն Բարզանիի կլանին և, միգուցե, Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարությանը։ Էրդողանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ճշտեց, որ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, իբր, օդային հարվածների մասին նախազգուշացրել են «սկսվելուց մեկ ժամ առաջ», իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը «Reuters» գործակալությանը հաղորդել է, որ Անկարան կոչնչացնի վերջին «ահաբեկչին»։ Այսինքն` քրդերին։


Երկրորդ, Մոսկվան և Վաշինգտոնը դատապարտել են Անկարայի գործողությունները, ընդ որում` բավական կոշտ։ Ռուսական արձագանքին, կարծում եմ, շատերն են տեղյակ կամ, առնվազն, ինչ-որ բան լսել են։ Կենտրոնանանք այն բանի վրա, ինչ հայտնի է ԱՄՆ-ի արձագանքի մասին։ Սպիտակ տունն անհանգստություն է արտահայտել թուրքական օդային հարվածների առնչությամբ` նշել է բրիտանական BBC-ն: «Քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը ցույց է տալիս, որ Թուրքիան կարող է լինել դաշնակից, բայց ոչ գործընկեր։ Ժամանակն է ԱՄՆ-ի քաղաքականության ռազմավարական վերանայման»,- «Twitter»-ում գրել է Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի (CFR) տնօրեն Ռիչարդ Հաասը։ Ապրիլի 26-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Քսերեչոքս լեռան վրա կատարված թուրքական օդային հարձակման վայր է այցելել ամերիկյան զինված ուժերի մի ներկայացուցիչ, իսկ այդ շրջան թռել է ԱՄՆ-ի երկու մարտական ուղղաթիռ։ Թեև դրանով Վաշինգտոնի արձագանքը առայժմ չի սահմանափակվում։ Իսկ քրդական YPG-ն արդեն սկսել է վրեժ լուծել Թուրքիայից. YPG-ի մարտիկները, «Syrian civil war map»-ի վերջին տվյալների համաձայն, սահմանի վրա ոչնչացրել են թուրքական 4 տանկ, մեկ բեռնատար և 5 զինվոր։ Նաև տեղեկություններ են ստացվում այն մասին, որ PKK-ի մարտիկներն ակտիվացել են հենց Թուրքիայի ներսում. նրանց նկատել են նույնիսկ Դիարբեքիրի մերձակայքում։ Վերջին ամիսների ընթացքում թե՛ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի», թե՛ անմիջականորեն YPG-ի մարտիկներն ընդհուպ մոտեցել են Ռաքքային և ամուր կիսաշրջապատել մեջ են վերցրել արևմուտքից, հյուսիսից և արևելքից։ «Սիրիայի ժողովրդավարական խորհուրդը» հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է օդային հարվածներով կասեցնել հարձակումը Ռաքքայի վրա և օգնել ԻՊ-ին։ Իսկ Էրդողանը, իր հերթին, արդեն քանիցս հանդես է եկել հօգուտ այն բանի, որ «խալիֆայության մայրաքաղաքն» ազատագրի ոչ թե կոալիցիան` քրդերի գլխավորությամբ, այլ Սիրիայի «չափավոր» ընդդիմությունը, այսինքն, Թուրքիայի հատուկ ծառայություններին հպատակության երդում տված թուրքամետ խամաճիկներն ու թուրքոմանները։


Այո, այս ամբողջը ևս մեկ անգամ հաստատում է, որ տարածաշրջանի քրդերի ապագան, մեղմ ասած, «անորոշ» է, ընդ որում` «մինուսով»։ Բայց դժվար է չնկատել, որ լավատեսական ոչ մի բան չի խոստանում Թուրքիայում թուրք-քրդական հակամարտության խորացումը։ Թե՛ ամերիկացի, թե՛ թուրք փորձագետներն ակնբախորեն նշել են, որ «քրդական դաշտում» Ռուսաստանը Սիրիայում գերազանցում է Թուրքիային։ Եվ այստեղից էլ հիմնական հարցը. արդյո՞ք այս ամենը բխում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջև ինչ-որ «top secret» պայմանավորվածությունից։ Թե՞ երկու գերտերություններն օբյեկտիվորեն գործում են, ելնելով յուրաքանչյուրն իր տնային պատրաստությունից, սակայն և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնն արդյունքում նույնն են տեսնում։ Այսինքն, թե՛ Թուրքիայի, թե՛ քրդական գործոնի թուլացում։ Ինչո՞ւ նաև քրդական գործոնի. պատասխանը թաքնված է Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների խճճված սարդոստայնում, ինչպես նաև Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բարդ հարաբերություններում։ Այսպես ասած, «երկու ճամբարն» էլ ահուդողի մեջ է, որ ժամանակի ընթացքում քրդական գործոնը կարող է օգտագործվել... իրենց և իրենց շահերի դեմ։ Այսպես հաճախ է լինում, երբ այս կամ այն ազգությունը, այս կամ այն երկիրը երկար ժամանակ ներկայանում են որպես «յոթ մոր կաթ ծծող խելոք գառ»։ Գերաճած «կոմպլեմենտարությունից» օգուտ գուցե և լինում է, փոխարենը առանձնակի մակարդակի վստահություն երբեք չի լինում։


Կա միայն մեկ հանգամանք, որը թույլ չի տալիս ԱՄՆ-ը վերջնականորեն դասել Թուրքիայի թուլացում ցանկացող երկրների շարքը և հավատալ ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի (CFR) տնօրեն Հաասին, թե Վաշինգտոնը գտնվում է «ԱՄՆ-ի քաղաքականության ռազմավարական վերանայման շեմին»։ Չէ՞ որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում թուրքերի օդային հարվածները հար և նման են սիրիական Էշ-Շայրաթ բազային ապրիլի 7-ին ԱՄՆ-ի հասցրած հարվածներին և Էլ-Կունեյտրայի շրջանում ու Դամասկոսի արվարձաններում Իսրայելի հետագա օդային հարձակումներին։ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի մարտավարությունը նույնն է։ Վաշինգտոնի, Թել Ավիվի ու Անկարայի վերջնական նպատակն էլ է նույնը` Մերձավոր Արևելքում սահմանների վերաձևում։ ՈՒ նշենք` հենց այն ժամանակ, երբ թուրքերը ռմբակոծում էին քրդերին, սիրիական բանակը, ռուս մասնագետների օգնությամբ, Հոմսի նահանգում գրավելով Աշ-Շաիրի նավթագազաբեր դաշտերի բարձունքները, մարտերով ազատագրեց հանքավայրերի ու գազի գործարանի տարածքը։ Աշ-Շաիրի կորուստը ոչ միայն լուրջ հարված է իսլամիստների տնտեսությանը, այլև կարևոր բնագծերի կորուստ։ Այդ կողմից ուղիղ ելք կա դեպի «կենաց ճանապարհ», որը Հալեպը կապում է Սիրիայի մնացած շրջանների հետ։ Աշ-Շաիրի և մերձակա բարձունքների վերահսկողությունը նշանակում է Պալմիրայի պաշտպանություն։ Վերջապես, դա նշանակում է, որ Սիրիայի կառավարական բանակի և իրանական ռազմական խորհրդականների համար ճանապարհ է բացվել դեպի Ռաքքա և համանուն նահանգի նավթի-գազի հանքավայրեր, ինչպես նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակից ուժերի առջև փակվել է այդ կողմից դեպի Ռաքքա տանող ճանապարհը։ Իսկ քրդերն սպառնացել են չգնալ Ռաքքայի վրա։ Եվ, իմ կարծիքով, հենց դա էլ հիմա քննարկելու են ԱՄՆ-ում, Իսրայելում և Թուրքիայում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ