(սկիզբը՝ այստեղ)
Իսկ «քրդական խաղաքարտի» նորագույն խաղարկման մեկնարկը, հիշեցնեմ, սիրիական ողբերգության խորացման ֆոնին տրվեց 2013-ի հունվարին` Մերձավոր Արևելքում շատ հայտնի ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Պիտեր Հելբրայթի կողմից, որը, քրդական «Rudaw» թերթի պնդմամբ, քրդերին խորհուրդ էր տվել սահմանադրական բանակցություններ վարել Բաղդադի հետ` լիարժեք անկախության հասնելու համար։ Էլի որոշ հիշեցումներ հայ հասարակությանն այն մասին, թե ինչ է «Հելբրայթի նախաձեռնությունը», ով է նա, և ինչպես էր ընթանում իրադարձությունների զարգացումը նրա հայտարարություններից հետո։ Քուրդ հասարակության որոշակի մասին անդրադարձը «Իրաքի վախճանը. ինչպես ամերիկյան անիրազեկությունն անվերջանալի պատերազմ ստեղծեց» գրքի հեղինակի վկայություններին ու պնդումներին խիստ հատկանշական է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ քրդերը, նախկինում Իրաքի կենտրոնական կառավարության հետ վեճերում լիովին կանգնած լինելով անզիջում դիրքերում, ջանում են իրենց ցեղակիցների ուշադրությունը հրավիրել ամերիկացի նախկին դիվանագետի կոչի վրա, որը հայտնի է նաև նրանով, որ, այնուամենայնիվ, այլևս ոչ թե դիվանագետ էր, այլ 1993-98 թթ. Խորվաթիայում ամերիկյան կառույցների ու ընկերությունների ներկայացուցիչ և անմիջականորեն մասնակցում էր թե՛ ուժով Հարավսլավիայի կազմից Խորվաթիայի միակողմանի դուրս գալուն, թե՛ նախկին Սերբական Կրաինայի Հանրապետությունում սերբերի հետագա ցեղասպանությանը, թեև միաժամանակ Հելբրայթը Իրաքում պատերազմի հետևողական ու համոզված հակառակորդ էր։ Քրդերի հետաքրքրությունն ամերիկյան նախկին դիվանագետի գաղափարների նկատմամբ չի անցել, և ահա 2017-ի ապրիլին Իրաքում Քրդական տարածաշրջանային կառավարության (KRG) ղեկավար Մասուդ Բարզանին վերստին ազդարարեց, թե, իբր, հանրաքվե է նախապատրաստելու «Քրդստանի» անկախության հարցի վերաբերմամբ։
Միանգամայն ակնհայտ է, որ Բաղդադում Իրաքի շիական կառավարությունը և՛ 2013-ին, և՛ հիմա շատ լավ տեղյակ է, թե ով է Հելբրայթը և ինչ է առաջարկում քրդերին, ինչ նպատակ են հետապնդում քուրդ առաջնորդները Իրաքում ու տարածաշրջանի այլ երկրներում։ Դա երևում էր դեռ 2012-ի դեկտեմբերի 13-ի արձագանքից, երբ Իրաքի կառավարության աշխատակազմի կողմից սուր ռեպլիկ հնչեց Իրաքյան Քրդստանի առաջիկա հնարավոր անկախության մասին խոսակցությունների առնչությամբ. Իրավական պետության կոալիցիայի (SLC) ղեկավարներից մեկը` Իրաքի այն ժամանակվա վարչապետ, միաժամանակ սույն կոալիցիայի ղեկավար Նուրի ալ-Մալիքիի մերձավոր Իզզաթ ալ-Շաբանդարը, «Asharg ալ-Awsat» թերթին տված հարցազրույցում իրաքցի քրդերին փաստորեն կոչ էր արել առանձնանալ և պետություն ստեղծել իր տարածաշրջանի հողերում, վիճելի տարածքները թողնելով միջազգային վերահսկողության տակ մինչև իրենց խնդիրների լուծումը։ Ալ-Շաբանդարը հայտարարել էր, թե «քրդերը կարող են օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից, քանի որ դա համապատասխանում է օրենսդրությանը» և վստահություն էր հայտնել, որ «Իրաքի բոլոր քաղգործիչները կամ նրանց մեծ մասը հավատում են դրան, այդ թվում և վարչապետը»։ Նա նշել էր, որ «դա նրանց (քրդերի-խմբ.) իրավունքն է` օրենսդրորեն հայտարարելու իրենց քրդական պետության ստեղծման մասին, սակայն հանգամանքները կամ ազգային, տարածաշրջանային և միջազգային պայմանները հիմա հարմար չեն դրա համար»։ «Shafaag News» գործակալությունը մեջբերել է նաև Ալ-Շաբանդարի հետևյալ խոսքերը. «Քրդական լրատվամիջոցները Ալ-Մալիքիին մեղադրում են այն բանում, որ նա բարձրացնում է ընտրարշավի պատճառով տարածաշրջանի հետ կապված խնդիրներ, իսկ ես հարցնում եմ նրանց. ինչո՞ւ է ձեր առճակատումը դարձել Ալ-Մալիքիի համար Իրաքի արաբական փողոցի ավելի շատ քվեներ հավաքելու քարոզարշավ։ Ամեն օր մենք առանձնանալու սպառնալիքներ ենք լսում, է, թող առանձնանան»։
Բայց հարցը հենց «վիճելի հողերն» են, որոնք շիաները նույնիսկ չեն պահանջում ապրիորի միայն իրենց համար։ Քրդերը նախընտրում են լռել, բայց չէ՞ որ վիճելի հողերի մեջ են նաև Քրդստանի հիմնական նավթաբեր տարածքները, որտեղ էլ 2013-ի հունվարին իրադրությունը բացահայտորեն սրվում էր։ Այդ քաղաքներում ու օկրուգներում, դեռ Սադամ Հուսեյնի օրոք, ժողովրդագրական պատկերը խիստ փոփոխված էր, ու հիմա արաբներն այդտեղ ամենևին էլ քանակապես սահմանափակ ազգային փոքրամասնություն չեն, նրանց թիվը քիչ է պակաս քրդերի թվից։ Բայց ո՞վ չի հասկանում, որ տարածքային առումով սահմանափակ Քրդստանի անկախությունը, և այն էլ առանց Մոսուլի և Քիրկուկի, պետք չի լինի նույնիսկ իրենց` քրդերին։ Հիմա նրանք իրենց ամբողջ բարեկեցությունը կառուցում են հենց Բաղդադի կողմից չվերահսկվող, Թուրքիայի տարածքով Իսրայելին կատարվող նավթամատակարարումների վրա։ Իրավիճակը շատ է հիշեցնում Ապշերոնի նավթի հետ կապված դեպքը։ Ինչպես հայտնի է, 20-րդ դարի 90-ական թվականներին Արևմուտքն ու Բաքուն տարփողում էին «դարի գործարքի» և այն մասին, թե ահա ուր որ է կասպյան նավթը կհոսի Եվրոպայի շուկաներ, և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կդառնա համաշխարհային նշանակության մի նոր նավթերակ։ Սակայն դա հենց սկզբից բլեֆ էր։ Հենց ադրբեջանական ու թուրքական մեկնաբանները բազմիցս վկայել են, որ նավթն Ապշերոնից իրոք հասնում է թուրքական Ջեյհան։ Բայց ահա այնտեղից ոչ մի Եվրոպա էլ չի գնում, այլ ուղիղ թեքվում է դեպի Իսրայել։ Թել Ավիվում նույնիսկ թուրքերից ու ադրբեջանցիներից լավ գիտեն, որ շուտով «ադրբեջանական նավթային հրաշքը» ցամաքելու է, ուստի արդեն Իրաքյան Քրդստանի անկախության հետ կապված պահեստային տարբերակ է նախապատրաստվում. Իսրայելը խորապես թքած ունի, որ իրենք` քրդերը, պայքարում են և՛ Սիրիական, և՛ Թուրքական Քրդստանի ազատագրության համար և այլն։ Եվ հանկարծ Հարավային Իրաքի շիաները փշրում են իրավիճակի «կոսովացման» սովորական դարձած սխեման և քրդերին ասում են` դե, գնացեք, ազատագրվեք։ Բայց միայն առանց Մոսուլի և Քիրկուկի։ Իսկ հիմա վերհիշենք, թե ինչից սկսվեց տարածաշրջանում ԻՊ խմբավորման «վերելքի պիկը», և այն ժամանակ այդ մասին ինչ էին գրում, ընդ որում` ոչ միայն Իրանում։ Վահաբականները... զավթել էին Մոսուլը, իսկ Բարզանիին մեղադրում էին այն բանում, թե նա ոչ այն է կորցրել էր քաղաքի շրջակա իր դիրքերը, ոչ այն է` ահաբեկիչների հետ դավադիր պայմանավորվածությամբ իր զինվորականներին հրամայել էր հեռանալ Մոսուլի արվարձաններից և անգամ ամբողջ նահանգից:
Իսկ Հելբրայթի ելույթը նաև վկայություն է այն բանի, որ ԱՄՆ-ում ու Իսրայելում արդեն հասկացել են Բաղդադի շիա կառավարության մտադրությունների էությունը։ Հնարավոր է` նաև Իրանի։ Այն է` քրդերին «բաց թողնել», բայց առանց Իրաքի գլխավոր նավթաբեր շրջանների, հեռանկարում ունենալով նաև այն գաղափարը, որ նոր անկախ պետության «աննավթ» անկախությունն ու կիսաընչազուրկ գոյատևումը վաղ թե ուշ քրդերին կմղեն այն բանին, որ նրանք սկսեն կործանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ու Իսրայելի հիմնական դաշնակցին, այսինքն` Թուրքիային։ Հիշենք. Գազայի հատվածում Իսրայելի «Ձուլածո արճիճ» աղաղակող ու դաժան գործողությունից և Գազայի հատվածին օգնություն ցուցաբերելու նպատակով Թուրքիայի իբր ձախողված ռազմարշավից հետո, Անկարան ամեն կերպ ձգտել և ձգտում է ապացուցել, որ առճակատման մեջ է Իսրայելի հետ։ Եվ համարյա «հանուն Երուսաղեմի» աշխարհի մուսուլմանների պայքարի առաջապահ շարքերում և այլն։ Բայց այն, որ, ինչպես կասպյան նավթի պարագայում, հենց Թուրքիան է ապահովում Հյուսիսային Իրաքից Իսրայել նավթի անարգել տարանցումը, լիովին մերկացնում է թուրքական, իբր, իսլամականների, իսկ իրականում ԱՄՆ-ի ու Իսրայելի ազդեցության նույնպիսի գործակալների կեղծությունն ու երկերեսիանությունը, ինչպիսիք դեռ 90-ական թվականներին Նեջմետտին Էրբաքանի գլխավորությամբ թուրքական ամենաառաջին, այսպես կոչված, «չափավոր» իսլամական կուսակցության («Ռեֆահ») ստեղծողներն էին։ Իսկ հիմա, ինչպես հայտնի է, նույն Էրդողանը 2016-ին շտապեց վերականգնել Իսրայելի հետ եղբայրական բարեկամությունը։ Եվ տեսնում ենք, թե ինչի է միտված հարավիրաքցիներին, այսինքն` շիաներին ուղղված «կողմնորոշվելու» կոչը. փաստորեն այն բանին, որ Մոսուլն ու Քիրկուկը, ուրեմն և Իրաքի հիմնական նավթը, հանված լինեն Էրբիլի քրդական կառավարության վերահսկողությունից, ինչը տեսականորեն կարող էր հանգեցնել քրդական անկախացման վեկտորի փոփոխման` ընդդեմ Թուրքիայի, քանի որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադն արդեն չեզոքացրել է սպառնալիքը, Սիրիայի քրդաբնակ շրջանների վերահսկողությունը հանձնելով հենց քրդերին։ Այլ կերպ ասած, առանց Մոսուլի ու Քիրկուկի քրդական անկախությանը իրաքյան շիաների համաձայնությունը «ռազմավարական նիզակ» է դեպի Արևելք Թուրքիայի ազդեցության տարածման դեմ։ Միաժամանակ և Իսրայելին հարված հասցնելու (վառելիքաէներգետիկ և, ուրեմն, կենսապահովման կենտրոններին) նախագիծ։
Այնուամենայնիվ, տեսնելով ու հասկանալով այդ ամենը, ԱՄՆ-ում և Իսրայելում որոշում են ընդունում իրադարձությունների հենց նման զարգացման վերաբերյալ։ Այլապես կխափանեին Սիրիայում, Իրաքում իրենց խամաճիկների գործողությունները, ընդ որում` Վաշինգտոնն ու Թել Ավիվը, կարծես, նույնիսկ վերահսկողություն են սահմանել սիրիացի քրդերի «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» մի մասի նկատմամբ։ Այլապես ինչպե՞ս հնարավոր կլիներ սիրիացի քրդերի այդ մասի դավադիր համաձայնությունը... ԻՊ խմբավորման ահաբեկիչների հետ և վահաբականների համար միջանցքի բացումը Ռաքքայի ու Պալմիրայի միջև։ Քրդական լրատվամիջոցներում էլ է յուրօրինակ կերպով պահպանվում հարցի շուրջ իրարանցումը։ Այսպես, 2013-ի հունվարին բազմիցս հաղորդվել էր, թե Էրդողանն արդեն ունի Քրդական հարցի կարգավորման մի ամբողջ «Ճանապարհային քարտեզ», և որ փետրվարին նա մեկնելու է Վաշինգտոն, որտեղ քննարկման հիմնական թեման կդառնա հենց քրդական անկախությունը։ Նույն տարում Դավոսում եղավ Իրաքյան Քրդստանի նախագահ Բարզանին։ Եվ պարզ է, որ նա Շվեյցարիայում էր հենց այն բանի համար, որ ստանա Արևմուտքի համակողմանի աջակցությունը, ավելի ճիշտ` արևմտյան ներդրողների աջակցությունը։ Որպեսզի նրանք հետայսու ևս ներդրումներ կատարեն Քրդստանի անկախության նախագծում, անգամ եթե հարկ լինի համաձայնել առանց նավթաբեր շրջանների Իրաքի կազմից դուրս գալուն։ Սակայն սցենարի փոփոխումը 2014 թ. արդեն հանգեցրել է նրան, որ Թուրքիայի «միջնորդությամբ» Մոսուլի նավթը, և այն էլ ցածր գնով, տարվել է և դեռ տարվում է Իսրայել։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ