Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Սիրիային նվիրված գագաթնաժողով Անկարայում. բոլոր հարցերը հետաձգված են

Սիրիային նվիրված գագաթնաժողով Անկարայում. բոլոր հարցերը հետաձգված են
17.04.2018 | 01:39

(Նախորդ մասը)

Վատ քայլ չէ Էրդողանի կողմից. «անկախ փորձագետի» հոդվածի միջոցով մի տեսակ ահազանգել Իրանին, թե Անկարան ևս ծարավի է ԱՄՆ-ի զորքերը հանելու Սիրիայից: Երևի Թուրքիայի նախագահը հույս ունի, թե Իրանը «ի գիտություն» կընդունի Թուրքիայի պատրաստակամությունը՝ հանդես գալու Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ: Իլնուր Չելիքը, իհարկե, պարտավոր չէ իմանալ, որ Իրանում Էրդողանին ստիպել էին ստորագրել «մերժել են տեղերում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը» ձևակերպման ներքո: Բայց ինչու իր ստորագրության հետ որոշել է հաշվի չնստել ինքը՝ Թուրքիայի նախագահը, և չի հրահանգել, որ «այդ տարածաշրջաններում վարչական ենթակառուցվածքի վերականգնմանը աջակցություն ցուցաբերելը» հենց այն է, ինչի դեմ հանդես են եկել նախագահներ Պուտինն ու Ռոհանին, ինչի արդյունքում նա ինքը՝ Էրդողանը, ընդունել ու ստորագրել է:

Իմ կարծիքով, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը, շատերի նման, այդ թվում նաև ԱՊՀ անդամ երկրներում, թերագնահատում է Սիրիայի և ամբողջությամբ վերցրած Մերձավոր Արևելքի հարցում ռուս-իրանական դաշինքի լրջությունը: Եվ իզուր. թուրքերը, մնացած աշխարհի նման, ստիպված կլինեն հաշվի նստել այն բանի հետ, որ ապրիլի 4-ի իր հաղորդագրության մեջ IRNA-ն Պուտին-Ռոհանի բանակցությունները բնութագրել է որպես «ռազմավարական մակարդակի համագործակցություն»: «Մենք ունենք երեք կարևոր խնդիր. անվտանգություն և կայունություն, փախստականների վերադարձ և սիրիացիների ձեռքով Սիրիայի Արաբական Հանրապետության բախտի տնօրինում: Մեծ հույսեր ունեմ, որ այսօրվա գագաթնաժողովը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը»,- եզրափակել է Իրանի նախագահը: Այդ լրատվական հաղորդագրության այլ մանրամասներից ևս կարելի է հստակորեն հետևություն անել, որ Թուրքիայում ռուս-իրանական բանակցությունները, ինչպես նաև եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում Պուտին-Ռոհանի գործակցությունը վերաբերել են ոչ միայն Սիրիային կամ սիրիական ողբերգության առանձին նրբությունների: Պերճախոս է Պուտինի հետևյալ միտքը. «Մեր արտգործնախարարները աշխատում են մշտապես, մշտական շփումների մեջ են նաև ռազմական գերատեսչությունները»: ՈՒզում եմ ընդգծել հետևյալը. Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակներում հենց Իրանի նախագահը ԱՄՆ-ին բացահայտորեն մեղադրեց Սիրիայի ինքնիշխանությունը խարխլելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցություն ցուցաբերելու մեջ: Դա լիովին կարելի է ընդունել նաև որպես այն նույն «գեներալ Սոլեյմանիի փաստաթղթերի» հրապարակման գործընթացի սկիզբ, որոնց մասին մարտին նախազգուշացնում էին Իրանի ԱԳՆ-ն ու խորհրդարանականները:


Իսկ դա իրոք այդպես է: Անկարայի գագաթնաժողովի պատճառով համընդհանուր ուշադրությունից մի տեսակ վրիպեց այն, որ նույն օրերին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին միջազգային անվտանգությանը նվիրված Մոսկվայի 7-րդ խորհրդաժողովին մասնակցության կապակցությամբ գտնվում էր Մոսկվայում: Ապրիլի 3-4-ին նա ոչ միայն մանրամասն հարցազրույցներ տվեց ռուսական մի շարք հեռուստաալիքների, այլև բանակցություններ վարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: Ինչպես հաղորդել է «Mehr News»-ը, Շոյգուն և Խաթամին ընդգծել են իրենց երկրների վճռականությունը շարունակելու համագործակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Բանակցությունների ընթացքում Խաթամին նշել է Իրանի ակտիվ մասնակցությունը Մոսկվայի կողմից կազմակերպված անվտանգության բոլոր յոթ խորհրդաժողովներին, հավելելով, որ «երկու երկրների ռազմական համագործակցությունը լավ է զարգանում՝ համաձայն 2015 թ. ստորագրված համաձայնագրի»: Խաթամին ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կշարունակվի մինչև Սիրիայում ահաբեկչության լիակատար չեզոքացում, ավելացնելով. «Երկու երկրների համագործակցությունը հաստատվել է ահաբեկչության դեմ մինչև վերջ պայքարը շարունակելու երդմամբ, և մենք այդ առումով հավատարիմ կմնանք Ռուսաստանի հետ մեր պակտին»:

Շոյգուն ողջունել է Սիրիայի զգալի մասը ահաբեկիչների վերահսկողությունից ազատագրելու ուղղությամբ Իրանի և Ռուսաստանի գործադրած համատեղ ջանքերը, նշել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման տարբեր բնագավառներ, ընդգծելով, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները տարածաշրջանում անվտանգության բարելավման և փախստականների Սիրիա վերադարձի ապահովման ուղղությամբ: «Անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան խորհրդաժողովի ժամանակ մենք կարծիքներ ենք փոխանակում այն թեմաների շուրջ, որոնք քննարկվելու են Անկարայում կայանալիք Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթնաժողովում»,- ասել է նա, ընդգծելով, որ ՌԴ-ն և Իրանը «ուժեղացնում են համատեղ պայքարը Սիրիայում շարունակվող ահաբեկչության դեմ»: Իսկ ահա Ռոգոզինի հետ բանակցությունների մասին հայտնի է միայն այն, որ Խաթամին նրա հետ քննության է առել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, և որ «կողմերը կզարգացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը, դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան»: Կան առայժմ չհաստատված տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանն ու Իրանը շոշափել են իրանական կողմին ռուսական բազմապիսի սպառազինությունների նոր մատակարարումների թեման:


Հարց է ծագում. ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայում այս ամենը շարունակում են անտեսել. չէ՞ որ Ռուսաստանի ու Իրանի կողմից իրենց համագործակցության ճանաչումը որպես ռազմավարական իրողություն, ինչպես նաև Էրդողանին համատեղ հայտարարության ստորագրման հարկադրումը, որը բացառում է եռակողմ համագործակցությունը «տեղերում նոր իրողությունների ստեղծման գործում», ինչպես նաև Շոյգուի և Խաթամիի հայտարարությունները «Սիրիայում շարունակվող ահաբեկչության դեմ, առանց Թուրքիայի մասնակցության, համատեղ պայքարի ուժեղացման մասին», հենց ռուս-իրանական երկխոսության ռազմավարական բնույթի արտացոլումն են: Պատասխանը, ըստ երևույթին, պետք է փնտրել Թուրքիա-ԱՄՆ հարթությունում: Զուր չէ, որ հենց Անկարայի հանդիպումների օրերին Վաշինգտոնը հայտարարեց, որ մտադիր է ևս երկու ռազմաբազա հիմնել, և այն էլ հենց Մանբիջում: Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ում հայտարարել էին Մանբիջ համալրում ուղարկելու մասին, որի շրջանակներում մոտ 300 ամերիկյան զինծառայող ժամանեց տարածաշրջան: Նրանց հետ բերվել են նաև զրահատեխնիկա և շինարարական տեխնիկա: Եվ արդեն ապրիլի 5-ին հետ կանչվեց, ավելի ճիշտ, խմբագրվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե, իբր, ԱՄՆ-ը պատրաստվում է հեռանալու Սիրիայից: Պենտագոնի ներկայացուցիչ Քենեթ Մակքենզին լրագրողներին հայտարարեց. «Մենք միշտ իմացել ենք, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ հաղթանակից հետո փոխելու ենք մեր ներկայության մակարդակը: Այնպես որ, այդ առումով ոչինչ չի փոխվել»: Մակքենզիի ասելով, Թրամփն իրոք պնդում է ամերիկյան զորքերը հանել Սիրիայից, բայց նա զինվորականների համար չի սահմանել զորքերի հանման գործընթացի որևէ ժամանակացույց: Միևնույն ժամանակ, տարբեր աղբյուրներ հաստատում են, որ ամերիկացիները մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը և ընդլայնում են բազաները ոչ միայն Մանբիջում, այլև Սիրիայի հարավի Էթ-Թանֆ քաղաքում, Սիրիայի հյուսիսում և այլուր:


Ամերիկացիների «պասը» Թուրքիան հասկացավ լիովին: Հենց դրա համար էլ Էրդողանը, չնայած Ռուսաստանի և Իրանի դիրքերի բացահայտ զուգադիպությանը, ապրիլի 4-ին, գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո, իրեն բնորոշ անառողջ համառությամբ կրկնեց, թե «Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունը Սիրիայում, քանի դեռ քրդական ջոկատները չեն հեռացել Մանբիջից»: «ՈՒզում եմ մեկ անգամ էլ կրկնել, որ քանի դեռ չենք ապահովել անվտանգությունը YPG-ի հսկողության տակ գտնվող բոլոր շրջաններում, առաջին հերթին Մանբիջում, մենք կանգ չենք առնի»,- ասել է Էրդողանը: Միաժամանակ թուրք նախագահը հավելել է, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միասնական են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում և Անկարայի հանդիպման ժամանակ համաձայնեցրել են իրենց հետագա քայլերը սիրիական խնդրի կարգավորման գործում: Էրդողանը չբացահայտեց այդ քայլերի բովանդակությունը: Իհարկե, այդ «համաձայնեցումների» մանրամասները չբացահայտեցին նաև Պուտինն ու Ռոհանին, սակայն կասկածից վեր է, որ ՌԴ-ն և Իրանը հանդես են եկել ընդդեմ Մանբիջի ուղղությամբ թուրքական ռազմական գործողության. դա երևում է հենց համատեղ հայտարարության տեքստից: Իսկ Էրդողանի լռությունը այլ բան է նշանակում. նրան խիստ անհրաժեշտ է «խորհրդակցել» Թրամփի հետ, որովհետև անգամ Աֆրինի զավթումը դարձավ հենց թուրք-ամերիկյան դավադրության հետևանք, Ռուսաստանի և Իրանի չմիջամտելն արդեն հետագա փուլ էր, քանի որ աֆրինցի քրդերը մերժել էին Մոսկվայի ու Թեհրանի առաջարկությունները: Իսկ ապրիլի 5-ին Թուրքիայի փոխվարչապետ Սեքիր Բոզդաղը արդեն ինքն է «պաս տալիս» ԱՄՆ-ին. «Այնպես, ինչպես YPG/PYD ահաբեկչական կազմակերպությունները մաքրվեցին Աֆրինից, հիմա էլ Թել-Ռիֆաթը կմաքրվի»:

Եվ այսպես, Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը «իր տեղում է», բայց Անկարան շարունակում է օգնել ԱՄՆ-ին «վերաձևելու» Հյուսիսային Սիրիան, մասնավորապես, Հալեպի նահանգի հյուսիսը: ՈՒրեմն, Իրանում կայանալիք հաջորդ եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ թուրքերն ուզում են (ԱՄՆ-ի օգնությամբ, քանի որ մեծացվում է ամերիկյան ռազմական ներկայությունը Մանբիջում, ուստի տրամաբանական է, որ քրդերն այդտեղից էլ դուրս կմղվեն, և քաղաքավանը կհանձնվի թուրքերին) ավելի լուրջ հաղթաթղթեր ունենալ, որպեսզի շանտաժեն Մոսկվային, Թեհրանին ու Սիրիայի կառավարությանը:
Իմ կարծիքով, ամերիկացիներին Թուրքիայի այս «պասերն» արդեն յուրօրինակ պատասխան են ստացել: Չմիանալու շարժման նախարարական խորհրդաժողովի կապակցությամբ ապրիլի 5-6-ին Բաքվում գտնված և տարածաշրջանում շրջագայություն նախաձեռնած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, լինելով Նախիջևանում, Թեհրանի շահագրգռությունը հայտնեց զարգացնելու տնտեսական հարաբերությունները հարևան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը դժվարին պայմաններում կանգնած է եղել Նախիջևանի ժողովրդի կողքին և լավ հարաբերություններ ունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու այդ տարածքի ժողովրդի հետ: Ես հուսով եմ, որ այս այցը կօգնի ավելի բարձր մակարդակի հարաբերությունների զարգացմանը»: Զարիֆը նաև հիշեցրել է Նախիջևանի բարձրագույն խորհրդի նախագահի վերջերս Թեհրան կատարած այցը և հավելել, որ նա ուրախ էր պաշտոնական հրավերով լինելու Իրանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե Թուրքիան որքան խանդոտ է վերաբերվում Նախիջևանին որպես Ադրբեջանի հետ «կամրջի», Զարիֆի հայտարարությունները լիովին կարելի է մեկնաբանել նաև որպես հիշեցում Անկարային այն մասին, որ Իրանն ի վիճակի է թուրքական ազդեցությունից «պոկելու» այդ տարածքը, եթե Թուրքիան վերջ չտա Սիրիայում իր զավթողական գործողություններին:
Իսկ Սիրիայի քրդերը... Իհարկե, նրանց մասին էլ է խոսակցություն եղել, ինչը խոստովանեց ինքը՝ Պուտինը, Էրդողանի հետ բանակցություններից հետո ապրիլի 3-ին կայացած մամուլի ասուլիսում: Քրդական հարցը Սիրիայում պետք է լուծվի այն բոլոր կողմերի ջանքերի առավելագույն համադրմամբ, որոնք ուզում են, որ այդ հարցը լուծում ստանա, այլապես անհնար կլինի վերջնական արդյունքի հասնել: «Քուրդ ժողովուրդը Սիրիայի բազմազգ բնակչության մասն է, ուստի նա իրավունք ունի մասնակցելու բոլոր քաղաքական գործընթացներին, իր տեղը գտնելու ապագա Սիրիայում, բայց, իհարկե, ցանկացած գործընթաց այդ առումով պետք է տեղի ունենա բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի առավելագույն համադրմամբ»,- ընդգծեց Ռուսաստանի առաջնորդը: Այլ խոսքով, պայքարը Սիրիայի քրդական համայնքի համակրանքի համար շարունակվելու է: Եվ այդ պայքարում, ինչպես և այլ հարցերում, Ռուսաստանն ու Իրանը դաշնակիցներ են, ԱՄՆ-ը՝ հակոտնյա, Թուրքիան՝ պատժիչ ու ագրեսոր:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ