Հիսուսն ինչքան մոտենում էր Գողգոթային, այնքան մարդկանց հավատքը գնալով պակասում էր, նրանց աչքերն այնպես էին կուրանում, որ նույնիսկ Հիսուսի միջոցով հարություն առածներն էլ այլևս չէին հավատում, որ իրենք հարություն են առել։ Որտե՞ղ էին թաքնվել հարություն առած Ղազարոսը, բժշկված բորոտները, տեսողություն ստացած կույրերը, շաբաթ օրով բժշկվածները։ Նրանք բոլորն երևի կուրացել էին, մոլորվել և ճանապարհից շեղվել էին։
Իսկ մե՞նք, ու՞ր ենք մենք գնում, արդյոք գնու՞մ ենք դեպի խաչը, դեպի լույսը, դեպի խոսքը, թե՞ մենք էլ ենք ամբոխի նման մոլորվել և չգիտենք ի՞նչ անել։
Հիսուսը մեր կարիքն ունի, Նա մեզ հանձնարարական է տվել, մենք պետք է շարունակենք Նրա սկսած գործը:
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին՝ տեսություն, խոցվածներին արձակելու՝ ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» (Ղուկ4։18):
Այսօր Աստծո և մեր օրն է, այսօր փրկության օրն է, ընդունելի ժամանակում լսեցի քեզ, և փրկության օրումն օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակ. ահա հիմա է փրկության օր» (ԲԿորն.2):
Ժողովողը կասեր. «Ամեն բանի ժամանակ կա… քարեր դեն գցելու ժամանակ և քարեր ժողովելու ժամանակ… որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ» (Ժող 3.1,5-7):
Դժվար է այս ամենը միանգամից անել, բայց բարի գործը, կարեկցանքը և գթասրտությունը չենք կարող հետաձգել և չենք կարող իրարից առանձնացնել։ Հիսուսը չէր դադարում գործելուց, Նա երբեք չհանգստացավ՝ Նա քարոզում էր և բժշկում, քարոզում էր և բժշկում։ Գործքում, աշակերտների միջոցով շարունակվում էին Հիսուսի գործած հրաշքները, որ Աստծո Խոսքը գնալով աճում էր, աշակերտների քանակը շատանում և խոսքը տարածվում էր։ Խոսքը տարածվում էր լսելու միջոցով, հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո խոսքից։
Պետրոսն իր երկրորդ թղթում ասում է.
«Սրա համար եղբայրներ, ավելի ջանք արեք, որ ձեր ԿՈՉՈՒՄԸ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ հաստատ անեք, որովհետև սրանք անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնի։ Որովհետև այսպես առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը» (1։10)։
... և Հիսուսը ժողովարանում Եսայի 61-ը կարդալուց հետո ասաց.
«Այսօր այս գիրքը կատարվեցավ ձեր ականջներում (Ղուկ4։21)։ Երբ որ ժամանակի լրումն եկավ, Աստված ուղարկեց Իր Որդուն» (Գաղ4։4)։
Ե՛կ, Տեր Հիսուս և մտիր մեր կյանքը և լուսավորիր այն քո սրբությամբ։
Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հրաշք օրվա մեջ, բարի լույս։