Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայի վարքականոնը

Հայի վարքականոնը
06.11.2024 | 12:16

Մեր պատմության ծանր վայրիվերումները, մեր հայրենիքի և պետականության կորուստը դարերի ընթացում, մեր ժողովրդի աննախադեպ չափերի հասնող կոտորածները, թշնամիների կողմից մեր մշակույթի և պատմության զավթումն ու յուրացումը կամ ավերումն ու ոչնչացումը, մեզ բռնի կերպով աշխարհով մեկ սփռելը, մեզ սպառնացող ուծացման վտանգը, մեր մտքի և աշխատող - արարող ձեռքի արդյունքը օտարներին անսակարկ բաշխելն ու հաճախ ձեռնունայն մնալը, այսօր էլ մեր հայրենիք-պետությանը սպառնացող մահաբեր վտանգը մեզ՝ հայերիս, պիտի սթափեցնեն, և մենք պիտի ինքներս մեզ ճանաչենք ու հաշվետու լինենք մեզնից յուրաքանչյուրի և հայրենիք-պետության առաջ:


Այս վարքականոնը` հայի վարքականոնը, տարիների ընթացքում է կուտակվել ու դարձել մեկ ամբողջություն. չի՛ կարող մարդը հասարակության մեջ ապրել առանց որոշակի կանոնների, միայն թե այդ կանոնները պետք է ուղղված լինեն տվյալ ազգի բարոյական, պատմական, մշակութային, տնտեսական և քաղաքական շահերի պահապանմանը:

Ես առաջինը նշեցի «բարոյական»-ը…

Ահա այդ վարքականոնը.

ա) Հա՛յ, սիրի՛ր, հարգի՛ր, օգնի՛ր և երբեք մի՛ վնասիր հային, որտեղ էլ դու և նա ապրեք:
բ) Ամեն մի հայ, և բոլոր հայերս լինենք մեր ազգի և մեր հայրենիք -պետության մշակն ու տերը:
գ) Հայրենիքի և պետության շահը գերադասենք անձնական շահերից, որտեղ էլ ապրենք, ինչ դիրք ու պաշտոն էլ ունենանք այդ երկրի հասարակության մեջ:
դ) Մեր պետության և հայրենիքի շահերը երբեք չստորադասենք թեկուզ և բարեկամ հորջորջվող հզոր պետության շահերին՝ ինչ պաշտոն էլ գրավենք այդ երկրում:

ե) Պատմությունից դասեր քաղենք և չկրկնենք հին սխալները. գալիք սերունդները հիշաչար են լինում և չեն ներում իրենց պապերի քաղաքական սխալերը, որ հանգեցնում են մարդկային, մշակութային ու Երկրի կորստի:
զ) Ազգի մեծահարուստների հարստությունը միայն իրենցը չէ, այլ ազգինն ու հայրենիքինն է, հայրենիքին և իր ժողովրդին չծառայած հարստությունը կծառայի օտարին կամ թշնամուն, իսկ հարստության տերը պարզապես ոչնչացվում է հենց այդ երկրի կողմից, ուր ինքը շռայլել է իր հարստությունը: Փաստերը շատ են. հիշենք օսմանյան կայսրությունում մեծահարուստ հայերի հանդեպ թուրքական պետության դաժանություններն ու ունեզրկումը: Չմոռանանք. որ այսօր էլ հազարավոր մեծահարուստներ ունենք օտար երկրներում:
է) Հզոր լինենք և հիշաչարություն ունենանք մեր թշնամիների հանդեպ. թշնամին հաշվի է նստում ուժեղի և հնարավոր վրեժի հետ:
ը) Լինենք ժուժկալ, ապրենք չափավոր և մարդավայել կենցաղով մեր հայրենիք-պետության մեջ և առայժմ օտար երկրում՝ հայրենիք վերադառնալու ստույգ ծրագրով.
թ) Բացառենք օտարների հետ ամուսնությունը.
հայ երեխային հա՛յ կինը պիտի ծնի,
հայ կինը հա՛յ երեխա պիտի ծնի:
ժ) Ազգի ապագան այսօր է կերտվում. կրթենք ու դաստիարակենք մեր երեխաներին ազգային ոգով և հայրենիքի հանդեպ սիրո, իսկ պետության հանդեպ` հարգանքի և պատասխանատվության զգացումով:

ժա) Հիշենք` գաղափարախոսություններն ու ուսմունքները անցողիկ են` գալիս ու գնում են, մնայունը ազգն է: Օտար դավանանքներն ու գաղափարախոսությունները ավերածություններ են անում մեր մտքերում, հոգիներում և հայրենիքում. պետք է ազգովին մերժենք դրանք:
ժբ) Հիշենք. հարգում են ոչ թե այն ազգին, ումից վերցնում են, այլ նրան, ում տալիս են:
ժգ) Հարգենք և սիրենք ինքներս մեզ` մեր ազգը, մեր լեզուն, մեր հայրենիքը, մեր պետությունը.
զավակը չի կարող չսիրել իր ծնողներին, որոնք նրան կյանք են տվել, սնել ու կրթել են և ժառանգել են հոգևոր հարստություն ու նյութական կարողություն:
ժդ) Օտարության մեջ, մանավանդ անապահով և վտանգված պայմաններում ապրող ամեն մի հայ, եթե անգամ իր երակներում ունի 1 տոկոս հայի արյուն, նրան պետք է բերել հայկական հոգևոր և մշակութային դաշտ, նա պիտի իմանա, որ հայ լինելը ոչ միայն պատիվ է, այլև ապահով և շահավետ, որովհետև հայկական բարեգործականները նրան կօգնեն ամենուրեք: Բայց այդ օգնությունը պետք է լինի հսկողության տակ, որպեսզի որևէ մեկը չփորձի եղծել և օժանդակությունը ստանալուց հետո դավադրորեն հեռանալ:
Հայը հային պիտի բարի աչքով նայի, փնտրի, գտնի և օգնի նրան, բայց և պատժի, եթե որևէ մեկը փորձի վնասել և պառակտել Հայությանը։
ժե) Հազար և ավելի տարիներ բուն Հայաստանում պետականությունը կորցրած հայ ժողովուրդի մեջ թուլացել է պետականաստեղծման քաղաքական կարողությունն ու ձգտումը, թեև օտար երկրներոմ ապրած շատ հայեր այդ երկրներում եղել են հզոր և ուժեղ քաղաքական գործիչներ, որոնք իրենց ապրած երկրներում եղել են պետականության հզորացման ազնիվ նվիրյալներ․

Հիշենք Բյուզանդիայի թվով 21 կայսրերին, Ռուսական Կայսրության պետական գործիչ, Ցարից հետո երկրորդ անձ Միքայել Լորիս-Մելիքովին, Արաբական երկրներում ազգությամբ Հայ վարչապետներին և այլոց։ Սա վկայում է և ապացուցում, որ Հայի մեջ չի ոչնչացել իսպառ պետականաստեղծման կարողությունը։ Մենք պիտի ի մի բերենք մեր այդ հզոր կարողությունը և իրականացնենք Հայաստանում պետականաստեղծման և պահպանման գործը։
ժզ) Վերը նշվածից ելնելով՝ լինել զգոն և հետևողական և թույլ չտալ, որ դրսի քաղաքական օտար ուժերը Հայաստանում նշանակեն մեր երկրի նախագահ կամ վարչապետ, արտգործնախարար կամ պաշտպանության նախարար։ Անկախության 35 տարիներին քաղաքական այդ միջամտությունը գործել է ակնհայտ: Հենց դա էլ բերեց նրան, որ Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը պաշտպանողներ չեղան ՝ սկսած ՀՀ նախագահներից և մյուս պատասխանատու պաշտոնյաները։
Երկրորդ Արցախյան պատերազմը և պարտությունը պարտադրվեցին և ընդունվեցին դրսից նշանակված ղեկավար պաշտոնակատարների կողմից:

ժէ) ցանկացած ժողովուրդ, երբ ազատագրվել է գաղութատիրական լծից, իր քաղաքական և տնտեսական ազատությունը հաստատել է Անկախության Հռչակագրով։
Անկախության Հռչակագիրը անբեկանելի և անժամանցելի փաստաթուղթ է, որը ապահովում է տվյալ ժողովրդի և նրա ստեղծած պետության անկախության փաստն ու հարատևումը՝ իր ընդունած Սահմանադրությամբ։
Ոչ մի պաշտոնյա՝ նախագահ կամ վարչապետ, չունեն քաղաքական և իրավական լիազորություն՝ չեղյալ հայտարարելու Անկախության Հռչակագիրը և կամայականորեն փոխելու ՀՀ Սահմանադրությունը:

Ազգն ու ժողովուրդը ինքն է իր երկրի ու պետության տերը, պարզապես մանկուց պետք է սնել ու պատվաստել սերը հայրենիք-պետության հանդեպ և սովորեցնել պետականաստեղծման, պետությունը պահելու և պաշտպանելու քաղաքական հնարներն ու գաղտնիքները:
Մենք ունենք այդ ներուժը։
Այս հոգևոր շաղախը կարող է գործուն ուժ լինել, երբ ամեն հայ ամեն օր ասի ու լսի`
ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐՍ ԻՐԱՐ ԲԱՐԵԿԱՄ ԵՆՔ.
*Հայը հային չի՛ կարող սպանել:
*Չի՛ կարող հայը հային խաբել, խարդավել, վնասել նյութապես ու բարոյապես, որովհետև իրապես բարեկամ ենք մենք, եղբայր ու քույր ենք մենք:
Սիրենք միմյանց, և մենք կլինենք անպարտ մեր հայրենիք-պետության՝ Արարչի գծած սահմաններում:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 13361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ