ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԴԵՄՔԸ`ԸՆԿԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
1992 թվականն էր, աշնանամուտ։ Աշխատանքային օրն ավարտվել էր։ Տուն էի վերադառնում։ Մեր հարկի աստիճաններին էի, երբ մեր բնակարանի հեռախոսազանգի ձայնը հասավ ականջիս։ Շտապով բացեցի դուռը։
- Բարև, Կարինե ջան,- ձայնը և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց։
- Ընկեր Իսրայելյա՞ն, բարև Ձեզ,- պատասխանեցի շունչս պահած։
- Կեցցե՜ս, ճանաչեցիր։ Վաղը կարո՞ղ ես դպրոց գալ,-հարցրեց։
- Իհարկե, կգամ։ Ե՞րբ է հարմար,- հարցին հավաստող հարցով պատասխանեցի։
- Երբ քեզ հարմար լինի, Կարինե ջան։ Ես ամբողջ օրը դպրոցում եմ լինելու։ Կսպասեմ։ Բարի գիշեր։ Մինչ վաղը։
- Բարի գիշեր, ընկեր Իսրայելյան:
Մեր հեռախոսազրույցն ավարտվեց։
Մի տեսակ զարմացած ու մոլորված նստեցի բազմոցին։ «Տեսնես ի՞նչ է պատահել։ Այդ ո՞վ է տեսել, որ դպրոցի տնօրենը զանգի աշակերտին...»։
Օրը բացվեց։ Խմբագրություն աշխատանքի գնալուց առաջ դպրոց մտա (դպրոցը մեր շենքի հարևանությամբ էր), իմ հարազատ կրթօջախը։
Ամեն ինչ առաջվանն էր, աստիճանները, բազրիքները, միջանցքը, դպրոցի բույրը` հարազա՜տ֊ հարազա՜տ։
Վախվորած թակեցի ընկեր Իսրայելյանի աշխատասենյակի` ինձ վաղուց ծանոթ կիսաբաց դուռը։ Ընկեր Իսրայելյանը ժպտալով ընդառաջ եկավ։ Գրկեց` ամեն անգամվա պես, երբ հանդիպում էինք դպրոցն ավարտելուց հետո։ Նույն ջերմությամբ, հարազատի պես։ Շուրջս նայեցի. ամեն ինչ կարծես առաջվանն էր` գրքերով ծանրաբեռնված պահարանները, աթոռները, գրասեղանին` մանկավարժության ու իր դասավանդած առարկայի` մաթեմատիկայի, գիտության ու տեխնիկայի վերաբերյալ ռուսերեն ու հայերեն թերթերն ու ամսագրերը։ Մի պահ մտովի հետ գնացի, երբ «փախել» էիք ֆրանսերենի դասից ու հավաքվել այս նույն սենյակում`
խոստովանելու` ինչու՞ ենք փախել։
Աթոռ առաջարկեց։ Նստեցինք իր` տնօրենի սեղանին կից սեղանի մոտ` դեմ-դիմաց, ասես, հավասարը` հավասարին։ Թեև ես նույն աշակերտուհու երկչոտությամբ էի. չէ՞ որ ընկեր Իսրայելյանը իմ, մեր դպրոցի տնօրենն է։
Անհանգստությունս նկատեց։
- Քո օգնության կարիքն ունենք,- ասաց ու նախորդ օրվա զարմանքս, ասես, կրկնապատկվեց։
- Մի «անկառավարելի» դասարան ունենք, ավարտական դասարան է, ոչ մի ուսուցիչ հետները լեզու չի գտնում։ Միայն դու կարող ես նրանց «բուռդ հավաքել»։ Համատեղության հարցը ես կկարգավորեմ խմբագրի հետ,-ասաց ու հարցական նայեց ինձ։
Հետո բացեց փակագծերը։
«Անկախության հռչակագրից» հետո Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ դրսևորումներից էր ռուսական դպրոցներն անհիմն փակելը (հայկական դարձնելը)։ Քաղաքի միակ` Ստեփան Շահումյանի անվան ռուսական դպրոցի մի խումբ աշակերտներ կամովին ցանկություն էին հայտնել տեղափոխվել քաղաքի լավագույն` հայտնի թիվ 2 դպրոց, ավելի ճիշտ, ինչպես ընդունված էր ասել` «ընկեր Իսրայելյանի դպրոց»։
- Ակտիվիստների դասարան է։ Ոչ մի ուսուցչի չեն ենթարկվում։ Գիտեմ` նրանց ընտանիքներին մոտիկից գիտես, ծնողները քո ընկեր-
ընկերուհիներն են, քեզ հաստատ կլսեն,-ասաց։
...Ոտքի կանգնեցինք։
Զրույցն ավարտվեց։ Ինձ չսպասված, անակնկալ փորձություն էր սպասվում։
Խոստմանս համաձայն` հաջորդ օրն առավոտյան գնացի դպրոց` դասի։ Ինձ վաղուց ծանոթ աշակերտներն էլ, ասես, անակնկալի եկան։ Փառք Աստծո, ամեն ինչ հարթ անցավ` սպասվածից ավելի խաղաղ։
Իսկապես այդ ընտանիքներին մտերիմ լինելը, նրանց ծնողներին ու իրենց ճանաչելն ու մոտիկից իմանալը փրկօղակ դարձան։ Ես իրենց սիրեցի, իրենք մեծ հարգանքով ընդունեցին ինձ, ու այդ բարեկամությունը մինչ օրս նույն ջերմությամբ շարունակվում է։
Հաջորդ օրն առավոտյսն ընկեր Իսրայելյանն ինձ դիմավորեց դպրոցի բակում։
- Ապրե՛ս, Կարինե ջան, համոզված էի, վստահ, որ քեզ անպայման կենթարկվեն,-
ասաց ու ժպտաց իր պես` բարի՜-բարի՜ ժպիտով։
Ապա պատմեց, որ միջանցքում` դասարանի մոտ, անհանգիստ կանգնել, հետևել է։
Իհարկե, նրանց դասավանդման ընթացքում դժվարություններ էլ եղան։ Երբեմն «ըմբոստանում» էին իրենց համար անսովոր շատ հանձնարարականներից, հատկապես, երբ անգիր սովորել էի հանձնարարում։
Հաղթահարեցի ինձ «բաժին հասած» փորձությունը։
Դրանից հետո էլ` տարիներ շարունակ, իր խորհրդով շարունակում էի լրագրողի աշխատանքը համատեղել մանկավարժությանը։ Այդպես` շուրջ տասը տարի մեր դպրոցում, իր` կենսաթոշակի անցնելուց հետո` Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 դպրոցում։
...Ես, որ Երևանի պետհամալսարանում լրագրողի մասնագիտություն էի ստացել, երբևէ չէի մտածել, որ մանկավարժ կաշխատեմ, այն էլ` այն կրթօջախում, որն ավարտել էի։ Կյանքը լի է բազում հետաքրքիր անակնկալներով։
Հիմա` տարիների հեռվից, գունագեղ ժապավենի պես աչքիս առջևով սահում են մեր ուսումնառության տարիներն ու ընկեր Իսրայելյանի բարի, լուսավոր կերպարը։
...Սովորում էինք քաղաքի Եղիշե Չարենցի անվան 8-ամյա դպրոցում։ Մեր նորաստեղծ թաղամասն օրեցօր մեծանում էր, նորանոր բնակելի շենքեր էին կառուցվում։
Գիտեինք, որ նոր դպրոցի շինարարություն է սկսվել։ Անհամբեր սպասում էինք ավարտին։ Եվ ահա բաղձալի օրը` սեպտեմբերի 1-ը (ընկեր Իսրայելյանի ծննդյան օրն է)։
Անծանոթ դեմքեր, պաշտոնյաներ, հյուրեր, նորեկ, երիտասարդ ուսուցիչներ և ժապավենը կտրելու պատիվը տրվում է շրջանում միակ ու առաջինը բացված մաթեմատիկական խորացված ուսուցմամբ նոր դպրոցի նոր տնօրենին` ընկեր Սուրեն Իսրայելյանին։
Ասում են` մարդը հարազատ է դառնում առաջին իսկ հանդիպումից։ Այդպես եղավ նաև ինձ հետ։
Բարձրահասակ, գեղեցկատես ու բարետես, կոկիկ, աչք շոյող հագուկապով տնօրենը։
Այդ օրը` սեպտեմբերյան տոնը, ասես, տեղափոխվեց մեր տուն։
Մաթեմատիկական բացառիկ ունակություններով ավագ եղբայրս այլ դպրոցից ևս տեղափոխվեց մեր դպրոց (կրթօջախի առաջին ոսկե մեդալակիրն է)։
Մի խոսքով` ընտանիքով` ուսուցչուհի մայրս, ավագ ու կրտսեր եղբայրներս և ես նույն դպրոցն էինք հաճախում` ընկեր Իսրայելյանի դպրոցը։ Ու ընկեր Իսրայելյանը դարձավ ոչ միայն մեր դպրոցի, այլև «մեր ընտանիքի դպրոցի տնօրենը»։
Բարեկրթության մասին իմ պատկերացումները ձևավորվել են ընկեր Իսրայելյանի հետ ամենատարբեր շփումների ընթացքում։
Մաթեմատիկական խորացված ուսուցմամբ մեր դպրոցում ուսանում էին քաղաքի ու շրջանի դպրոցներից հավաքագրված` մաթեմատիկական հակումներով, բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող, շնորհալի աշակերտներ։ ՈՒ կրթօջախն էլ աչքի էր ընկնում ամեն ինչով, առաջինն էր համարվում քաղաքում ու շրջանում և դարձել էլ կրթության յուրօրինակ դարբնոց, որտեղ աշխատում էին լավագույն, ճանաչված մասնագետներ։
...Դպրոցական տարիներին արդեն նկատելի էր. հումանիտար նախասիրություններ ունեի և չէի ցանկանում «մաթեմատիկոսների» դասարան գնալ։ Կարճատև զրույցի ընթացքում ընկեր Իսրայելյանն ընդամենն երկու առած ասաց, որոնք տպավորվեցին ու ինձ համար ճակատագրական դարձան։
«Լավ է լինել առյուծի պոչ, քան մկան գլուխ». այս առածով առաջնորդվում եմ մինչ օրս` շփվում միայն այն մարդկանց հետ, ումից սովորելու բան ունեմ։
Այդ օրն ընկեր Իսրայելյանի հետ զրույցից ժողովրդական իմաստության մի խորհուրդ էլ է տպավորվել։
«Այն, ինչ գրեցիր գրիչով, չի ջնջվի բահով, բրիչով»։
Հիրավի, լրագրողական աշխատանքս դրա վկայությունն է։
Այո, ընկեր Իսրայելյանն ամեն ինչով օրինակելի ու պատվարժան մարդ էր, Մարդ` մեծատառով, մեր ապրած պայծառ դարաշրջանի օրինակելի դեմքը։
Բազում առիթներ են եղել նրանից խորհուրդ հարցնելու, ինչու չէ` նաև մտերմաբար կիսվելու։ Ավագ ընկերոջ, փորձաշատ մարդու, հարազատի հոգածությամբ միշտ պատրաստակամ է եղել։
Քաղաքում ու նրա սահմաններից դուրս, հանրապետության կրթության ոլորտում հայտնի` պատվարժան ու ճանաչված մարդ էր։ Գիտելիքների հարուստ շտեմարան` հայոց բառուբանի իմաստնությունը շուրթին, կատակասեր։
ՈՒսուցչի ու աշակերտի մտահոգություններով ապրող։
Ի ծնե մանկավարժ էր` սրտացավ, նրբանկատ։
Ես, թերևս, չեմ ճանաչում որևէ մեկի, ով մեծագույն հարգանքով ու հիացմունքով չարտահայտվեր նրա մասին` որպես մարդ-տեսակի, որպես մանկավարժի, որպես գործընկերոջ, որպես պատվախնդիր լոռեցու։
Նրա ջանքերի շնորհիվ մեր դպրոցը հետագայում հայտնի դարձավ նաև հանրապետությունում։
Նորարար տնօրեն էր` վստահ, որ իր ձեռնարկումները, նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն։
Ավարտական դասարանում էինք։ Մերձբալթյան երկրների կրթօջախներ փորձի փոխանակման գործուղումից վերադարձել էր բարձր տրամադրությամբ, ոգևորված։ Այնքան շատ բան փոխվեց մեր դպրոցում։
Նաև խիստ էր, պահանջկոտ։
Հայրաբար, ավագ ընկերոջ սիրով ու հոգատարությամբ նա ճանապարհ հարթեց նաև իր կրտսեր գործընկերների համար։ Դպրոցին անդամագրված` բուհերի նորավարտ, սկսնակ ուսուցիչները` Մելսիդա Մարանջյանը, Արամ Պետրոսյանը, Ռահիմ Գաբոյանը, Յուրիկ Սիմոնյանը... անցան «ընկեր Իսրայելյանի դպրոց»-ով և հետագայում ճանաչված մանկավարժներ դարձան «Հանրապետության վաստակավոր ուսուցիչ» ընկեր Իսրայելյանի հոգածության շնորհիվ։
Նրա անդուլ աշխատասիրության մասին շատերը գիտեին. հոգնել չգիտեր։ Իր ծննդավայրի` աշխարհին հայտնի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ գտնվող պապենական օջախից հաճախ էր գնացել լսելու դարերի վկա կրթամշակութային կենտրոնի ու հոգևոր սրբավայրի գաղտնիքների մասին ուշագրավ պատմությունները, համոզվել, որ գիտելիքներով հարուստ մարդն է կերտելու Երկիր մոլորակի վաղն ու ապագան։
Դպրոցի աշակերտները, ասես, իր հարազատ երեխաներն էին, ում կյանքով ապրում էր, անսահման ուրախանում նրանց հաջողություններով, հատկապես, երբ բուհ էին ընդունվում ու գալիս «հաշվետվություն տալու» պատվարժան ուսուցչապետին։
Հիմա էլ` դասընկերներով հանդիպելիս, առաջինն ընկեր Իսրայելյանին ենք հիշում, նրան մտաբերում սիրով, պատկառանքով, կարոտով։ Հիշում, թե ինչպես էր դասերից հետո` գյուղի, հողի մշակի հոգածությամբ բահը ձեռքն առնում և իջնում դպրոցին պատկանող ոչ մեծ հողամաս։ ՈՒ գարնանն իր տնկած ծառերի ու թփերի բուրումնավետ երփներանգով և ծաղկաբուրով էր լցվում շրջապատը, մեր դպրոցը։
Մի՞թե այն չէ իսկական հարգանքը մարդու նկատմամբ, շնորհակալությունն ու երախտագիտությունը նրա անուրանալի վաստակի, անմնացորդ նվիրումի հանդեպ, երբ նրան թանկ հարազատի պես ու սիրով են հիշում դպրոցի բազմահազար շրջանավարտները` աշխարհի տարբեր ծագերում։
Ասում են` օրինակելի մարդը օրինակելի է ամենուր, ամեն ինչում։ Ճշմարիտ է։
Գեղեցկուհի կնոջ` բարության մարմնացում տիկին Էմմայի համար անմնացորդ նվիրված, սիրված ամուսին էր, դստեր` Կարինեի` Կարինե Սուրենովնայի (հանրապետությունում ճանաչված ու հարգված բժշկուհի) և նրա ամուսնու` բժիշկ Վաչագանի (ում միշտ հարազատի պես է ընդունել) համար` հրաշալի հայր ու խորհրդատու, երկվորյակ սիրասուն թոռների` իր անվանակիր Սուրենի ու Վալենտինայի (Տինա) համար` անփոխարինելի, հոգատար պապիկ։ Ցավոք, դժբախտ պատահարի զոհ վաղամեռիկ որդու` Գագիկի կարոտը հոգու խորքում այդպես էլ մնաց անթեղված։
Ընկեր Իսրայելյանը` պատվարժան Սուրեն Գարեգինովիչը, իր ապրած բարդ դարաշրջանի դիմագիծն էր` կյանքով,
կենսագրությամբ, մանկավարժի բեղուն վաստակով, հանրագիտարանային գիտելիքներով, մտավորական֊
ինտելիգենտի տեսանելի, առինքող կերպարով։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ