Անզեն աչքով էլ տեսանելի է, որ իրեն հատուկ նախընտրական ամբոխահաճ իմիջի կառուցմամբ չէ ամեն ինչ պայմանավորված։ Կա հիստերիան սնուցող ավելի խորքային պատճառ, անբավարարվածություն, որն էլ հանրության առաջ նրան դարձնում է խղճուկ և անօգնական։ Բանն այն է, որ իր քաղաքական զինանոցում եղած երբեմնի գործուն զինատեսակները սկսել են աշխատել ոչ պրոդուկտիվ, երբեմն` կոնտրպրոդուկտիվ։ Հանրությանը համոզիչ երկխոսության մեջ ներքաշել չի ստացվում այլևս, և սա ամենից շատն է խթանում հիստերիան։ Հիմնական պատճառներն են.
1. Պոպուլիզմի ավանդական գործիքները` «նախկիններն ու թալանչիները, բռնեմ, ծեփեմ, սնանկացնեմ, դատեմ» և այլն, այլևս չեն աշխատում։ Իր հետ կոնկրետ հարցերով չշաղկապված մարդիկ վաղուց են հասկացել, որ դրանք լավագույն դեպքում աշխատում են կամայաբար` պայմանավորված նեղ քաղաքական նպատակահարմարություններով։
2. Այլևս չի աշխատում` «ժամանակ տվեք, կանենք» սպասումի ձևավորումը։ Ութ տարին փոքր ժամանակ չէր գեթ 1 հիմնարար նախաձեռնություն սկսելու և ավարտին հասցնելու համար։ Հանրության մեծամասնության պատկերացումներում այս իշխանությունների նկատմամբ ձևավորվել է անօգնականության ընկալում։ Ստալինը առաջին 2 հնգամյակների ընթացքում (1928-1937) Խորհրդային երկրում ծանր պայմաններում կառուցել է 9 հազար արդյունաբերական ձեռնարկություն, որոնցից միայն 44 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն՝ Խորհրդային Հայաստանում։
3. «Նախկինների հանդեպ հանրության ունեցած նողկանքի» վրա կառուցված տարիների միֆը ևս փլուզվել է։ Նյարդայնացնում է հատկապես այն, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ու անարգել պտտվում է Երևանի փողոցներում, մարզային բնակավայրերում, իսկ ինքը` ոչ։ Ավելին, այսօր փողոցներում անթաքույց նողկանք արտահայտում են հենց իր հասցեին` ուղիղ և չմիջնորդավորված։
3. Տեղեկատվական ժամանակակից հնարավորությունների սթափեցնող էֆեկտը։ Եթե նախկինում ծուղակից դուրս պրծնելու համար կարող էր, օրինակ, ասել` ե՞րբ եմ նման բան ասել, այսօր, երբ համացանցը հիշում և հիշեցնում է ամեն ինչ, այլևս սողոսկելու հնարավորությունները դառնում են սահմանափակ։ Երբ համազգային և համապետական զգայուն խնդիրների վերաբերյալ 8 տարիների ընթացքում 6 անգամ հիմնարար ձևով փոխում ես տեսակետդ, պետք է պատրաստ լինես առերեսվելու մղձավանջային միջադեպերի։
5. Այսպես կոչված խաղաղությունը «պատերազմի եռագլուխ կուսակցության» գաղափարին հակադրելու փորձերը ևս արդյունք չեն տալիս, եթե չասեմ՝ տալիս են հակառակ արդյունք։ Պատճառները բազմաթիվ են, որոնց կարելի է լրացուցիչ անդրադառնալ։ Այստեղ ցանկանում եմ բավարարվել Ստալինից ևս մեկ օրինակ բերելով։ Ասում էր` մինչև ԱՄՆ նախագահ Ռուզվելտին հանդիպելը, ինձ թվում էր դեմոկրատիան դա ժողովրդի իշխանությունն է, բայց բավական էր հանդիպեի Ռուզվելտին, որպեսզի հասկանայի, որ դեմոկրատիան դա ոչ թե ժողովրդի, այլ ամերիկյան ժողովրդի իշխանությունն է։ Հիմա, երբ տեսնում են «խաղաղության և պատերազմի» վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների թեզերի նույնականությունը, մարդիկ հասկանում են, որ խոսքը ոչ այնքան պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյակցության, որքան ադրբեջանա-թուրքական նարատիվների այսուհետ խաղաղ պայմաններում իրագործման մասին է։
Գարեգին Պետրոսյան