Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԽԻՍՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՅՑ

ԽԻՍՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՅՑ
20.07.2010 | 00:00

Երեկ իշխանական և ընդդիմադիր մի շարք շրջանակներ խիստ անհանգստացած էին: Արա Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովն անսպասելիորեն փոխել է իր այցի գրաֆիկը և դրա ավարտին հանդիպել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ:
Այցի փաստն ինքնին հետաքրքիր էր ընտրությունների բուռն նախապատրաստություն տեսնող իշխանության (նկատենք, Ժուկովին ոչ միայն ընդունեց, այլև նրա հետ համատեղ ասուլիս տվեց ՀՀ արևմտամետ համարում ունեցող Տիգրան Սարգսյանը, և դա ամենևին էլ պայմանավորված չէր Արմեն Գևորգյանի` Հայաստանում չլինելու հանգամանքով, այլ որ Տիգրան Սարգսյանը, մանավանդ վերջերս, սկսել է «մանրամասն» սիրել մեր հյուսիսային խիստ ռազմավարական գործընկերոջը և լեզվի օրենքի փոփոխության այս թեժ օրերին սկսել նույնիսկ ռուսերեն խոսել. հիշենք ՌԴ դեսպանատանը` հայտնի տոնի առիթով):
Իսկ ընդդիմության մասով ընդհանրապես հետաքրքիր էր` մանավանդ Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ 16-րդ համագումարի ելույթից հետո, ուր ահավոր շատ էր կարևորել ՌԴ-ի հետ հայոց հարաբերությունների ամրացման անհրաժեշտությունը: ՈՒ պարոն Ժուկովը` փոխանակ «ժուկով ու ժամանակով» գնար ՀՀՇ-ենց «տուն», ծրագիրը «խառնշտորել», գնացել է ՀԺԿ-ենց տուն:
Լուրի իսկությունը և «մնացածը» փորձեցինք ճշտել անձամբ ՀԺԿ առաջնորդից: Ստեփան Դեմիրճյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ, այո, պարոն Ժուկովը կիրակի ժամը չորսին, Արա Աբրահամյանի ուղեկցությամբ (հիշենք, որ Դեմիրճյաններն ու Աբրահամյանները բարեկամական հարաբերությունների մեջ են), այցելել է իրենց տուն` կնոջ հետ, թեյել են (Ժուկովը ճաշած է եղել ՀՀ իշխանությունների հետ), մեկ ժամ անչափ ջերմ մթնոլորտում զրուցել են, հետո այնտեղից Ժուկովները մեկնել են ուղիղ օդանավակայան:
-Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա՞ր այդ հանդիպումում,- հարցրինք պարոն Դեմիրճյանին:
-Ոչ մի,- պատասխանեց նա,- Դեմիրճյանների և Ժուկովների ընտանեկան բարեկամությունը շատ վաղուցվա պատմություն ունի, և ամենամեծ ցանկության դեպքում իսկ նման ենթատեքստ գտնել հնարավոր չէ:
Այնպես որ, և՛ ընդդիմությունում, և՛ իշխանությունում կարող են հանգիստ շունչ քաշել:
Չնայած` ի՞նչ իմանաս. բերանո՜վ ես ասում` ՌԴ փոխվարչապե՜տ, Պուտին Վլադիմիրի աջ ձեռք, ռազմավարական գործընկերությո՜ւն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ