Էրիկ Յան Զյուրխերի «Թուրքիա. ժամանակակից պատմությունը»՝ հայերեն
											 
													10.12.2019 | 02:46
						ԵՊՀ-ի  արևելագիտության ֆակուլտետի  թյուրքագիտության ամբիոնը  կազմակերպել էր հոլանդացի թուրքագետ Էրիկ Յան Զյուրխերի «Թուրքիա. ժամանակակից պատմությունը» գրքի «Մատենագիտական ակնարկ» էլեկտրոնային հավելվածի  հայերեն թարգմանության շնորհանդեսը: Նախաձեռնությունը իրականացրել են  թյուրքագիտության ամբիոնի  ուսանողներ Հովհանա Թորոսյանը և Էլյա Հարությունյանը։   ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կարծիքով՝ սա  հետաքրքիր և ուսանողակենտրոն  միջոցառում է ոչ  միայն  ուսանողների, այլև թյուրքագիտությամբ հետաքրքրվող լայն  շրջանակների համար. «Մի հարց կա, որը  միշտ  ուսանողությանը հետաքրքրում է՝ որտեղից  գտնել  անհրաժեշտ գրականություն թյուրքագիտական տարբեր  հետազոտությունների համար, և որ գրքերն են համապատասխանում  գիտականության և օբյեկտիվության չափանիշներին: Թյուրքագիտության  ասպարեզում   Էրիկ Զյուրխերը  համարվում է  հեղինակություն: Նրա  գրքերն  ունեն դասական, ոչ  քաղաքական  բնույթ»: Թյուրքագիտության ամբիոնի  դասախոս ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆՆ  ասաց, որ  Զյուրխերի դասական դարձած  «Թուրքիա. ժամանակակից պատմությունը»   դասագիրք է աշխարհի շատ երկրների բուհերում. «Գրքում  ներկայացված է  Օսմանյան կայսրությունից մինչև մեր օրերի  Թուրքիայի պատմությունը: Այդ գրքի համար 2005-ին  Զյուրխերը պարգևատրվել է շքանշանով: ՈՒշագրավ է, որ 2015-ին Զյուրխերի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին,  քանի որ հեղինակը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին   ընդառաջ, հանդես եկավ բաց նամակով. «Ես,  որպես թյուրքագետ, որը մի քիչ իրավունք ունի խոսելու  Թուրքիայի պատմության մասին, ասում եմ՝ ժամանակն է, որ  Թուրքիան ճանաչի  Հայոց  ցեղասպանությունը»: 
 
Վարուժան Գեղամյանը նշեց, որ նամակը մեծ իրարանցում  էր  առաջացրել ոչ  միայն  նեղ թյուրքագիտական համայնքում, այլև Թուրքիայի Հանրապետությունում, ինչից հետո  Զյուրխերը Նիդերլանդներում  Թուրքիայի դեսպանատուն է գնացել և հանձնել  վերոհիշյալ շքանշանը: 
Տեղին է հիշատակել, որ սուլթան Աբդուլ Ազիզը, տպավորված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու Ստամբուլը պատկերող հրաշալի կտավներով, ի նշան երախտագիտության,  ծովանկարչին նվերներ և  պատվո  ադամանդյա շքանշան էր հանձնել, սակայն Աբդուլ Համիդի իրականացրած ջարդերից հետո Այվազովսկին հանեց սուլթանի  շնորհած բոլոր շքանշանները և կախեց Ռեքս շան վզից, նավակով լողաց դեպի ծովի հեռուները, Ռեքսի վզից հանեց վզնոցը և զայրույթով նետեց ալեծուփ ծովը։
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ 
							Լուսանկարներ
							
												
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ