Սիրելի բարեկամներ, անկասկած բոլորդ հիշում եք քովիդի տարին և անկասկած կհիշեք նաև կորոնավիրուսի դեմ գործի լծված շտաբի աշխատանքները։
Ինչու՞ էր ստեղծվել այդ շտաբը:
Նպատակը մեկն էր` հնարավորի և անհնարինի սահմաններում փրկել մարդկանց, թույլ չտալ վարակի տարածումը, օգնել ապրուստի միջոցներից, աշխատանքից զրկված անձանց, դեղով, առողջապահական ծառայությամբ մեղմել հիվանդությունը, կանխարգելել նրա տարածումը, օգնել տնտեսվարողներին հարկադիր պարապուրդի վնասները փոխհատուցելու։
Հիշու՞մ եք Երևանի փողոցները:
Դատարկ, անմարդաբնակ, չարագույժ, մահով ու շտապ օգնության մեքենաների բոթաբեր շչակներով լի։
Չկար ո՛չ մի համերգ, ուրախ, զվարթ հավաքույթ, չկային ուտելիքի ծանրության տակ ծռված սեղաններ, փորները ցցած հանդիսավարներ։
Բոլորը հասկանում էին, որ աղետը թակել է երկրի դուռը, գիտակցում էին, որ ամեն հաջորդ օրը տասնյակ մարդիկ հեռանալու են կյանքից։
Բոլորը հասկանում էին, իսկ անհանդուրժող մարդկանց օրենքի նորմերով տուգանում էին։
Որովհետև երկիրն աղետի մեջ էր, վտանգի մեջ էր երեք միլիոն մարդ։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա:
Արցախում կրկնվում է նույն քովիդը, բայց քաղաքական։
120 000 մարդկանց կյանքը վտանգված է, չկա դեղորայք, չկա հաց, չկա բուժօգնություն, փակվել են գործարանները, մարդիկ մնացել են առանց աշխատանքի և գոյության միջոցների,ցտնտեսությունը կանգ է առել։
Աղետի մեջ գտնվող մարդկանց մասին կարծես մոռացել են:
Մի՞թե նրանք մերը չեն:
Մի՞թե նրանք մեր հայրենակիցները չեն:
Մի՞թե նրանց անձնագրերը հայկական չեն:
Արձանագրենք, որ իշխանությունը նույնիսկ շտաբ չի ձևավորել, նույնիսկ նվազագույն միջոցառումներ չեն ձեռնարկվում Արցախում աղետը կանխարգելելու համար։
Ինչու՞ չի ձևավորվում նման շտաբ:
Ինչու՞ դրա աշխատանքներին չի ներգրավվում հայրենասեր քաղաքացին:
Վերջապես ո՞վ պետք է պատասխան տա ՀՀ տնտեսության մի մասը համարվող Արցախի տնտեսության քայքայման համար։
Կարծում եմ` շուտափույթ կարգով պետք է իշխանություններին ստիպել կազմակերպելու հանրային շտաբ Արցախում կատարվող աղետը կանգնեցնելու համար։
Մինչ այդ, բոլորին խորհուրդ կտայի հետաձգել առատ սեղաններից կատարվող ֆոտոների սփռումը և զվարճանքի վայրերում տրճիկ տալու այսօր արդեն զզվելի վիդեոների տեղադրումը համացանցում։
Մա՛րդ եղեք մինչև շտաբի ձևավորումը գոնե։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Շտաբը պետք է լինի հանրային, և իշխանավորները պետք է հանրությանը ներկայացնեն հնարավոր ռեսուրսները և անհրաժեշտ միջոցառումների պլանը։
Մենք Արցախը կորցնելու մտքի թշնամին և մերժող հասարակություն պետք է լինենք։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ