«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ի հեճուկս բոլոր հակահայերի Արցախն ընտրել է իր ճանապարհը` պայքարի ճանապարհը

Ի հեճուկս բոլոր հակահայերի Արցախն ընտրել է իր ճանապարհը` պայքարի ճանապարհը
23.07.2023 | 11:54

Մեկ ամիս առաջ կառավարության նիստում Նիկոլն այսպիսի մի կասկածելի միտք արտաբերեց, ինչին շատերը չարձագանքեցին, թերևս չնկատեցին, կամ ուշադրություն չդարձրին.

«Որքան էլ ծանր լինի թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ էմոցիոնալ, առումով, մենք ինքնատիրապետումը որևէ առումով չպետք է կորցնենք»։

Հիշեցի նրա խոսքերը՝ ասված 44-օրյա պատերազմի առաջին թեժ օրերին, երբ խորհրդարանում ամբիոնը գրկած` հայտարարում էր. «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»,- ասաց ու երկիրը տարավ արյունոտ պարտության:

Նա լավ գիտեր, որ հայ ժողովրդին տանում է նախապես պայմանվորված ու տանուլ տված պատերազմի:

Իսկ այսօ՞ր ինչ նոր աղետ է մտմտում այս հակահայը արդեն իսկ աղետի մեջ գտնվող Արցախի ու Հայաստանի համար, երբ հիմա էլ հորդորում է «ինքնատիրապետումը որևէ առումով չկորցնել»:

Ի դեպ, Փաշինյանն այս հայտարարությունը հնչեցրեց բրյուսելյան բանակցությունների նախաշեմին` հուլիսի 6-ին:

ՈւՒ նա շատ լավ գիտեր, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումը հերթական հակահայկական քննարկումն է լինելու, որ բանակցություններում այլևս չկա Հայաստան, չկա հայկական շահ, որ ողջ քննարկումը` իր լուռ համաձայնությամբ, ծավալվելու է ադրբեջանական օրակարգի շուրջ:

Այդպես էլ եղավ:

Եվրոպացի չինովնիկները, նախ Շառլ Միշելը, հետո Տոյվո Կլաարը հանդես եկան Արցախի համար խիստ վտանգավոր հայտարարությամբ` հումանիտար բեռները պետք է տեղափոխվեն Աղդամով`Ադրբեջանի տարածքով: Սա նշանակում է, որ Հայաստանն Արցախին կապող Բերձորի-Լաչինի միջանցքը, ըստ էության, այլևս չի գործելու:

Միշելի հայտնի հայտարարությունը ադրբեջանական դիրքորոշում է:

Ավելի վաղ այդ մասին բարձրաձայնել էր Արդրբեջանի ԱԳ նախարարը. Միշելը բառացիորեն կրկնեց Բայրամովի խոսքերը:

ԵՄ-ն պարզ ասում է` չկա Լաչինի միջանցք՝ կա Աղդամի ճանապարհ: ԵՄ-ն պահանջներ է դրել շրջափակման մեջ, ծանր վիճակում գտնվող Արցախի առաջ`Բաքվի հետ գնալ երկխոսության ինտեգրման շուրջ և ընդունել Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն ստանալու Ադրբեջանի առաջարկը:

Առհասարակ, Բրյուսելից հնչող հայտարարությունների հիմքում ամբողջությամբ ադրբեջանական թեզերն են: Հավաքական Արևմուտքը բանակցություններում առաջ է մղում միայն ադրբեջանական օրակարգ և սպասարկում միայն Ադրբեջանի շահը:

ԵՄ հայտարարությունը, նրանում տեղ գտած գաղափարը ոչ միայն ոտնահարում է միջազգային իրավունքը, այլև առաջին հերթին ոտնահարում է բարոյականությունը: Եվրոպան շատ լավ գիտի, որ Ալիևը ամենակոռումպացված լիդերներից մեկն է աշխարհում, և դրանով հանդերձ ասում է` արցախցիները պետք է գտնվեն այդ բռնապետի տիրապետության տակ: Ստացվում է, որ Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու հայրենազրկել ու մահվան դատապարտել:

Ստացվում է` Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերից չի բխում Արցախի գոյությունը:

Այն, որ արցախյան խնդրով ակտիվացել է ԵՄ-ն` առաջ մղելով Ադրբեջանի հետ իր տնտեսական շահերը, հետևանք է Փաշինյանի կողմից վարվող հակաարցախյան, հակահայկական քաղաքականության:

Բրյուսելից 5 օր անց կառավարության նիստում, ահա թե ինչ է խոստովանում Փաշինյանը. «Բանակցությունները, ցավոք, Լաչինի միջանցքի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեցին: Եվ ես չեմ կարող կոնկրետ արդյունքներ ներկայացնել»։

Ի՞նչ է ստացվում, անարդյունավետ բանակցություններից խոսում է մեկը, որն իրեն «գերագույն գլխավոր» հայտարարած` ԱԺ ամբիոնից մատը թափահարելով սպառնում էր.

«Ինչ կուզենք, էդ էլ կբանակցենք, թող ոչ ոք չասի, թե ի՞նչ եք բանակցում»:

Իսկ այսօր էդ «դուխով» բանակցողը, տարածաշրջանում «խաղաղության դարաշարջան» բացողը խոստովանում է` Բրյուսելում արդյունք չենք գրանցել:

Կարծում եմ, Փաշինյանը բանեցնում է իր հերթական կեղտոտ տեխնոլոգիան` իր համաձայնցված խաղը «բարեկիրթ» գործընկերոջ` Ալիևի հետ:

Երևանից ինքն է խոսում ձախողված բանակցություններից, դրանով ժողովրդին հուսահատեցնելով, իսկ օկուպացված Շուշիից Ալիևն է հոխորտում ու «դուխովից» պահանջում.

«Կրկնիր մեր բառերը՝ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան: Ղարաբաղը մեր ներքին գործն է, Ղարաբաղում բնակվող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն կամ փնտրեն իրենց համար այլ բնակության վայր: Նրանք երկու տարբերակ ունեն ընտրելու՝ կամ կապրեն Ադրբեջանի դրոշի տակ կամ կհեռանան»:

Փաշինյանի վարչախումբը դավաճանել է Արցախին ու արցախահայությանը: Այս խունտան հանձնել է Արցախը Ադրբեջանին ու հիմա Ալիևը սպասում է, որ այդ հանձնմանը իրավական վերջնական տեսք տալ, այսինքն, «խաղաղության պայմանագիր» կոչվածում ամրագրի այդ մասին:

Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հայադավ քաղաքականության հետևանք է: Նիկոլն հանձնել է Արցախը Ադրբեջանին, Նիկոլի ջանքերով է, որ Հայաստանն այսօր դադարել է լինել աշխարհաքաղաքական գործոն, Նիկոլն է մեր երկիրը վերածել մի տարածքի, որտեղ ով ինչ շահ ունի`մեր հաշվին իրացնում է:

Եվ այսօր Արցախը կանգնած է «ընտրության» առաջ. գաղթե՞լ, ցեղասպանվե՞լ, ընդունել ինտեգրման Բաքվի առաջա՞րկը:

Ի հեճուկս բոլոր հակահայերի Արցախն ընտրել է իր ճանապարհը` պայքարի ճանապարհը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 15874

Մեկնաբանություններ