Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պարը քարացավ...

Պարը քարացավ...
07.02.2024 | 14:23

Մի պահ պարը քարացավ:

Օդում քարացան նաև Յարխուշտայի զարկերը:

Այդ պահին Հայոց պարի մերօյա Քրմապետ Գագիկ Գինոսյանի հոգին արդեն սավառնում էր Հայկական լեռնաշխարհի վրայով և գարնան արևոտ շարմաղ անձրևի պես մեր դյուցազնական պարերն էր շաղում կարոտյալներին:

Փշրվեց Գագիկ Գինոսյանի կյանքի մեծ ժայռը, բայց նրա ոգեղեն բեկորները դեռ երկար մեզ հայ կպահեն: Նա Հայոց պարի թագադիր ասպետն էր, Քրմապետը, հրամանատարը, ում այրուձի զինվորները Հայոց պարերն էին:

Հեթանոս հայերը Տերնդեզի ծես ունեին, որտեղից մարդիկ վառվող թոնրից կերոններով կրակ էին տանում իրենց թոնիրներին ու օջախներին, որ սրբազան հացը միշտ արդար մնա, օջախները՝ շեն, բանակը՝ հզոր: Գագիկ Գինոսյանն այդ հեթանոս թոնրի սրբազան կրակն է, որ ոգի ու շունչ էր տալիս, արթնացնում ու շարունակում գենետիկ հիշողությունը, որ հարատևի սերունդների սրբազան կապը:

Իմ սիրելի Էրգրացի եղբայր Գագիկ, միտքս Յարխուշտայի զարկերի պես քարացել է օդում, բառերը թաքնվում էին ինձանից, աչքերիս թաքուն խոնավությունը ներսում մնաց: Առաջին ու վերջին անգամ դու մեզ մոլորեցրիր, մեր պարի Սասնա Ծուռ:

Պարի ժամանակ ձեռքիդ դանակը քո Թուր Կեծակին էր, որոնում էիր Քուռկիկ Ջալալուն, Շաղգամի արտի պառավը զենքերի տեղը դեռ չէր ասել:

Շարունակի՛ր ճախրանքդ, սավառնի՛ր, Գագիկ Գինոսյան, զի դա է քո արվեստը:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 36186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ