Որ անՏԵՐ մնացած Հայաստանն արդեն 7 տարի գտնվում է թուրք-ադրբեջանական տիրապետության տակ, և որ ՆՓ & ՔՊ контора-ն այդ տիրապետության իրականացնողն ու երաշխավորն է՝ վաղուց արդեն արձանագրված փաստ է: Այս փաստի հետ հաշվի չնստողները կամ մանկամիտ են կամ էլ անմեղսունակ… մեղմ ասած: Ադրբեջանի ազգային հերոսի կոչման իրական հավակնորդն ու իր թիմը այլևս բաց, ուղիղ տեքստով ասում են այն ամենը, ինչը պատրաստվում են անել:
Alea iacta est (վիճակը նետված է) և «գեոքաղաքական տունտունիկ» խաղալու ժամանակն էլ վաղուց սպառված՝ կամ Հայ ազգը Հայաստան պետությունը սեղմ ժամկետում ազատագրվում է օտար տիրապետության ճիրաններից և շուտափույթ ձեռնամուխ է լինում առկա դաժան մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելուն, կամ սուսուփուս լքում է իր 5000-ամյա բնօրրանի վերջին կտորը ևս և համալրում նվաստացած և թափառաշրջիկ ցեղախմբերի շարքը՝ հետագա իսպառ բնաջնջման հեռանկարով: Հանգուցալուծման պահը եկել է, հանգուցալուծումն արդեն իսկ թակել է աշխարհի երեսին բնակվող բոլոր հայերի դռները:
Այլևս բացահայտ զռռռում է, որ ՆՓ & ՔՊ контора-ի հետ մենք գնում ենք երաշխավորված և անխուսափելի կոր-ծան-ման:
Կործանումը կանխելու կոչված բոլոր տեսակի ձև և բովանդակություն ունեցող պետական և ազգային համակարգերն ու ինստիտուտները սպառել են իրենց և այլևս սնանկ են: Մնացել է մեկ տարբերակ՝ ժամ առաջ, որևէ (ցանկացած) ձևով պետք է սրա ձեռքից վերցնել երկրի ղեկն ու հանձնել այն կործանումը կանխելու և երկրին ՏԵՐ կանգնելու պատրաստակամ և ունակ այլ մարդու:
Հարցերի հարցը՝ ու՞մ:
Ինչ է, 15 միլիոնանոց ազգի մեջ չկա՞ մի հոգի... ընդամենը մի հոգի՝ որն ունի ազգի առաջնորդ կարգվելու որակներ և որն արժանապատվորեն ՏԵՐ կկանգնի իր արյունաքամ Հայրենիքին և նվաստացած Պետությանը:
Ինչ է, 15 միլիոնանոց ազգի մեջ չկա՞ մի մարդ, որը դուրս է գտնվում «նախկին-ներկա», «սև-սպիտակ», «փրկիչ-դավաճան» տիրույթից, որն ունի արժանապատվորեն ապրած կյանքի վրա հենված անբասիր վարկ և իրական հեղինակություն, որը հմտորեն տիրապետում է ճգնաժամային
ղեկ-ա-վարման արվեստի նրբություններին՝ սառնասիրտ է, հավասարակշված և իրատես, որը պատվի բարձր զգացողությամբ ուղնուծուծով Հայ է և Հայրենիքի նվիրյալ... և այս օրհասական շրջանում պատրաստ է կրելու Պետության ղեկը վարելու ծանր, բայց պատվաբեր բեռը:
Միանշանակ՝ կա՛:
Վստահաբար՝ կա՛:
Պարզապես պետք է «գտնել ու ասպարեզ հանել» այդ մարդուն և «խնդրելով», «պահանջելով» երկրի ՏԵՐ կարգել նրան... վերահաս կոր-ծա-նում-ից խուսափելու միակ տարբերակն է սա :
Հայոց երկիրն այս անՏԵՐության վիճակից ժամ առաջ պետք է դուրս բերել, այլապես երկիրն այլևս կարող է և չլինել:
Երկրին ՏԵՐ է պետք:
Անհապաղ:
Այսօր:
Հիմա:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ