1939 թվականի օգոստոսի 23֊ին ֆաշիստական Գերմանիայի և Սովետական միության միջև կնքվեց չհարձակման պայմանագիր, որը պատմության մեջ հայտնի է Մոլոտով֊Ռիբենտրոպ պակտ անունով։
Չանցած երկու տարի Ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ ներխուժեց Սովետական Միություն` թքած ունենալով ամենաբարձր մակարդակով ստորագրված թղթի վրա։
Ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, ցանկացած պայմանագիր սոսկ թուղթ է, եթե չունի պատմականորեն ձևավորված անվտանգության երաշխիքներ։
ՈՒժն է թելադրում անվտանգության երաշխիք և ոչ ազնիվ խոսքի վրա հիմնված ու դատարկ ձեռքսեղմումով հաստատված պայմանագիրը։ Մնացածը ունայն խոսքեր են, պարզ խաբեություն։
Ազատ, անկախ Հայաստանում ՔՊ֊ական իշխանությունները երկրի զարգացնան գործում ապաշնորհ գտնվելով` օր ու գիշեր մարդկանց կերակրում են խաղաղությամբ` հակառակ դեպքում իրենց իսկ քաղաքացիներին շանտաժի ենթարկելով պատերազմի հեռանկարով։
Կարծես թե խաղաղությունը մի գործոն է, որ կախված է միայն և միայն իրենցից. կարելի է կարծել, թե Աստված քաոսից կյանք էր ստեղծել, իսկ իրենք` կյանքից խաղաղություն։ Սա մարդկանց խաբելու, մոլորեցնելու, սպառնալիքներով լեցուն նողկալի հնարք է, որ օր ու գիշեր հարթուկում, հարդարում և առատորեն լցնում են հարմարեցված ուղեղները։
Յոթ տարվա ընթացքում պատերազմ, գենոցիդ, զոհեր ու ավեր բերած իշխանությունները զուրու չլինելով երկրի տնտեսական զարգացման գործում, քար անգամ չդնելով քարի վրա` շարունակապես հմտացել են Խաղաղության ճանապարհի հռետորաբանության վրա, հատկապես ճանապարհներ ասֆալելով, ասֆալտապատելով ու ախնա տափակացնելով առանց այն էլ տափակ ուղեղները։
Եվ ի՞նչ է խաղաղությունը` սովետներից ժառանգած հնգամյա պլա՞ն, թե՞ երկրաչափական պրոգրեսիայով զարգացող յոթնամյա պլան...
Ասացեք խնդրեմ, աշխարհում կա՞ մի որևէ այլ պետություն, որ իր զարգացման երթում խաղաղության նպատակ ունենա։
Բավական է, օր ու գիշեր բարբաջեք խաղաղության մասին, բավական է սպառնալ ու շանտաժի ենթարկել սեփական ժողովրդին` դա աբսուրդ է։Թշնամին ցանկացած պահի կարող է թնդանոթներն ուղղել ձեր ստաբերան խոռոչներին` վայրկյանական հօդս բարձրացնելով ձեր ցնդաբանությունը։ Դուք զոհեցիք Արցախը հանուն խաղաղության, խուզեցիք ու թշնանուն զիջեցիք Հայաստանի հանրապետության արևելյան սահմանները հանուն խաղաղության, այսօր էլ պատրաստակամ եք խաղաղության անվան տակ թշնամու տիրապետությանը հանձնել այսպես կոչված Զանգեզուրյան միջանղքը` 42 կիլոմետր երկարությամբ և 6 կիլոմետր լայնությամբ մի տարածք, որը բացարձակ քաղցկեղ է Սյունիքի ծոցում։
Ձեր բաղձանքը խաղաղությունն է. մի մոռացեք, հիմա աշխարհի ամենախաղաղ վայրը Ստեփանակերտն է, իսկ վաղը կարող է և լինել Երևանը, մանավանդ, որ այն «գտնվում է Արևմտյան Ադրբեջանում»։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ։
Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ։
Ավաղ, դրանցից ոչ մեկը դուք չունեք։ Խաղաղությունը մարդկային ցեղի գոյաբանական ակտ է Աստծո նախախնամության ներքո և չի կարող լինել թշվառ իշխանության մենաշնորհ, որ առանց այն էլ անգո է բոլոր հարցերում։ Խաղաղության նպատակը թշվառական խմբակի համար միայն և միայն զենք է ժողովրդական զանգվածներին խաբելու և մոլորեցնելու համար, որպեսզի սպասվելիք ընտրություններից հետո խաղաղ ապրի իրենց աթոռը։
09.09.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ