Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է
07.12.2024 | 09:03

Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։

Ամենայն հավանականությամբ, երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։

Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ ՈՒշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։

Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։

Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։

Փոխարենը Իրանի իշխանությունները զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բացթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։

Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։

Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Աղոթում եմ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի համար։

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ