ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»: Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:
Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ավանդը անտեսած,
բանակցությունները ձախողած, պատերազմ հրահրած, դրան չնախապատրաստված, տարօրինակ պատերազմով թաքուն կապիտուլյացիա ստորագրած, գերիներին Բաքվից հետ չվերադարձրած, 44-օրյա պատերազմի զոհերի անունները և զոհերի ընդհանուր թիվը մինչ օրս չհայտնած, պատերազմում մեր պարտության պատճառների մասին ԱԺ հանձնաժողովի զեկույցի ոչ գաղտնի մասը մինչ օրս չհրապարակած, պատերազմի զոհերի թվի մասին «պլյուս-մինուս 50» ասող, զոհերի մայրերին Եռաբլուրում քարշ տված իշխանությունը բարոյական իրավունք չունի պատերազմում զոհվածների հիշատակի և խոնարհումի օր սահմանելու։
Հունվարի 27-ը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է։ Երևի դրսից են ՔՊ-ականներին հրահանգել Հայաստանում այդ օրը հիշատակի և խոնարհումի օր սահմանել։
Ոսկան Սարգսյան