Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նվիրյալները

Նվիրյալները
22.08.2025 | 18:21

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Երևանի պետական համալսարանում մեզ չի դասավանդել, սակայն նրան ճանաչելն ու առիթից առիթ հանդիպելն իրավունք վերապահեցին ինձ իրեն չզատել համալսարանի մեր անվանի այն դասախոսներից, որ մեկ անուն ունեին` Նվիրյալ։

Սերժ Սրապիոնյանը միայն տարիքով էր զիջում նրանց։

Իրեն գիտեի դեռ համալսարանական` ուսանողական տարիներից. մենք ավարտական կուրսում էինք, իրենք նոր էին ընդունվել բանասիրական։

Այն տարիներին մենք բոլորս մի քիչ ամաչկոտ, մի քիչ երկչոտ ուսանողներ էինք, որ եկել էինք մայր բուհի մայր ֆակուլտետ` լսելու ժամանակի մեծերին, նրանց առինքնող խոսքը։

Նա տեսավ ավելին ու ավելի շատ և մնաց համալսարանում` պատիվ ունենալով ընկերակցել իր անվանի դասախոսներին, համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներին, դառնալ բանասիրականի վերջին տարիների սիրված դասախոսը, գրականագիտության գիտակը, բանիմաց, առանձնացող հանրագիտարանը։

Հայ պոեզիայում և գրականության մեջ հայի ցավը տեսնող տեսակ էր Սերժ Սրապիոնյանը, մտապատկերում` հայոց կորուսյալ հայրենիքը։ Իր բնույթով բոլորի ցավը տեսնող, կիսող տեսակ էր։

Այդպես նաև բանասիրականի իր ուսանողներին էր հայի ցավը տեսանել սովորեցնում, հայրենիքը, հող հայրենին սիրել ուսուցանում։

Այդ էր ի վերուստ տրված նրա կոչումը։

Նա դասախոսին այնքան անհրաժեշտ` ուսանողի մեջ տեսնում էր ծիլ տալու, շիվ դառնալու պատրաստ այն հատիկը, հունդը, որ բնատուր շնորհ է կոչվում։ Ինքն էլ թև էր տալիս ու թիկունք դառնում նրանց` անսահման երախտագիտությամբ հիշելով իր Մեծն ուսուցչին` ակադեմիկոս Հրանտ Թամրազյանին, նրան, ով իր համար գրականությունը խորությամբ հասկանալու և այն յուրովի մատուցելու ճամփա էր բացել։ Նրան, որ Սերժ Սրապիոնյան ամաչկոտ ուսանողի մեջ տեսել էր առողջ, ծլարձակելու պատրաստ այն հատիկը, որ շնորհ էր և պարարտ հող էր փնտրում։ Եվ ուսուցչին, մեծին բնորոշ հոգածությամբ` Հրանտ Թամրազյանը ճանապարհ բացեց Սերժ Սրապիոնյանի համար` ինքն իրեն բացահայտելու, ճանաչելու, կայանալու, իսկական համալսարանական դառնալու։

Բանասիրականի ավելի քան քառասուն տարի շարունակվող` Սրապիոնյան դասախոսին տասնյակ տարիներ ինքնամոռաց ունկնդրած ուսանողները կփաստեն. հայ գրականության խո-խորքային, ակունքային վերլուծություններ էին նրա բոլոր դասախոսությունները, զրույցներ` մեծերի հետ, խոհե՜ր, խոհե՜ր...։

Համալսարանն ավարտելուց հետո, ավաղ, շատ առիթներ չեն եղել հանդիպելու մեր սերնդակից Սերժ Սրապիոնյանին` մարդուն, քաղաքացուն, գրականագետին, հայրենիքի ցավով ապրող անզուգական հային։ Մատների վրա հաշվվող հանդիպումներ էին դրանք, բայց այնքա՜ն տպավորիչ, որ մինչ օրս սիրով և երախտագիտությամբ եմ հիշում։

Այն քիչ առիթներով էլ, որ հանդիպել եմ նրան, հնարավորություն և բարեպատեհ առիթ են ընձեռել տեսնել և ճանաչել նրա աշխարաճանաչողության լայն, ընդգրկուն ակունքը, որտեղ և ինքն էլ փնտրում էր կորուսյալ հայրենիքը, ցավոք, իր ամբողջ պատմության ընթացքում արյունոտ յաթաղանը գլխավերևում կախ, այսօր արդեն, վտանգված, և նրա փրկության ճանապարհը մշտապես որոնող գրականագետի մտահոգ, թափառուն միտքը` ինչու՞, ինչու՞...

Նրա` գրականագիտական նոր, նորովի և յուրովի և առանձնացող բացահայտումները զարմացրել են նաև ինձ` կյանքի և մասնագիտական երկար ճանապարհ անցած բանասերիս, ինչ խոսք, անշուշտ, իր ուսանողներին, իր զրուցակիցներին, իր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր առիթ են ունեցել իր հետ շփվելու, զրուցելու, ավելի շատ լսելու նրա` մտավորականի, հայրենիքի ճակատագրով մտահոգ հայի այնքան խորիմաստ խոսք-մտորումները։

Նրան հնարավորինս ճանաչելով` այնպիսի տպավորություն ունեի, որ ինքն էլ իր երկրի, իր հայրենիքի անցյալ ու ներկա օրհասը տարել էր իր նուրբ ու զգայուն հոգու, ներաշխարհի խորքերը, իր ցավը դարձրել ու ավելի ցավոտ դարձրել իր ներսը կրծող, կեղեքող ցավը։

Եվ չէի սխալվել։

Մեծն Լոռեցու` Ամենայն Հայոց Բանաստեղծի մասին մեր վերջին զրույցը ապշեցրեց ինձ` լոռվա բառուբանը գեներով ժառանգած լոռեցի բանասերին. Հովհաննես Թումանյանի յուրաքանչյուր բառի մեջ իմաստ և իմաստություն, խոհ ու խորհուրդ փնտրած և գտած գրականագետն ասես տեսել էր Մեծն Թումանյանին, նրա հետ սեղան նստել։

Եվ ընդհանրապես` նա գրականագետի բացառիկ զգացողությամբ, գրական ստեղծագործության յուրաքանչյուր նախադասության, յուրաքանչյուր մտքի, յուրաքանչյուր դարձվածի, յուրաքանչյուր բառի մեջ հենց այն բառիմաստն էր տեսնում, որը դրել էր այդ բառում տվյալ բնագրի հեղինակը` գրողը, բանաստեղծը, բանասացը։

Մի՞թե սա աստվածաշնորհ պարգև չէր մեծ գրականագետին։

Սփյուռքի նախարարությունում պաշտոնավարելու տարիներին, երբ տարաբնույթ հանդիպումներին և գիտաժողովներին, որոնց երբեմն` «պատահաբար», երբեմն` համացանցի օնլայն հարթակում կազմակերպված հեռավար դասախոսություններին ունկնդիր և ակնդիր եմ դարձել, հնչել է նրա խոսքը` հայոց հարուստ բառապաշարային շերտերին այնպես զգուշորեն և երկյուղածությամբ մոտեցող, չեմ վարանի ասել` վաստակած բազմագիտակ հայագետի նկարագիր, պատկերագիր, պատկերազարդ խոսքը։

Եվ ակներև էր դառնում դեռևս այն ժամանակ իսկ ինձ համար հավաստող իրողությունը, որ նա փայլուն գիտեր հայ գրականությունը, տեսել էր մայր գրականության բոլոր անտեսանելի շերտերը, ճանաչել անցյալից եկած հազարագանձ հայոց լեզուն և հային, փորձել իր առինքնող խոսքով կամրջել Հայաստանն ու Սփյուռքը։

Նա փայլուն գիտեր նաև համաշխարհային գրականությունը, գիտեր գրականության մեծերի խորքային գրական մեկնությունները, գեղարվեստ, արժեքակիր գրականությունը և աղերսներ ու զուգահեռներ գտել ու վերհանել հայ և համաշխարհային գրականությունը տարանջատող ու միացնող զուգահեռները։

Իր յուրօրինակ, վերլուծական դասախոսությունների ընթացքում նա մատուցում էր իր ժողովրդի ցավն ու տագնապները, մատուցում այնպես, որ յուրաքանչյուրը ճանաչի իրեն, իր ներսի հային, իր նախնի հային, նորօրյա հային։

Նրա ինքնաբուխ, հուզառատ խոսքում օրեցօր ահագնացող հայրենացավ կար, հայրենազրկված իր նախնիներից ժառանգած հայրենակարոտ, որի մասին ինքն էլ հաճախ էր բարձրաձայնում` այն հնչեցնելով որպես այժմեական, շարունակվող, մտատանջող տագնապ։

Նրա գրականագիտական ամբողջ գործունեությունն էլ ակունքներին հարազատ լինելու պատգամ էր իր ուսանողներին, ուր հայոց բոլոր ցավերն ու արնածոր վերքերը, դառն արցունքները իրենն էին, իր իսկ հնչեղ ու խոսուն բառապաշարով բնութագրած` «հայոց հայրենասիրական պոեզիայի ջահակիր» Սիամանթոյի ոգին կապույտ, ծով, բարի՜֊բարի՜ աչքերում ամբարած մտավորականինը։

Մեկ բառով` Սերժ Սրապիոնյանը մտավորական էր` բառի համընդգրկուն իմատով, մեր օրերում քիչ հանդիպող բարեկիրթ, նրբանկատ տեսակ, հայոց հինգհազարամյա բառուբանի անուրանալի գիտակ։ Մաքառող, մարտնչող, իր ժողովրդի պատմությունն իմացող հայի տեսակ էր նվիրյալ Սերժ Սրապիոնյանը, ազգասեր, ազգապաշտ, հավատավոր։

Եվ այս հավատով ու ափսոսանքով չար ու չարակամների պատճառով ստիպված էր թողնել բանասիրականի իր հարազատ լսարանները, ուր իր ոգեղեն ու առինքնող խոսքին Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Շահան Շահնուրի, մյուսների մասին սպասում էին իր` առանձնացող, տարբերվող խոսքով հիացած ու գոհացած իր ուսանողները, իր ասպիրանտները, ում համար հարազատի հոգածությամբ էր գրականագիտության ճամփաները բացել։

Տխրությամբ թողեց իր սիրելի համալսարանը, սակայն թողեց պարզ ու բաց ճակատով, ուր ամեն օր իրեն էին սպասում բանասիրականի մուտքի դիմապատի լուսանկարներից իրեն նայող` հայոց կաճառի մեզ և իրեն դասավանդած, մեր ճանաչած նվիրյալները տասնամյակներ առաջ, իր դասախոսները, թողեց հավասարի իրավունքով, որի պատիվն իրապես վաստակել էր իր ազնիվ ու շիտակ կերպարով, իր ապրած կյանքով, իմացությամբ, խոսքով, մարդու բացառիկ տեսակով, քանզի ինքն էր իսկապես Նվիրյալ էր` իր գործին, իր խոսքին, իր հավատին։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ