ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Պատգամ

Պատգամ
24.08.2025 | 12:15

Աղջի՛կս, երբ թռչունը գա

ու ինձանից հարցնի,

կասես՝ տանը չէ հայրս,

կասես՝ գնացել է

լորենու փչակում քնելու։

Կասես՝ գնացել է

նոր բույն որոնելու քեզ համար:

Եվ եթե սոված կլինի,

հաց ու ջուր կտաս։

Եվ եթե տրտում կլինի,

կասես՝ Մեղրիում

ծաղկել է նռնենին,

թող գնա

ճախրի նրա երկինքներում,

թող իրեն թաթախի

կարմիր բույրերում։

Եվ քո սադափե սանրով

զգուշորեն կսանրես նրա գլուխը,

և բառեր կասես մխիթարող․

թող իմանա, որ միայն ինքը չէ,

որ միայնակ է այս տիեզերքում։

Եվ բառեր էլ կասես աղոթքի՝

Բոլորի Աստծուն ուղղված։

Աղջի՛կս,

դու շատ հեշտ կճանաչես նրան,

նա փումփուլե կատար կունենա

և կբուրի երկնքի բույրերով։

Աղջի՛կս, երբ գա ձուկը

ու ինձանից հարցնի,

կասես՝ տանը չէ հայրս,

կասես՝ գնացել է

սառնորակ աղբյուրի

վերին ակունքներում

քեզ համար

անվտանգ հոսքեր որոնելու։

Կասես՝ մաքուր արծաթից կոհակներ

և փիրուզե սրտով ալիքներ

գտնելու համար է գնացել։

Եվ եթե սոված կլինի,

հաց ու ջուր կտաս։

Եվ եթե տրտում կլինի,

կասես՝ Տրտու գետի

միջին հոսանքներում որսն առատ է այս տարի,

կարմիր ջրիմուռները

հասունացել են վաղուց,

և կակղամորթները

իրեն են սպասում անհամբեր։

Կասես՝ թող երբեմն

դուրս նետի իրեն ջրերից,

թող իրեն ցողի

գետակին թեքված ուռիների արցունքով,

թող իմանա, որ

միայն ինքը չէ, որ հոսում և

արտասվում է այս տիեզերքում։

Չմոռանաս գոտեպնդել իրեն

մի բարի խոսքով

և վստահելի մի հայացքով։

Աղջի՛կս,

դու շատ հեշտ

կճանաչես նրան․

նա կարմիր պուտիկներ կունենա

և օծված կլինի

Տրտու գետի օծանելիքով։

Աղջի՛կս, երբ մահը գա

ու ինձանից հարցնի,

կասես՝ տանը չէ հայրս,

կասես՝ գնացել է

կողմերը հանդարտության՝

քեզ համար

իր սիրտը նորոգելու.

կասես՝ գնացել է

հարթելու վեճը

գյուղացիների ու գայլերի միջև,

կասես՝ գնացել է սրբելու

քրտինքը իր շինական ընկերոջ,

կասես գնացել է,

որ համոզի երեխաներին

հեռու մնան կրկեսներից

և զգույշ լինեն մեծերից:

Կասես՝ գնացել է

վերջին վկայությունները

բերելու ապագայից,

վերջին արձանագրությունները կարդալու՝

վշտի պնակիտներին թռչկոտող,

և լսելու կտցահարումը միայնության

փշաքաղված մարմիններից՝

լքյալների, որբերի և անիմաստ զոհերի։

Աղջի՛կս,

դու երևի չես ճանաչի նրան,

բայց մեկ է, հաց ու ջուր կտաս․

նա սիրում է գալ սոված

և կերպերով այլազան,

իսկ ուզածը մեկն է միշտ:

Նա այս անգամ

զմրուխտե կոհակներ է ունենալու

և իջնելու է նռնենու երկնքից,

և բուրելու է,

բուրելու է

խճմտանքով անողոք։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ