Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխանությունը, ինչպես միշտ, «դանթում» է

Իշխանությունը,  ինչպես միշտ, «դանթում» է
12.07.2016 | 02:22

Ներքաղաքական կյանքի ամորֆությունը միայն ամառային հանգստի սեզոնով չի պայմանավորված: Կանգն ամենուր է: Անգամ Գյումրու քաղաքապետի ընտրություններում. քաղաք, ուր մշտապես գեներացվել են ընդդիմադիր ուժերը ու հակահարված տվել իշխանություններին:


Կարելի է կարծել, թե համահայաստանյան այս մեծ «դանթը» նաև քաղտեխնոլոգիա է` ղեկավարելի քաոսի մասով, սակայն քաոսի մասին կարող է խոսք լինել, երբ քչից-շատից շարժ կա: Այսօր քաղաքական դաշտում իսպառ կանգ է:
Բոլորն սպասում են: Իշխանությունում սպասում են, թե ինչ է որոշելու Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունում (եթե այդպիսին կա)՝ ղարաբաղյան ֆորս մաժորին: Եթե դա էլ չլինի, դեֆոլտին, որպեսզի Սերժ Սարգսյանը «հրաժարական տա», իրենք վերջապես գան իշխանության:


Իսկ եթե շատ անկեղծ, ապա հայաստանյան ներքաղաքական դաշտում հիմնականում խաղում են երկու անձ (և նրանց հետևում եղող աշխարհաքաղաքական ուժերը). Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս՝ անչափ միջնորդավորված: Գրեթե անտես: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա, Ռուսաստանի թեթև հրմամբ, նա լուսանցք անցավ` թողնելով, որ իր թիմի բեկորներն զբաղվեն բրոունյան շարժմամբ, մի օր «հյուրընկալվեն» Հովիկ Արգամիչին ու նրա ԲՀԿ-ին, մեկ այլ օր` Գյումրիում մոտ-մոտ անեն «Համախմբում»-ին ու Վարդան Մինասիչին` վայրկյան իսկ աչքը չկտրելով Սերժ Ազատիչից:
Այս պահին ներքաղաքական դաշտում քչից-շատից ակտիվ են Քոչարյանի թիմը (որքան էլ «Համախմբում» կուսակցությունն այս մտքից օձը կծածի պես վեր թռչի) և նրա սատելիտները:

Նրանց համար, ինչպես 2012-2013-ին, ինչպես նաև մինչև Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից «դուրսհանման» օրերին` 2015-ին, կրկին գծվել է ճանապարհային քարտեզ: Այս թիմը, ի տարբերություն իշխանականի, առավել նախաձեռնողական է, ակտիվ, ողջ օրը ոտքի վրա է, թեև մշտական «զրո» օգտակար գործողության գործակցով: Սույն թիմն ու իր արբանյակ անհատները չափազանց ակտիվ են սոցցանցերում, տարբեր բաղկացուցիչներով հզոր թիմային պայքար են մղում, կարելի է ասել` նաև հաղթում, որովհետև իշխանությունն այս դեպքում ևս դանթում է՝ ժամանակավրեպ համարելով սոցցանցերով պայքարը, ինչն ինքը փայլուն մղեց 2012-2013-ին. կամ էլ շատ է ինքնագոհ դարձել` սոցցանցային պայքարը կարևորելու համար: ՈՒ եթե ընդդիմադիրները գիտեն` ինչ են ուզում, իշխանական թիմն այդ առումով մերկ է, քան երբևէ:


Չնայած գեոքաղաքական զարգացումները ևս իրենց սև գործն անում են, քանզի տարածաշրջանային զարգացումների այս փուլում ցանկացած քայլ աշխատելու է ընդդեմ իշխանության. իշխանությունն իր մեջ կամք գտավ, թիմը թարմացրեց (հին գվարդիան արդեն իսկ խաղեր էր տալիս «Համախմբումի» և նրա «հայրերի» հետ): Պահպանել այս վիճակը իշխանության համար նույնպես շատ վտանգավոր է, որովհետև փտախտից հետո «հիվանդը մահանում» է… մի օր:
ՈՒստի իշխանությունը որոշել է առայժմ «դանթել» առկա ներքաղաքական ստատուս քվոյի վրա` վերջին պահին խաղը խառնելով, խաղատախտակը փոխելով, ինչը հաջողվել է ցայսօր, իհարկե, մեծ դժվարությամբ, և այնուհանդերձ, կարողացել է անցնել Մելիք-Ադամյանով: Կհաջողվի՞ այս անգամ ևս:


Դժվար է ասել: Խնդիրն առնչվում է, ասացինք, գեոխաղացողներին ևս, այդ թվում` գերագույն շահառու Ռուսաստանին: Առաջիկայում վերջինս շարժման մեջ կդնի՞ իր հինգերորդ շարասյունը, որն այս օրերին ի մի է բերում, զորաշարժերի ենթարկում, թե՞ այն կպահի պատրաստ վիճակում, որպես մահակ, ինչպես միշտ` ճիշտ պահին ցանկալիին հասնելու համար:
Պարզ կլինի աշնանը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ