Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Կյանքից և մահից անդին (իմ կյանքից)

Կյանքից և մահից անդին  (իմ կյանքից)
13.10.2024 | 18:45

Հարգելիներս, երկար, շա՜տ երկար խոհելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցի գրել այս մասին, քանզի սա շատ կարևոր վկայություն է և կարող է օգտակար լինել այլոց համար։ Գուցե մի քիչ հուզումնալից լինի. նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը։ Կփորձեմ ավելի թեթև գրել և շատ տխուր պահերը շրջանցել, բայց, հիրավի նման պատմությունները պետք է բարձրաձայնվեն, ըստ իս շատ կարևոր են։ Դրա համար էլ որոշեցի գրել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծո և հոգու գոյությանը՝ հավատան։

***

Աստծուն ճանաչել եմ 9 տարեկանից՝ լուսահոգի քույրիկիս շնորհիվ։ Ամեն օր Նոր Կտակարան էինք ընթերցում և աղոթում իրար հետ։ Ես միշտ շատ տարբերվող եմ եղել, շատ փխրուն հոգով, գերզգայուն, և անգամ այդ փոքր տարիքում դժվար էր ինձ ապրել այս բիրտ և անարդար աշխարհում։ Ամեն մի միջատի մահ, ամեն մի անարդար բան տեսնելը մեծ ցավ էր ինձ համար։ Իսկ Աստծո խոսքերը ինձ համար դարձան փրկություն և սփոփանք։ Բայց, ինչպես հետո հասկացա, ինձ Տերս գտավ այդքան շուտ, քանզի սպասվող փորձությունները չէի հաղթահարի առանց Աստծո ողորմության և օգնության։

Մայրիկիս մոտ առողջական խնդիրներ սկսվեցին, ես տակավին փոքրիկ աղջնակ էի՝ տաս-տասնմեկ տարեկան, սկզբում այդքան լուրջ չէր ամեն ինչ։ Բայց քույրիկիս անժամանակ մահը մեր ընտանիքի համար ամենածանր հարվածը եղավ, իսկ Մայրիկիս համար դա դարձավ անհաղթահարելի։ Նրա առողջականը կտրուկ վատթարացավ, և թե ինչ սրտի նոպաներ և ինչ տառապանքներ էր կրում խեղճ ու (չեմ վախենա այս բառից) անմեղ Մայրս, խոսքերով անկարելի է արտահայտել։ Ամեն րոպե սարսափում էի այն մտքից, որ մի օր քույրիկիս նման նրան էլ եմ կորցնելու։ Ամբողջ սրտով և հոգով նվիրվել էի Աստծուն և աղոթքից և Աստվածաշնչից զատ ինձ ոչ մի մխիթարող և ուժ չտվող բան չկար։

Մայրս իմ աշխարհն էր, ես առանց նրան մի վայրկյան չէի կարող մնալ, անգամ միշտ դժվարությամբ եմ մակապարտեզ և դպրոց գնացել, չէի ուզում գեթ մի րոպե նրանից հեռու լինեի, ասես առանց թթվածին մնայի. խեղվում էի։ Սիրտս երևի զգում էր, որ քիչ ժամանակ ունեմ նրա ներկայությունը վայելելու և ուզում էր միշտ կողքին լիներ։

Եվ ամեն անգամ, երբ բժիշկները Մայրիկիս կյանքը փրկում էին, չեմ կարող նկարագրել, թե Մայրս ինչ խղճահարությամբ լի հայացքով էր նայում իմ տանջված և սարսափած դեմքին և մեղմիկ ձայնով ասում. «Ոչինչ, մի՛ վախեցիր, թե ինձ մի բան լինի, մենակ չես մնա, Աստված քեզ հետ կլինի։ Բայց ինձ բան չի պատահի, այնպես որ՝ մի՛ վախեցիր»։ Ես փաթաթվում էի Մայրիկիս և իրար հետևից կրկնում. «Ես առանց քեզ չեմ ապրի, եթե քեզ մի բան պատահի, քո դեղերը կխմեմ և կգամ քեզ մոտ»։ Մայրս գլուխս շոյում էր և ասում. «Աստված, որ դարդը տալիս է, սիրտ էլ է տալիս, բալե՛ս, կապրես։ Դա մեծ մեղք է, աններելի՛, էլ նման բան երբեք չասես։ Համ էլ՝ ոչ ոք մեռնողի հետևից չի մեռնում, Աստված ուժ է տալիս, քեզ էլ կտա»։ Իսկ ես միշտ հակաճառում էի՝ ասելով, որ ուրեմն ես առաջինը կլինեմ, ես հաստատ կանեմ այնպես, ինչպես որոշել եմ։

Եվ երբ եկավ այդ սարսափելի օրը, ես ընդամենը 16 տարեկան էի։ Դեռ առավոտից զգում էի և աղոթքը շուրթերիս փորձում ինձանից վանել այդ սարսափելի միտքը։ Մայրս իր կյանքի վերջին րոպեները ասես արդեն իսկ դրախտում լիներ, հիվանդասենյակի պատուհանից դուրս էր նայում մութ և անաստղ երկնքին և ժպտում էր… Վաղուց նրան այդպես ուրախ չէի տեսել և շատ հանգիստ էր, ասես ոչ մի տեղ չէր ցավում և հանկարծ սկսեց ինձ ջեմագին համբուրել։ Ես գիտակցում էի, որ դա վերջին համբյուրներն էին և անզոր էի զսպել արցունքներս։ Հետո խնդրեց, որ ճաշարանից տաք ջուր բերեմ։ Ես ուզում էի պալատից արդեն դուրս գալ , բայց իսկույն հիշեցի, որ մենք եռացրած ջուր ունենք թերմոսի մեջ, շրջվեցի և տեսա, որ Մայրս այլևս չկա... Այդ պահին անգամ իմ մասին էր մտածել, արեց այնպես, որ ես չտեսնեի իր հանգչելը... Հայրս, մեծ քույրս, նույնպես պալատում էին, նրանք քնած էին, բաժակը ձեռքիցս վայ ընկավ, և այդ ձայնից նրանք էլ արթնացան։ Քոււյրս սկսեց գոռալ, լացել, ես նախ փորձեցի նրան հանգստացնել, հետո ծնկեցի և սկսեցի աղոթել և փառք էի տալիս Աստծուն, և այլևս ոչինչ չեմ հիշում. ուշաթափվել եմ…

Ինչպես հետո իմացա՝ բժիշկները, հարազատներս, կարծել են, թե խելագարվել եմ. ի՞նչ աղոթելու և փառք տալու ժամանակ է։ Բայց միայն Աստված էր, որ կարող էր ինձ օգնել այդ պահին, դրա համար էլ Տիրոջս էի փնտրում։ Իսկ հետո, ինչպես միշտ ինձ մոտ լինում է, հուզմունքից, սթրեսից տաքությունս բարձրացել է և ուշագնաց վիճակում եմ գտնվել շատ երկար ժամանակ։ Չեմ տեսել ոչինչ, չեմ հիշում ոչինչ, միայն մի տաս օր հետո սկսեցի մի քիչ ուշքի գալ և ասես մշուշի մեջ լինեի, միայն լսում էի քույրիկիս ձայնը, որ ասում էր մեզ տեսակցության եկած մարդկանց. «Անընդհատ մամա է կանչում, ես որտեղի՞ց մամա բերեմ», և արտասվում էր... Ես փորձում էի խոսել, բայց ուժ չկար։ Աշխարհը դատարակ էր, անգույն և աներանգ։ Սնվել չէի կարող, մուրաբայի թեյը, որ քույրս գդալով խմեցնում էր, իմ միակ սնունդ է եղել։ Ահավոր տկար էի, ուժ չկար, որ կարողանայի իրագործել այն, ինչ դեռ վաղուց որոշել էի, բայց մտքիցս դուրս չէր գալիս։

Անընդհատ ասես մեկը ականջիս խոսեր և ասում էր. «Բա դու ի՞նչ էիր խոստացել Մայրիկիդ, ինչո՞ւ չես խմում դեղերը, ախր քանի օր է անցել, դու ինչպե՞ս ես ապրում։ Դու դավաճա՛ն ես, դու չկատարեցի՛ր խոստումդ։ Դու ինչպե՞ս ես ապրելու, ախր, դու չես կարող ապրել»։ Ես փորձում էի տեղիցս բարձրանալ, բայց ուժ չունեի և մենակ էլ չէի, սպասում էի հարմար պահի...

Եվ ահա մի օր, տեսա սենյակում մենակ էի, պատուհանից տեսա՝ քույրս լվացք է փռում, տանը մարդ չկար։ Մի կերպ բարձրացա տեղից և գնացի այն սենյակը, որտեղ Մայրիկիս նկարն էր և դեղերը։ Արագ վերցրեցի ամենավտանգավոր դեղերը, եկա նկարի առջև և, ինչպես ֆիլմերում է լինում, սկսեցի խոսել Մորս հետ։ Ասում էի. «Մա՛մ ջան, ես իրոք առանց քեզ չեմ կարող, թող ների ինձ Աստված, բայց ես կանեմ այն, ինչ որոշել եմ»։ Բայց ասես մի ուժ չէր թողնում, որ դեղերը խմեմ, և մինչ այդ տարօրինակ պայքարն էր գնում, բացվեց դուռը և լսեցի քրոջս ճիչը՝ ճիշտ այն պահին, երբ դեղերը արդեն պետք է կուլ տայի։ Ու դարձյալ ուշաթափվել եմ և նորից ոչինչ չեմ հիշում…

Արթնացա, երբ արդեն գիշեր էր։ Քույրս կողքիս քնած էր։ Ես պատուհանից դուրս էի նայում աստղազարդ երկնքին, բայց առաջվա նման այլևս չէի հրճվում, ոչինչ չէի նկատում, միայն ուզում էի հայտնվել այտեղ, որտեղ Մայրս ու քույրս էին։ Գիտակցում էի, որ առանց Մայրիկի անկարող եմ ապրել, բայց և ինքնասպանության միտքն էր վախեցնում, քանզի դա աններելի մեղք է։ Ի՞նչ անել, ինչպե՞ս գնալ նրանց մոտ, աղոթում էի, բայց այս անգամ արդեն ոչ թե Մայրիկիս համար կյանք էի խնդրում, այլ ինձ համար՝ մահ... Խնդրում էի, որ Աստված ինձ խղճա և թողի Մայրիկիս տեսնեմ, կարոտել եմ, չեմ դիմանում...»։ Եվ այդ պահին առաջին անգամ կարողացա արտասվել, մինչ այդ անգիտակից և անշարժ վիճակում էի։ Ես աղոթում էի և արտասվում, օգնություն խնդրում Աստծուց, և հանկարծ մազերիս վրա զգացի մի ջերմ և ծանոթ շոյանք։ Աչքերս վեր բարձրացրեցի և, ա՜յ քեզ հրաշք, սենյակը լուսավորված էր մի անբնական լույսով, և Մայրս՝ երկար մազերով, մաքրամաքուր սպիտակ, գեղեցիկ, երկար հագուստով, մոտ երեսուն տարեկան երիդասարդ դեմքով (թեպետ 45 տարեկան էր...), կանգնած էր իմ գլխավերևում և շոյում էր մազերս։ Թե ինչ զգացի այդ պահին՝ խոսքերով անկարելի է արտահայտել։ Իմ մեջ միանգամից խաղաղվեց ամեն ինչ, տխրությունս վերածվեց մի մեծ ուրախության։ Մայրս միայն ժպտում էր, բայց ես հստակ լսում էի նրա ձայնը։ Նա ասաց հետևյալը. «Այդ ի՞նչ էիր ուզում անել, խելառս (ինձ իմ չարաճճության համար այդպես էր անվանում դեռ շատ մանկուց), ախր դու գիտես, որ դա աններելի մեղք է, եթե նման բան անես, ուրեմն դու ընդմիշտ կբաժանվես մեզանից, երբեք չես գա իմ և Արմինեի մոտ։ Աղջի՛կս, Աստված քեզ հետ է, ես էլ եմ քեզ հետ, ես միշտ քո կողքին եմ, դու մենակ չես, ապրիր քո կյանքը, ճի՛շտ ապրիր, որ իմ և քույրիկիդ մոտ գաս, Աստծուն հավատա և Նա քեզ ուժ կտա։ Աստված քեզ հետ է, ես՝ նույնպես»։ Ես խոսել չէի կարող, բայց մտածեցի. «Իսկ ե՞րբ կգամ, ես երկար չեմ ուզում այստեղ մնալ»։ Մայրս դարձյալ ժպտաց և, ի զարմանս ինձ, մտքերս կարդալով՝ պատասխանեց. «Հանգիստ ապրիր և մի մտածիր այդ մասին, երբ կգա ժամանակը, կգաս։ Կյանքը շատ կարճ է, ա՛յ, հոգին է անմահ, հոգուդ համար հոգ տար։ Աստված քեզ հետ է, քեզ պաշպանում է ամեն ինչից, դու մենակ չես, այսօր էլ Նա քեզ փրկեց, էլ նման բան չանես, թե չէ երբեք Աստծուն և մեզ չես տեսնի»։

Հետո ամեն ինչ անհետացավ, ո՛չ լույսը կար, ո՛չ Մայրս, բայց իմ մեջ էր փոխվել ամեն ինչ. մի անբացատրելի խաղաղություն և անգամ ուրախություն էր իմ մեջ։ Եվ առաջին անգամ քնել էի, ինչպես առաջ՝ ժպիտը դեմքիս և շատ հանգիստ։

Առավոտյան արթնացա և նույն հանգիստ վիճակն էր իմ մեջ։ Ինչպես առաջվա չարաճճի և կենսուրախ աղջիկը՝ տեղիցս վեր կացա, հիվանդության և տկարության հետքն անգամ չկար։ Աշխարհը նորից գոնավոր էր դարձել։ Լվացվեցի, աղոթեցի և քույրիկիս համար սուրճ պատրաստեցի։ Խեղճը դարձյալ քարացած ինձ էր նայում և չէր հասկանում, թե հինա ինձ ի՞նչ է եղել։ Սկսեց հարցեր տալ, թե ինչ եմ որոշել, ինչ խաղ է սա, ես փաթաթվեցի և ասացի, որ հանգիստ լինի, ես Մայրիկի հետ խոսել եմ և այլևս հանգիստ եմ, լավ եմ։ Աստված էլ ինձ հետ է, և ես այլևս մահվան մասին չեմ մտածում և հիվանդ չեմ։ Եվ, իսկապես, ասես ինձ փոխել էին. առաջվա թռվռան աղջնակ էի և իսկապես զգում էի, որ Աստված և Մայրս ինձ հետ են։

Ապրեցի և ապրում եմ, Աստծո ողորմությամբ ունեմ գեղեցիկ ընտանիք և երկու հրաշալի զավակներ։ Շատ ու շատ փորձություններ են եղել իմ կյանքում, շատ անգամներ է Տերս ինձ օգնել, քանիցս մահից հրաշքով փրկվել եմ։ Եվ միշտ զգում եմ, որ ես մենակ չեմ, Աստված ինձ հետ է և Մայրս էլ հրեշտակի նման միշտ իմ կողքին է։

Փառք Տիրոջը ամեն ինչի համար…

Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելիներս։ Թող Աստծո ներկայությունը զգաք ձեր կյանքում և ընտանիքներում, թող Նրա զորակցությամբ ամենաանհավանական թվացող բաները դառնան հնարավոր, թող Աստված լույսի մեջ պահի բոլորիս ննջեցյալներին, իսկ մենք, ա՛րդ, եկեք ապրենք այնպես, որ արժանանանք նրանց և Աստծուն տեսնելու շնորհին ու ողորմությանը...

Ամեն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2532

Մեկնաբանություններ