Որ մարդու ոսկորները նախասահմանական խորհուրդ ունեն, այդ կարելի է տեսնել մի շարք բաներից, առաջին, որ Աստված, երբ անիծեց Ադամին, թե հող էիր, մեղք գործելուդ պատճառով հողին վերադարձիր, սակայն մարդու մարմնի հող դառնալուց հետո ոսկորները պահպանեց:
Աստվածաշնչյան Հովսեփը մահից առաջ իր ոսկորների համար պատվեր տվեց, որ երբ Տերն այցելի և դուք գնաք այս երկրից` իմ ոսկորներն էլ ձեզ հետ կտանեք:
Այս պարզորեն հուշում է, որ մարդու հոգին կապված է ոսկորների հետ, որովհետև մարմինը հողից էր` հող դարձավ: Եվ երբ ոսկորները տեղափոխում են` հոգին էլ է ոսկորների հետ տեղափոխվում և լիարժեք կապված է իր ոսկորների հետ և ոչ թե մարմնի, որ այլևս հող է:
Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանը, «Տիրամայր» ժողովածուի հեղինակը, որ օգնեց ինձ հոգևոր իմ գրքերից մի քանիսը սրբագրել, հասնելով Անդրանիկ Զորավարի հոգու կենդանության մասին վկայությունների էջին, ասաց.
- Զորավարի աճյունն իսկ (բնականաբար ոսկորների մասին է խոսքը-Մ.Ո.) զորավոր մի եկեղեցի է:
Երբ Եռաբլուրում վերաթաղելուց առաջ դստերս հետ գնացինք Մարզահամերգային համալիր՝ հոգեհանգստյան հրաժեշտին, այնքան մեծ հոգևոր խաղաղություն և օրհնություն էր ողջ շրջակայքի վրա արևի պես ճառագայթում, բարության դաշտ կազմում, որ երկար ժամանակ վայելում էինք Զորավարի արդար Հոգու ներկայությունը: Ժամանակն անցնում էր, բայց տուն դառնալու ամենևին ցանկություն չէի զգում: Մտածեցի, թե աղջիկս, տարիքից ելնելով, այն, ինչ ես եմ զգում, գուցե չի՞ զգում և գուցե ձանձրացե՞լ է ինձ երկար սպասելուց: Նայեմ տեսնեմ, ինքն էլ է նույն երկյուղած օրհնության ու հափշտակության մեջ: Սակայն գնացող եկողները շատ էին և մեր այդքան երկար մնալը արդեն գուցե «աչք էր ծակում», և, ամենևին չուզենալով՝ հեռացանք:
Ավելացնենք, որ առաքյալները ճշմարիտ վախճան ունեցող, Փրկչի անվանը հավատարիմ վկաների ոսկորների համար կարգ դրեցին, որ նրանց մահվան օրը նրանց հիշատակը կատարեն և «նրանց ոսկորների նշխարները որպես պատիվ վերցնելով՝ փառավորեն Քրիստոսին» (Ղուկաս. «Առաքելական կանոններ»):
Եվ հայտնի է շարունակությունն էլ, որ Հայոց եկեղեցիների հիմքում զորավոր այդ սրբերի ոսկոր մասունքներից դրվեցին, որ սրբերի ոսկորներին իջնող նրանց հոգու հաղթական զորությունը շնորհաշատ դարձնի եկեղեցու մեջ գտնվողներին: Եվ երբ մեր եկեղեցիներում աղոթում ենք, բնականաբար, սրբերի հոգիները ևս օգնում, զորակցում են մեզ` մեր աղոթքին: Սրբերի մասունքների հարցում Հայաստանը գուցե թե ամենահարուստ երկրներից է, որովհետև համամարդկային բազմաթիվ սրբերի ոսկորների մասունքներ ունենք մեր եկեղեցիների հիմքերում պահ տված: Իսկ Արցախում են գտնվում Հովհաննես Մկրտչի ոսկորների մասունքներից, որ նշանակում է` Հովհաննես Մկրտչի հոգևոր զորակցությունը ունենալ:
Սակայն այս ամենը արդարների ոսկորների մասին էր: Մեղավորների ոսկորներին հարաբերվողները օրենքով յոթ օր պիղծ էին համարվում և դրանց դիպչելու երրորդ ու յոթերրոդ օրերը լվացվում, մաքրվում էին:
ՈՒստի և արդարի ոսկորներն ու մեղավորի ոսկորները տարբերվում են:
Երբ մեկը սուրբ մասունք է, մյուսը դիվական ապականություն է փոխանցում:
Հիսուս հայտարարում է, որ կեղծավորները` օրենսգետներն ու փարիսեցիները իրենց մեջ մեռելների ոսկորներ են ներառում, նրանց ոգիների հետ են և նրանց պատժի դատապարտությանը պիտի ենթարկվեն.
«Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականութեամբ: Նոյնպէս և դուք, դրսից մարդկանց արդար էք երևում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ և անօրէնութեամբ» (Մատթէոսի Ավետարան):
Մի քանի օգտակար մեջբերումներ ևս բերենք Սուրբ Գրքից` ոսկորներին վերաբերվող.
«Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից: Դա քո մարմնի համար՝ բուժում եւ քո ոսկորների համար՝ դարման կը լինի»: Կամ` Նախանձից մարդու ոսկորները փտում են, նաև` բարի լուրեր լսողի ոսկորները փարթամանում են և առողջանում (Աստվածաշունչ, Առակներ):
Վերջում, թե ինչպես է Աստված իր զորությամբ իշխում ոսկորների վրա և երբ կամենա կարող է նրանցից կրկին կենդանի մարդ ստանալ, մեջբերենք Եզեկիել մարգարեից մի հատված, այնքան կենդանի, որ ասես ինքդ էլ ընթերցելիս ներկա լինես.
«Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: 2 Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: 3 Նա ասաց ինձ. «Մարդու՛ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»: 4 Նա ասաց ինձ. «Մարդու՛ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու, 6 ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»: 7 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: ՈՒ երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին: 8 Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար: 9 Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան»: 10 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: ՈՒ շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր»:
Ըստ այսմ, եթե դիտենք չորս օրվա մեռյալ Ղազարոսի հարությունը, որ Քրիստոսի խոսքով գերեզմանից կենդանացած ելավ կամ Քրիստոսի բժշկությունները` ի ծնե կաղին քայլեցնելը, ի ծնե կույրին տեսնել կարողացնելը, անդամալույծներին, բորոտներին բժշկելն ու մաքրելը, հավատում ենք, որ Աստծո համար անհնար ոչինչ չկա, և երբ հաճո լինենք Նրան` մեկ Կամքի մեջ, մեր խնդրանքով էլ այդ ամենը կանի: Բայց ամենակարևորը Աստծո համար` մեր անհատական ապաշխարություններն են, ըստ մեր կայացած չափանիշերի: Եվ երբ մեռնենք էլ ու մեր մարմինները, բնականաբար, հող դառնան, Հարության օրը Աստված պիտի կենդանացնի մեզ: Մինչ այդ, ջանանք հաճո լինել, ըստ Նրա մեծ Սիրո Կամքի ապրելու:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ