Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Հայաստանում տգիտությունը միշտ էլ չար ու անողոք է եղել

Հայաստանում տգիտությունը միշտ էլ չար ու անողոք է եղել
02.03.2025 | 06:57

Հայաստանում տգիտությունը համատարած է ու համազգային։ Տարրական ու պարզ հարցերում անգամ տգիտությունը վերելք է ապրում` թե՛ քաղաքական դաշտում, թե՛ մյուս բոլոր դաշտերում։ Անգամ առօրյա զրույցներում, ակնհայտ պարզ հարցերում երևում են տգիտության երկար, ցցված ականջները։

Քանի որ ֆբ-ն իրական կյանքի արտացոլանքն է, ապա այստեղ խտացված կա այն ամենը, ինչ իրական կյանքում է։ Այստեղ գրառումներ անողները, մեկնաբանություններ գրողները, կարծիքներ արտահայտողները, այսպես ասած, վերլուծություններ անողները երկնքից չեն իջել, մեր շուրջ ապրողներն են, մեր ծանոթներն ու անծանոթները։

ՈՒ զավեշտն այն է, որ իրենց ախոռների գարշահոտ աղբը թողած, իրենց մեծ ու փոքր կճղակավորներին թողած, իմաստուն տեսքով կարծիքներ են հայտնում քաղաքակրթության մակարդակով իրենցից շատ ավելի բարձր երկրների, այլոց քաղաքական անցուդարձերի մասին։

Իրենք մի ճիճվի տակ կզած, քննարկում ու ծաղրում են երիցս, բազմիցս մեծ և զարգացած տերությունների գայլերին ու բորենիներին, գուշակում նրանց վախճանը, երբ իրենք որպես պետություն և քաղաքացի իրականում արդեն չկան։

Կարկառուն մեկը գրում է, որ «ՌԴ-ն ռուսամետ ուժերի կողմից Հայաստանում հակաֆրանսիական արշավ է սկսել», մի ուրիշը հայտարարում է, թե Ռուբեն Վարդանյանին Բաքվում դատում են Պուտինի պատվերով, որովհետև նա պատռել է իր ռուսաստանյան անձնագիրը։ Մի երրորդը գրում է, որ նիկոլը մի քանի ամիս հետո ոչ ևս է լինելու։ Իսկ մինչ այդ մի քանի տասնյակ հայ նոստրադամուսներ ամիսներ առաջ հայտարարել էին, որ թրքածինը դեմքի բուրդը խուզել է, որը նշանակում է պատրաստվում է հրաժարական տալ...

Բայց ամենևին չես զարմանում, որովհետև ազգի գիտունն ասում է, թե հայերը 50 հազար տարի առաջ են ծագել, ու ողջ քաղաքակիրթ մարդկությունը հայերից է սերվել։

ՈՒղղակի անհասկանալի է, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ հայից սերված քաղաքակիրթ աշխարհը զարգացել է, իսկ հայության ստվար մասը 21-րդ դարում դեռևս մնացել է նախամարդու մակարդակին։

Պարոնայք պոռոտախոսներ, նախ բարեհաճեք ծառից իջնել, լայն չռված աչքերով նայել ձեր քերծերից այն կողմ գտնվող աշխարհին, գրքեր կարդացեք, լսեք ձեզնից բազմիցս խելացի ու զարգացած մարդկանց, նոր միայն քթներդ վեր ցցեք պլինտուսի տակից:

Է՜հ, բայց ու՞մ եմ ասում, երբ ինձնից բազմիցս խելացի պատմահայր Խորենացուց մինչև մեծն Թումանյանին դեռ կենդանության օրոք օր ու արև չեն տվել ճշմարտությունն ասելու, իրենց նման չլինելու ու իրենցից բազմիցս բարձր լինելու համար։

ՈՒ ավելի քան մեկևկես հազարմյակ առաջ գերեզմանից հանել էին Խորենացու ոսկորները և լցրել գետը։

Հայաստանում տգիտությունը միշտ էլ չար ու անողոք է եղել։ Այսօր դեռ քաղում ենք այդ տգիտության դառը պտուղները։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ