Ֆեյսբուքը բացում ես ու հոգեկանդ խախտվում է՝ գրեթե ամեն օր նույն պատկերն է. խոշտանգված շներ, պոկված ծնոտներ, տանջամահ արված ու դաժանաբար կեղեքված կենդանիներ։ Բայց եկեք վերջապես մի բան հստակ ֆիքսենք՝ սոցցանցերում հայհոյելով, անեծքներ թափելով ու սրտիկ-սմայլիկներով էմոցիաներ արտահայտելով այս հարցը չի լուծվելու։
Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում ու ցանկացած այլ քաղաքակիրթ երկրում էլ կան կենդանիներին չսիրող մարդիկ (այդ թվում՝ հենց մեր հայրենակիցները)։ Բայց այնտեղ նման վայրագություններ չես տեսնի։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այդ նույն մարդիկ հստակ գիտեն՝ կենդանու հանդեպ բռնությունը լուրջ քրեական հանցագործություն է, ու դրա հետևանքները կարող են իրենց ողջ կյանքը տակնուվրա անել։ Երբ օրենքը գործում է կոշտ, անխտիր ու բոլորի համար, անպատժելիության «բարդույթ» պարզապես չի ձևավորվում։
Մեզ մոտ հարցը միայն այլասերված ու դաժան անհատների գոյությունը չէ։ Իսկական խնդիրը պետական համակարգի անտարբերությունն է, օրենքի թերի կիրառումն ու վերահսկողության իսպառ բացակայությունը։ Հենց անպատժելիությունն է ծնում նոր բռնություն, նոր խոշտանգումներ ու նոր սպանություններ։
Ուստի, ժամանակն է հստակ պահանջ դնելու. Ոստիկանությունում պետք է ստեղծվի Կենդանիների պաշտպանության առանձին բաժանմունք։ Այնտեղ չպետք է աշխատեն պատահական, «գործից թռնող» մարդիկ։ Այդ բաժնում պետք է լինեն համապատասխան կրթություն ստացած, կենդանիների իրավունքներն ու բարեկեցությունը գիտակցող պրոֆեսիոնալներ։ Այսօր կենդանիների պաշտպանությունը մնացել է միայն մի բուռ կենդանասերների ուսերին, իսկ շատ իրավապահների համար սա զուտ «երկրորդական», ձանձրալի թեմա է։ Եթե հանրային կոշտ ճնշում ու վերահսկողություն չլինի, այս դեպքերը պարզապես կոծկվելու են ու անցնեն-գնան։
Կենդանիների նկատմամբ դաժանությունը «մանր-մունր հարց» չէ։ Դա հասարակության բարոյական առողջության, իրավապահ համակարգի աշխատունակության և պետության քաղաքակիրթ դեմքի գլխավոր ցուցիչն է։
Արթուր ՄԻԿՈՅԱՆ