Լուրջ ու ինքնավստահ պետականության կայունությունը, բարգավաճումը ու, վերջին հաշվով, ինքնիշխանություն-սուվերենիտետը հենվում են նրա տնտեսական, ռազմական ու քաղաքական հզորությունների ու համապատասխան ինքնիշխանությունների վրա:
Եվ այստեղ կարևոր է նաև այս սուվերենիտետների հաջորդականությունը, որի առաջին տեղում պետականության տնտեսական հիմքն է և որի վրա է միայն հնարավոր կառուցել ռազմական ինքնիշխանություն, ու այդ երկու սուվերենիտետներն էլ հենց երկրի քաղաքական սուվերենիտետի հիմքն են:
Թե չէ, ինչքան ուզում ես հայտարարություններ արա քո քաղաքական ինքնուրույնության մասին և եթե տնտեսական ու ռազմական ինքնուրույնություն չունես, քաղաքական սուվերենիտետի մասին հեքիաթները կեղծիք են:
Իսկ այս բոլոր հզորությունների տակ ընկած են կրթական, իրավական, գիտական, առողջապահական, մշակութային և այլ ինքնուրույն հզորությունները, որպես ցանկացած տեսակի սուվերենիտետի ընդհանուր հիմք:
Եվ այս բոլոր հզորությունների հարմոնիկ ու փոխկապակցված կառավարումը ցանկացած պետականության կառուցման գրավականն է:
Սա երկրի կամ պետականության հստակ կառավարման այբուբենն է, որի խախտումը, սխալի կամ դավաճանության տեսքով, կարող է հանգեցնել անվտանգության հետ կապված պրոբլեմների և իջեցնել մարդկանց կյանքի որակը:
Ուժային սկզբունքով կառուցված աշխարհում ավելի հզորները, պայմաններից կախված, տարբեր չափերով մասնակցում են իրենցից թույլերի կառավարմանը ևս, որն այնքան ավելի հասանելի է նրանց համար, ինչքան կառավարման ենթակա համեմատաբար թույլը ավելի է պառակտված:
Այստեղից էլ բոլոր հարաբերական ուժեղների ձգտումը առավելագույնս պառակտել հարաբերական թույլերին:
Եվ եթե հարաբերական թույլն էլ պառակտվածության ու ներքին անհամաձայնության հակում ունի, ապա արդյունքը թույլի համար կարող է լինել ողբալի:
Սրանում համոզվելու համար կարելի է պարզապես հետևել մեր խելացնորության աստիճանի պառակտված քաղաքական կյանքին կամ, ավելի շուտ, դրա իմիտացիային:
Պավել Բարսեղյան