Բոլորս նույն օդն ենք շնչում,
բոլորիս է շոյում արևն իր ջերմությամբ,
լույսն ամեն օր տալիս ողջույն,
չար ու բարի չեն հարցնում` օդ ու արև,
լույս ու երկինք,
և ծառայում են անտրտունջ,
որ իրենց պես բարի լինեն բոլոր մարդիկ,
անկողմնակա՜լ, անշա՜հ, ներո՜ղ...
Տիեզերքի բարությունն են մեզ շնորհում ամեն մի օր...
Եվ բնության մեջ ինչ էլ կա,
հարազա՛տ է` մեր մարմինը լինելու չափ`
քար ու ծաղիկ, պտուղ ու հող...
Մեր մեջ կան և կենդանիներ`
աղվես, առյուծ, իշուկ, սողուն կամ աղավնի,
և ում ընտրենք, սրտերը մեր
մի օր նրան կնմանվի:
Է՛հ, ո՞րն ընտրենք,
պա՛րզ է, բարի՛ն,
բայց ինչո՞ւ է չարին թեքված կեսն աշխարհի:
Լավն ասում ենք, վատը` անում,
ու ընկնելով փորձանքի մեջ`
հետո՞ ինչու ենք զարմանում:
Եկեք սիրե՛նք,
սե՛րն է ակունքն ամեն լավի,
եթե սիրենք`
ո՛չ մի արատ մեզ չի գերի...
Եկեք սիրե՛նք` ընկերոջը մեր անձի պես,
ասա ինչպե՞ս...
Նախ, ընկերդ նա է, ով որ
միշտ իրենը զոհում է քեզ,
ու... աննկատ,
և դու գիտես, որ գովասանք ստանալու համար չէ այդ...
Եկեք ո՛չ թե հանգիստ նստենք ու սպասենք այդպես մեկի հայտնվելուն,
այլ ինքներս լինենք այդպես,
և կլցվի մեր կյանքն անթիվ ընկերներով`
պարզասիրտ ու պայծառերես...
Ինչ որ բանով ավե՞լ ենք մենք մեկս մեկից`
այդպե՛ս էլ կա.
ամեն մի մարդ աշխարհ է մի
և երկուսին չենք էլ գտնի նույն տեսակի...
Ինձնից ինչով որ ավել ես` ե՛ս եմ պակաս,
և ինչով որ ե՛ս եմ ավել` պակաս ես դու,
և այն բանի համար է այս,
որ ինձ օգնես քո ավելով,
իմով` ես քեզ,
և բարության արդյունքն այստեղ`
Սե՛րն է, գիտե՞ս...
Սե՛րն է քնած հերոսը մեր,
բարի՛ լինենք, որ արթնանա:
Սե՛րն է քնած հերոսը մեր,
չկա՛ մի բան, որին կյանքում չհաղթի Նա:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ