Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմաքաղաքական խորհդանշական իմաստ: Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները, ըստ հերթականության, ցուցադրում էին իրենց հավատարմությունը աշխարհակալ Հռոմին: Հետագայում և մինչև այժմ այս ավանդույթը պահպանում է իր նշանակությունը: Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունները և զինվորական շքերթը Մոսկվայում այժմ ձեռք է բերել նաև գլոբալ աշխարհաքաղաքական իմաստ: Այն ի ցույց է դնում ներկա միջազգային կարգի համապատկերը: ԱՄՆ-ը և նրա դաշնակից պետությունների առաջնորդները Մոսկվայում չեն լինի: Արևմուտք բևեռը, չնայած ԱՄՆ-ԵՄ ներկա տարաձայնություներին և ԵՄ ներսում առկա ճաքերին (Հունգարիա, Սլովակիա), դեռ կարողանում է պահպանել միասնականությունը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող քաղաքականությամբ: Այս բևեռի ռազմատնտեսական պոտենցիալը ահռելի է, բայց բավարար չէ միաբևեռ աշխարհակարգը իրականություն դարձնելու համար: Ինչու՞: Հաղթանակի շքերթին, որպես բարեկամ և դաշնակից, Պուտինի կողքին կլինեն մոտ 30 պետությունների առաջնորդներ կամ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ամենակարևորը՝ այնտեղ կլինի Սի Ծինփինը: Իսկ, որ Չինաստանը աշխարհի կեսն է, բոլորս գիտենք: Գումարած՝ հետխորհրդային երկրներ, Վիետնամ, Հնդկաստան, Բրազիլիա, որը ևս խոսուն փաստարկ է: Մայիսի 9-ի շքերթը կարծես ապացուցում է «Եռակենտրոն աշխարհակարգ (Արևմուտք, Չինաստան, ՌԴ) իր ենթահամակարգերով» նախորդ գրառումներում առաջադրված թեզի հավանականությունը: Շքերթը նաև ապացուցում է, որ տապալվել են Ռուսաստանը մեծ տերությունների շարքից հանելու, մեկուսացնելու և մասնատելու արևմտյան ստրատեգների և հատկապես բայդենյան վարչակարգի քաղաքական առաջնահերթությունները:
Իհարկե նոր աշխարհակարգի հիմքը դրվում է Պեկինում կամ «բոլոր ճանապարհները տանում են Պեկին», որովհետև Չինաստանի չմասնակցելը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող դրակոնյան պատժամիջոցներին՝ դարձավ որոշիչ: Քաղաքական և քաղաքագիտական դիտանկյունից ՀՀ վարչապետի մասնակցությունը ճիշտ որոշում է, այն համապատասխանում է մեր երկրի տնտեսական և ռազմաքաղաքական շահերին: Քաղաքական դիրքորոշումները արժեքավոր են միայն այն դեպքում, երբ առկա է մերկ հաշվարկը և պրագմատիզմը: Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, դրանց տեղերը կարող են փոխվել, բայց հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք:
Առավոտյան ուղերձ՝ «ռուսական խորտակվող նավի» մասին հայեցակարգի հեղինակ հայ կարկառուն ռահվիրա փորձանքագետներին:
Գարիկ Քեռյան