«Բոլոր սլավոնական ժողովուրդների մեջ ամենահերոսականը սերբերն են»  
											 
													18.02.2020 | 12:30
						Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Սերբիայի պետականության օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր  Հայաստանում  Սերբիայի Հանրապետության  հյուպատոսությունը: Հնչեցին Սերբիայի և Հայաստանի հիմները: Բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն  Սիմոնյանը. «Այստեղ ներկա են  սերբեր և հայեր,  որոնք եկել են նշելու  Սերբիայի  Հանրապետության  օրը: Հայաստանը Սերբիայի հետ  դիվանագիտական  հարաբերություններ  է հաստատել  1994-ին, երբ  Սերբիան դեռ  Հարավսլավիայի  միութենական հանրապետության կազմում էր:  Սակայն մեր բարեկամությունը, իրականում, մոտ  800 տարվա պատմություն ունի:  11-րդ դարում  սերբ եպիսկոպոս  սուրբ Սավան  առաքելության նպատակով  այցելում է արևելքի  քրիստոնյա  երկրներ և   Սերբիա  է վերադառնում  Հայաստանով: Կիլիկյան Հայաստանում տեսնելով  մեր մշակութային արժեքները`  վանքեր, հուշարձաններ,  որոշում է Կիլիկիայի  հայ  շինարարներից մեկին ՝ Դանիելին,  հրավիրել Սերբիա,   որպեսզի վերջինս մասնակցի  հուշարձանների   կառուցմանը: Մեզ կապում են  նույն  ճակատագիրը, անցած ճանապարհը, ընդհանուր   թշնամուց կրած  տառապանքները: Սերբերը շատ լավ գիտեն , թե ինչ է նշանակում  1915 թ. ցեղասպանություն, իսկ հայերը`  սերբերից խլված  Կոսովո»:   
Հյուպատոսը նշեց, որ Սերբիա մուտք գործելու համար այլևս մուտքի արտոնագրեր հարկավոր չեն: 
2019-ի դեկտեմբերին  Հայաստանում պաշտոնապես բացվել է Սերբիայի Հանրապետության  դեսպանատունը: ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության  դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչն ասաց, որ 1804-ի այս օրը (փետրվարի 15)  սերբ ժողովուրդն արեց իր ընտրությունը՝ դեմ գնալով  Օսմանյան կայսրությանը և ընդունելով իր նոր սահմանադրությունը. «Ես հպարտ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Կարծում եմ, որ մեր բարեկամությունն ավելի կամրանա: Ավելորդ չէ հիշել, որ 1915-ից սկսած շատ հայեր իրենց հանգրվանն են գտել Սերբիայում: Ավելացնեմ նաև, որ դեսպանատունը լինելու է Վազգեն Սարգսյան  10 հասցեում»: 
 Միջոցառման ընթացքում հնչեցին սերբական բանաստեղծություններ հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև սերբ գրողների ստեղծագործությունները` նվիրված ՝ Հայաստանին: Ասմունքեցին Գայանե  Սամվելյանը, Աիդա Ասատուրյանը:
Հայաստանի գիտությունների  ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր   Աելիտա Դոլուխանյանն ասաց, որ իր համար ուղեցույց է Հովհաննես  Թումանյանը: Սերբական էպոսի իր  թարգմանությանը կից հոդվածում Թումանյանը նշել է, որ բոլոր սլավոնական ժողովուրդների մեջ ամենահերոսականը սերբերն են:  
Երաժշտության տեսաբան Ալինա Փահլևանյանն  էլ հավելեց, որ սերբ և հայ ժողովրդների երաժշտական մտածողությունը շատ նման է, մեղեդիների զգալի մասը մինոր ձայնակարգում է:  Վերջում  ԵՊՀ  աստվածաբանության ֆակուլտետի սերբ ուսանողներից մեկը հրաշալի հայերենով ներկայացրեց Սերբիայի ազատագրման պատմությունը: 
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
							Լուսանկարներ
							
												
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ