Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, ոչ թե աշխարհի քսան կամ երեսուն երկիր»

«Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, ոչ թե աշխարհի քսան կամ երեսուն երկիր»
12.09.2014 | 00:20

«Աստղագետները, ինչպես միշտ, շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել անկախ պայմաններից, դժվարություններից: Առաջիկայում ունենք մի շարք միջոցառումներ»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
Սեպտեմբերի 17-ին կհանձնվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: Հոկտեմբերին երեք միջոցառում է նախատեսվում. մեկը աննախադեպ թեմայով գիտաժողով է` նվիրված աստղագիտության և մյուս բոլոր գիտությունների և մշակույթի տարբեր ոլորտների կապին: Հնարավոր է, համագործակցություն հաստատվի տարբեր գիտնականների միջև: Այնուհետև դպրոցներում նախատեսվում են պրոֆեսիոնալ աստղագետների դասախոսություններ: Երրորդը նոր գաղափար է. առաջին անգամ կկազմակերպվի բյուրականյան գիտաճամբար:
Գիտաճամբարի կազմակերպիչ ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ փոխանցմամբ` ճամբարը նախատեսված է 12-15 տարեկան շնորհալի պատանիների ու պարմանուհիների համար: Ընտրվելու է 25-30 մասնակից Հայաստանից ու սփյուռքից: Ճամբարը կանցկացվի աշնանային արձակուրդներին: Արեգ Միքայելյանը հավելեց, որ մինչ այդ ամառային դպրոցներ են կազմակերպել բարձր դասարանների աշակետների համար. «Գիտաճամբարը Սոնայի գաղափարն էր, որ մինչ այդ պետք է հետաքրքրություն առաջացնել, իսկ նրանց, ովքեր ընտրել են մասնագիտությունը, պրոֆեսիոնալ ձևով օժանդակել, առաջ տանել: Բացի այդ, կա համաշխարհային միտում` նախադպրոցական տարիքից երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել տիեզերքի նկատմամբ, ինչը աշխարհայացք է ձևավորում: Բոլորը գիտնական չեն դառնալու, մեր խնդիրն է երեխաների մոտեցումներում գիտելիքի նկատմամբ հարգանք առաջացնել»:
Զրույցը տեղափոխելով քաղաքական հարթություն` Արեգ Միքայելյանն անդրադարձավ ցեղասպանության խնդրին: Նրա խոսքով` մեր գիտնականները, մասնավորապես պատմաբանները, պետք է պայքարեն հիմնավոր քայլերով, մեր ունեցած գիտական գրականությունը թարգմանեն անգլերեն և չխուսափեն թուրք պատմաբանների հետ գիտաժողովների մասնակցելուց. «Նրանք պատրաստ են: Հատուկ խորամանկ քաղաքականություն են վարում և ուզում են գիտաժողովների ժամանակ ուրիշ ուղղությամբ շեղել քննարկումը: Պետք է ապացուցես ճշմարտությունը: Նրանք մասսայական ձևով իրենց քարոզչությունը տարածում են աշխարհով մեկ, և եթե օտարերկրացին միայն դա է լսում, կարդում, ստիպված նրանց կհավատա»:
Աստղագետի համոզմամբ` խնդիրը միայն քաղաքական չէ, կարևոր են մտավորականների, հատկապես առաջադեմ երիտասարդների հետ շփումը, երկխոսությունը: «Ի վերջո, գլխավորն այն է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ոչ թե աշխարհի քսան կամ երեսուն երկիր»,- նշեց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ