Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լավ մոռացված հին ստատուս, որ ամենանորն է

Լավ մոռացված հին ստատուս, որ ամենանորն է
29.04.2025 | 21:00

Մի հիվանդություն կար, ժամանակին շատ տարածված էր: Գուցե հիմա էլ կա, բայց ձեն-ձունն ինչ-որ չի լսվում, համենայն դեպս, իմ ականջին չի հասել: ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ էր կոչվում: Հիվանդանում էին միայն երևանցիները (գոնե ես այդպես եմ մտածել), ախտանիշներից էլ սատանան գլուխ չէր հանի, ուր մնաց՝ բժիշկները: Ասում էին՝ շատ յազվա հիվանդություն է, որ կպավ, էլ պոկ չի գալիս, կա՛մ Երևանը պիտի լքես, կա՛մ մնաս ու շարունակես տառապել:

Ինչ կապ ունի երևանյան հիվանդությունը ֆեյսբուքյան մեր էս երեկոյի հե՞տ: Գոնե իմ կարծիքով՝ շատ անմիջական կապ: Բացատրեմ: Եթե երևանցիների զրո ամբողջ-չգիտեմքանիհարյուրերորդական տոկոսը կարող էր վարակվել այդ հիվանդությամբ, ինչո՞ւ ֆեյսբուքցիների մի մասն էլ չի կարող դառնալ բժշկագիտությանը դեռևս անհայտ մի վարակի բացիլակիր, ինչն առանց վարանելու կարող ենք անվանել ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Տեսա՞ք, որ կապ կա: Անկեղծ ասեմ՝ ես որ այդ կապը ոչ միայն տեսնում, այլև շոշափելիորեն զգում եմ սեփական մաշկիս վրա, որպես վիրտուալ այս տարածքից սերված հալալ-զուլալ ֆեյսբուքցի:

Հիմա ընկերներս կասեն՝ էս Լիլին մնաց-մնաց, էլի մի բան բստրեց: Չէ, ազնիվ խոսք, երանի բստրած լինեի: Իրոք կա էդ հիվանդությունը և հենց ֆեյսբուքյան էլ կոչվում է: Ընդ որում, որքան հասցրել եմ նկատել, շա՜տ տարօրինակ ու բազմաշերտ, երբեմն՝ մակերեսային, հաճախ էլ կարգին խորացած դրսևորումներ ունի: Այ, եթե իմոնք էլ հիմա մի պահ կենտրոնանան ու շա՜տ հպանցիկ մի զննումով հետաքննեն իրենց ներսերը, միանգամից կհայտնաբերեն, որ իրենք էլ են դարձել այդ հիվանդության կրողը, չի բացառվում՝ անբուժելիորեն: Ընդամենը դրսևորումներն են տարբեր, դե, դա էլ արդեն խիստ անհատական երևույթ է և սերտորեն շաղկապված է յուրաքանչյուրիս հոգեբանական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ:

Լավ, առանց էդ էլ գլուխներդ տարա: Էս բժշկաֆեյսբուքագիտական տրակտատս ավարտեմ իմ դրսևորումներից ամենատարօրինակի մասին «ծակվելով»: Վերջերս սկսել եմ երազիս մեջ... ստատուսներ գրել: Ընդ որում, շատ հանճարեղ ստատուսներ, համարյա Կաֆկայի ոճով, բայց առավոտյան, թարսի պես, դրել ես- արի տար, ոչինչ չեմ հիշում: Իբր սա քիչ է, դեռ նամակներ էլ եմ ստանում՝ չատով: Խոստովանեմ, էլի՛ հանճարեղագույն, գրեթե՝ Բրեխտ: Ավա՜ղ, դրանց հետքն էլ չի մնում արթնանալուց հետո:

Բա՞, իմոնք ջան, այ սենց աննորմալ բաներ:

Հիմա ո՞նց չասեմ՝ անիծվեր էն օրը, երբ ես նստեցի ֆեյսբուք կոչվող էս փոշեծծչի ղեկին:

29.04.2016

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 5061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ