Թուրքական տնտեսությունը ահռելի է իր ծավալներով և առանձին ապրանքային շուկաներում մերձավոր արևելյան տնտեսական տարածքում մեր հարևանն ունի բավականին բարձր ցուցանիշներ և համեմատական առավելություններ:
Մինչդեռ Հայաստանի ներկայացվածության մակարդակը դեռ համեստ է, կարելի է ասել աննշան: Այսպես, հետևյալ խմբերում թուրքական առավելությունը շատ նշանակալի է.
- միս և մսի ենթամթերքներ,
- կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր և այլն,
- կենդանական ծագման սննդամթերք,
- ալրաղացային-ձավարեղենային արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին,
- ցորենից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված ապրանք, ալյուրից պատրաստված հրուշակեղեն,
- գորգեր և այլ տեքստիլ ծածկոցներ,
- չուգուն և պողպատ, երկաթի կամ պողպատի արտադրանք,
- կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակների
տակդիրներ, բարձեր և նմանատիպ փափուկ կահույք:
Անկասկած է, որ որ բաց սահմանի առկայության պարագայում Թուրքիան պատրաստ է լինելու այս ապրանքախմբերն արտահանել
Հայաստան, ինչը կարող է դժվար կացության մեջ դնել տեղական արտադրողներին, որոնց զգալի մասն էլ աշխատում է հենց թուրքիայից ներմուծվող հումքով, որի արդյունքում հարաբերականորեն ավելի թանկ ինքնարժեք է գոյանալու նույնատիպ ապրանքների արտահանման պարագայում:
Թուրքիայի և Հայաստանի տնտեսությունները ծավալային առումով անհամեմատելի են, ինչը ենթադրում է, որ թուրքական տնտեսության յուրաքանչյուր ճյուղի արտահանման և ներմուծման աշխարհագրությունը շատ
ավելի լայն է, որի գնահատված արդյունքով պետք է արձանագրել, որ
սահմանի վերագործարկման ազդեցությունն առավել մեծ է լինելու ոչ թե թուրքական
տնտեսության, այլ Հայաստանի վրա:
Հայաստանի համար Թուրքիայի հետ սահմանի բացումը հնարավորություն է նոր շուկաների հասանելիության տեսանկյունից, ինչը տնտեսության արտադրական ճյուղերի զարգացման որոշակի խթան կարող է դառնալ: Բայց այսպիսի սցենարով առավել անպաշտպան են դառնում հայ արտադրողները, որոնք
կարող են չդիմանալ ներկրվող թուրքական էժան ապրանքների մրցակցությանը:
Իհարկե Թուրքիայի հետ բաց սահմանը հնարավորություն է հայ արտադրողների համար մուտք գործելու արևելյան եվրոպայի շուկաներ՝ նվազեցնելով արտահանվող ապրանքների ինքնարժեքը:
Հայաստանը կունենա Թուրքիայի տարածքով դեպի Միջերկրական և Սև
ծովեր դուրս գալու հնարավորություն, այդ թվում` կարող է Թուրքիա արտահանել որոշ ապրանքատեսակներ:
Խնդիրն այն է, որ նույնիսկ
արտահանման ենթակա և մրցունակ ապրանքների առկայության պարագայում միայն սահմանի բացումը դեռևս բավարար չէ, եթե Թուրքիան չի
հրաժարվում ՀՀ-ի նկատմամբ ԱՀԿ կանոններն ու սկզբունքները չկիրառելու
վերապահումից, ինչը ենթադրում է, որ Հայաստանի նկատմամբ չի կիրառվելու «առավել բարենպաստ առևտրի սկզբունքը», այսինքն՝ Թուրքիան ազատ
է ՀՀ ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառելու կամայական պրոտեկցիոնիստական մաքսատուրքեր: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնելու հայկական ծագման ապրանքների ներմուծման
նկատմամբ Թուրքիայի որդեգրած ներքին սակագնային քաղաքականությունը, որից մեծապես կախված կլինի Հայաստանից Թուրքիա արտահանման նպատակահարմարությունը:
Այլ կերպ ասած` նույնիսկ սահմանների բացման դեպքում Թուրքիան
հնարավորություն ունի բարձր մաքսատուրքերի կամ ոչ սակագնային կարգավորման մեթոդների սահմանմամբ ոչ շահավետ դարձնել Հայաստանից
արտահանումը Թուրքիա:
Այնպես որ նույնիսկ արտաքուստ բարի կամեցողության շղարշի տակ, պետք է հիշել, որ թուրքական պետությունը հայկական էթնոսի իրական և պատմական թշնամին է, դրանից բխող բոլոր ռիսկերով և վտանգներով:
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ