Զարմանալին այն չէ, որ Ալեն Սիմոնյանն ու մյուս փաշինյանական գործիչները անպատասխանատու հայտարարություններով գրեթե բացահայտորեն խրախուսում են թուրքական և ադրբեջանական ներթափանցումը Հայաստան։ Զարմանալի ու մտահոգիչ է այլ բան՝ որ մինչ օրս դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր անկեղծորեն զարմանում են այդ հայտարարությունների վրա՝ կարծես գործ ունենք ինքնիշխան քաղաքականություն վարող իշխանության հետ։ Բայց ի՞նչ պետք է անի գաղութացված պետության դրածո ղեկավարությունը, եթե ոչ սիրո, երախտագիտության, հարգանքի և ակնածանքի տուրք մատուցի իրեն իշխանության բերած ուժերին, ինչպես նաև դրանց կողմից իր վրա կարգված «պետերին»՝ Ալիևին և Էրդողանին։
Հայաստանի ներկայիս գաղափարական, տնտեսական և վերնախավային գաղութացումը վաղ թե ուշ պիտի դրսևորվեր նաև պետական կառավարման համակարգում՝ վարակելով այն մինչև վերջին բջիջը։ Գաղութացումը թելադրում է գերատեսչական քաղաքականության թե՛ բովանդակությունը, թե՛ ուղղվածությունը։ Գաղութացված վարչակարգերն այս առումով ունեն հստակ գործառույթներ, որոնցով անխուսափելիորեն ծառայում են իրենցից վեր կանգնած կայսերական կենտրոնին։
Դրանց թվում են՝
-այդ կենտրոնի աշխարհաքաղաքական շահերի սպասարկումը՝ սեփական ժողովրդի շահերի հաշվին,
- հասարակական գիտակցության համակարգված ձևախեղումը՝ օտար արժեքների քարոզով և ազգային ինքնության պառակտմամբ,
- տնտեսական կառուցվածքի «վերաձևումը»՝ ռեսուրսային արտահանումն առավելագույնս կենտրոնին ենթարկեցնելու նպատակով,
- ենթակա, վերահսկելի և կախյալ տեղական էլիտաների ձևավորումը՝ հավատարմության սկզբունքով,
-և, ի վերջո, ցանկացած դիմադրության կանխարգելումը՝ պատժիչ մեխանիզմների, հոգեբանական ճնշման ու շարունակական քարոզչական սարսափեցման միջոցով։
Այս ամենի համատեքստում Հայաստանի ներկա իշխանությունների պահվածքը ոչ թե քաղաքական սխալների, այլ կառուցակարգային կարգավիճակի դրսևորում է։ Նրանք գործում են ոչ թե իբրև ինքնիշխան իշխանություն, այլ իբրև արդի գաղութային վարչակարգի դասական ներկայացուցիչներ՝ բոլոր ախտանիշներով։
Բոլոր գաղութային վարչակարգերը, ի վերջո, կործանվում են՝ դա պատմության անխախտ օրինաչափությունն է։ Հարցն այն է, թե մենք կկարողանա՞նք մինչ այդ պահել ու պահպանել Հայաստանը։ Երկիրը փրկելու ժամանակը սահմանափակ է։
Արմեն Այվազյան