Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հանցավոր լռությունը խախտվեց

Հանցավոր լռությունը խախտվեց
19.04.2016 | 17:19

Այն, որ ռուսաստանաբնակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործը հստակ քաղաքական դրդապատճառ ունի, ակնհայտ էր հենց սկզբից: Շատերը կարծում են, որ հայ բարերարի դեմ իրականացված հետապնդումը կյանքի է կոչվել Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի արդյունքում:

Հիասթափեցնող էին, սակայն, Հայաստանի, մասնավորապես Արցախի համար խոշոր ներդրում կատարած այս անձի կալանավորման հենց սկզբից Հայաստանի իշխանական վերնախավի «լուռ» արձագանքը, անտարբերությունը, երբեմն էլ հատուկենտ խուսափողական տեսակետները: Հասարակական արձագանքն էլ, մեղմ ասած, հուսադրող չէր: Այսօր կարծես ամեն ինչ այլ երանգ է ստացել: Քառօրյա պատերազմը ոչ միայն արտաքին դասեր է փորձում մեզ «սովորեցնել», այլև ներքին: Շատ դիրքորոշումներ, գործողություններ վերանայելու կարիք կա, այլապես կորուստները գնալով լայնամասշտաբ կդառնան:


Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանն օրերս առողջական լուրջ խնդիրներ ունեցող Լևոն Հայրապետյանին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:
Այսօր «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պաստառներով, Արցախի դրոշներով բողոքի երթ է կազմակերպվել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, ավելին` նրանք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ՌԴ դեսպանատանը նամակ հանձնեցին:

Հայաստանի պետական կառույցից ցույցի մասնակիցները պահանջում են ռուս գործընկերների հետ տարբեր խողովակներով համագործակցել և հասնել հայազգի բարերարին ազատ արձակելու որոշմանը: Իսկ ՌԴ դեսպանատնից ցուցարարները պահանջում են հարցի առնչությամբ օբյեկտիվություն, գործի վերանայում և Լևոն Հայրապետյանի ազատ արձակում:
Թերևս սա ողջ հայ հասարակության ուշացած «զղջման» նոտան է, որը, հույս ունենանք, արդյունք կտա: Իսկ վերնախավի անտարբեր վերաբերմունքը ոչ մի արդարացում չունի: Հայաստանի ու Արցախի կողքին կանգնած հայ բարերարի հանդեպ հոգատարություն ու աջակցություն պետք է ցուցաբերվեր հենց առաջին օրից, ոչ թե երբ քաղաքական նպատակահարմարությունն է դա թելադրում: Ի վերջո, նաև ազգային արժանապատվության խնդիր կա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ