Այո՜, հասունացել է պահը, Հրազդանի կիրճում անհրաժեշտ է անվանափոխություն կատարել. գետի ձախ ափին դիրքավորված «Վենեցիա» ռեստորանը այսուհետև կոչել «Նոր Բաբելոն»։ Ինչո՞ւ, հարցրեք Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի, Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի և Բլուր թաղամասի բնակչությանը, հարցրեք և նրանք կպատասխանեն ձեզ, որ ցանկացած զվարճավայրի (սույն պարագայում՝ «Վենեցիա» ռեստորանի) անվանումն ու գործը պիտի համահունչ լինեն։ Այսպիսով, «Վենեցիա», այսինքն` Վենետիկ, այսինքն` չնաշխարհիկ գոնդոլներ, տիկնայք կրքոտ և նրբագեղ, կոթողներ հինավուրց և գեղակերտ և, անշուշտ, մեղեդիներ, երգեր, օրհներգեր ի փառաբանում լուրթ երկնքի և կապտակոհակ ծովի։ Սակայն «Վենեցիան» Հրազդանի կիրճում բաբելոնյան խառնաշփոթի խառնարան է, յուրաքանչյուր օրն այստեղ ավարտվում է դղրդուն հրթիռակոծությամբ, ծնունդ են նշում, բարեհաջող գործարք, հարսանիք և այլն։ Եվ նշանավորում են անձնական հաջողությունը հանրային անհաջողությամբ։
Վերջերս ուշագրավ, երկար սպասված հայտարարությամբ հանդես եկավ Մարաշի ոստիկանությունը, կանխելով Այգեստանի ոմն բնակչի հրթիռակոծությունը սեփական բակում, սեփական ծննդյան օրվա առիթով։ Վերջինս ուղեկցվեց ոստիկանության բաժանմունք, ենթարկվեց վարչական տույժի, այսինքն՝ տուգանվեց 100 հազար դրամով, հրավառության պարագաներն առգրավվեցին։ Այս պատմության մեջ հուզիչ էր հետևյալը. ոստիկանությունն անվարան հայտարարեց, որ անհանդուրժող է լինելու հանրային համակեցության նորմերը խախտողների հանդեպ և նրանց պատժելու է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով։
Բայց այստեղ մի նրբախաղ կա. ՀՀ կառավարության որոշմամբ հրավառությունները «ընդունելի են» մինչև 23.00-ն։ 23.01-ից սկսած դրանց կազմակերպիչները ենթակա են տուգանքի։ Մի կողմ թողնենք այն, որ կառավարության որոշումը մեծ խանդավառությամբ շրջանցում են առանձին զվարճավայրեր և անհատ քաղաքացիներ։ Էականն այստեղ համակեցության չափորոշիչներն են, որոնք չի կարելի խախտել ոչ վաղ առավոտյան, ոչ օրը ցերեկով, ոչ էլ կեսգիշերից առաջ և կեսգիշերից հետո։
Այնպես որ, կանաչ ճանապարհ ձեզ, Արաբկիրի ոստիկաններ, օրենքը ձեզ ապավեն, իմ գրիչն էլ՝ ձեզ խոնարհ ծառա։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Թերևս տեղեկացնենք մեր ընթերցողին, որ նշյալ զվարճավայրի իրական սեփականատերը (ըստ համառ շշուկների) Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է, ով «Արգիշտի-1»-ում գահակալելով անբռնազբոս, քիչ էլ թախծոտ հայտարարեց իր քաղաքապետական ըմբռնումը. քաղաքը սիրում է մի առանձին «դրայվով»։ Եվ, խնդրեմ, նա պաշտոնավարում է Ռուսիո մայրաքաղաքում, բայց հեռակա «դրայվում» է հայոց քաղաքամայրը։