ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի օրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է 109 մլն դոլար:
Միավորված ազգերի կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվություն Սիրիայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ: Նրա կարծիքով, ռազմական հակամարտությունը, որն այս երկրում սկսվել է 2011 թ., գրեթե 40 տարով հետ է մղել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը: «Եթե ճգնաժամը շարունակվի, ապա տարեցտարի Սիրիան կվերադառնա ութ տարի առաջվա տնտեսական վիճակին»,- նշվում է փաստաթղթում: Բացի այդ, 42 տոկոսով աճել է գործազրկությունը աշխատունակ բնակչության շրջանում: Դպրոցականների և ուսանողների 38 տոկոսը ստիպված դադարեցրել է ուսումն ու վերապատրաստումը: «Սիրիայում ճգնաժամի շարունակությունը հանգեցնում է նրան, որ յուրաքանչյուր ամիս մահանում է 6000 մարդ, ամեն ժամ 300 մարդ մնում է անտուն: Դրան գումարած` 10 հազար սիրիացի էլ ամեն շաբաթ աշխատանքն է կորցնում»,-ասվում է զեկույցում:
Նշենք, այս օրերին Մոնտրեյում, երկար տարիների պատերազմից հետո առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ փորձում են «լեզու գտնել» Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները:
Թեև շատերը թերահավատորեն էին վերաբերվում այդ երկու կողմերի հանդիպմանը, անգամ համոզմունք էին հայտնել, որ կողմերը ոչ միայն երկխոսություն վարելու համաձայնության չեն գա, այլև չեն մեկնի Շվեյցարիա, սակայն, արդյունքում, նրանցից յուրաքանչյուրն իր հերթին ցանկություն հայտնեց մասնակցելու և երկրի վիճակի լուծման որևէ տարբերակ գտնելու: Ի դեպ, երեկ կայացած խաղաղության կոնֆերանսը, որը տևել է մոտ 30 րոպե, այնքան էլ խաղաղ չի եղել. այն նշանավորվել է իսկական խոսքի «պատերազմով», մեղադրանքներով և կատեգորիկ պահանջներով:
Եվ, չնայած ընդլայնված նիստում բորբոքվել են կրքերը, այնուամենայնիվ, փորձագետները հուսադրում են, որ փակ դռների ետևում ընթացող հանդիպումը անհաշտ մրցակիցների համար կլինի «կառուցողական զրույց»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ