Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը դրսում կհայտնվի, որովհետև դա է պահանջում ՀՀ օրենքը

Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը դրսում կհայտնվի, որովհետև դա է պահանջում ՀՀ օրենքը
26.01.2014 | 16:57

Օրեր առաջ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Պետությունը հետ է վերցնում անօթևան ընտանիքին հատկացված բնակարանը» վերնագրով մի հրապարակում ներկայացրեց, որում, մասնավորապես, նշված էր, որ Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակվող Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը կանգնած է բնակարանը կորցնելու վտանգի առաջ: Այս թաղամասում գտնվող մեկսենյականոց բնակարանում տիկին Հասմիկը չորս տարի շարունակ բնակվել է շահառու ճանաչվող իր մոր հետ: 2010 թվականին Նազարեթյանի ընտանիքը քանդել է իր ժամանակավոր կացարանը և տեղափոխվել իր նոր բնակարանը: Հասմիկի մայրը մահվանից առաջ չի հասցրել գոնե սեփականաշնորհել այն: Մոտ ժամանակներս այդ ընտանիքը կհայտնվի դրսում, որովհետև ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետ է պահանջում հատկացված բնակարանը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Հ. Նազարեթյանին դատի է տվել, որը կայանալու է մոտավորապես 10 օրից: Պարոն Թումասյանի խոսքով, նախարարությունն ամենայն հավանականությամբ դատը կշահի և կպարտադրի կնոջը ազատել բնակարանը:
Ըստ ՀԿ-ի ղեկավարի, աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման բացթողումներից մեկն այն է, որ բնակարան ստացած ընտանիքի շահառու ճանաչված անդամի մահից հետո, եթե վերջինս մինչև մահանալը չի հասցրել սեփականաշնորհել բնակարանը, պետությունը հետ է վերցնում տվյալ ընտանիքին հատկացված բնակարանը:
Մեր հարցին, թե դատը չհաշելու դեպքում ինչ է սպասվում այդ կնոջը և ուր է գնալու նա իր թոռան և նրա երեխայի հետ, Վ. Թումասյանը դժվարացավ պատասխանել:
Տեղեկացանք, որ Հասմիկ Նազարեթյանը միակը չէ, ով հայտնվել է նման իրավիճակում: «Նման իրավիճակում են հայտնվել նաև նախորդ տարիներին Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած մի շարք ընտանիքներ»,-հավելեց զրուցակիցս:
Նշենք` այս պահին Գյումրիում մոտ 4200 ընտանիք ապրում է վագոն-տնակներում և կիսաքանդ շենքերում, նախատեսված է, որ մինչև այս տարվա վերջ նրանցից բնակարանային փոխհատուցում կստանան 430-ը, մնացածների ճակատագիրը անհայտ է: Նախորդ տարի, Վ. Թումասյանի փոխանցմամբ, անօթևանների համար Գյումրիում ոչ մի բնակարան չի կառուցվել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ